Ուզում է վերահսկել իշխանությանը

Ուզում է վերահսկել իշխանությանը
"Ժառանգության" վարչության նորընտիր քարտուղար, սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանն ասում է, որ ժողովուրդը պետք է որոշի՝ ով է ընդդիմության միասնական թեկնածուն, ուստի առաջարկում է սոցհարցում անցկացնել եւ պարզել դա:



- Տիկին Հակոբյան, "Ժառանգության" նորընտիր փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն արդեն իսկ հայտարարել է, որ պետք է համագործակցել նաեւ իշխանության հետ: Դուք է՞լ եք այդ կարծիքին:



- Իմ դիրքորոշումը շատ հստակ է: Պետք է համագործակցել ընդդիմության հետ, իսկ իշխանությանը պետք է վերահսկել: Ընդդիմության միսիան վերահսկողությունն է: Մեր քաղաքական դաշտում այդ բացը կա, եւ դրա համար է այս դաշտն այդքան երերուն եւ դեռեւս չձեւավորված: Այդ հավասարակշռությունը խախտված է: Ինչ վերաբերում է համագործակցությանը, միայն մի որոտում ես համագործակցության եզր տեսնում եմ: Դա արտաքին քաղաքականությունն է՝ հայ-թուրքական հարաբերություններ, արցախյան հիմնախնդիր: Ես համոզված եմ, որ կոալիցիան Հայաստանի համար շատ վնասակար է եղել՝ 2003 թ.-ից մինչեւ այսօր: Նախ՝ քաղաքական դաշտում հավասարակշռությունը խախտվեց՝ իշխանությունն ուժեղացավ, ընդդիմությունը թուլացավ, եւ առեւտուր մտավ, կոռուպցիան մտավ կոալիցիոն իմաստով: Արդեն ոչ միայն ֆինանսը, այլեւ ոլորտները դարձան կոռուպցիայի ու առեւտրի առարկա: Ազգային անվտանգության, արցախյան, ինքնության պահպանման խնդիրները միայն իշխանության որոշելիք խնդիրը լինել չեն կարող: Այստեղ հնարավոր է համագործակցություն: Այլ համագործակցություն իշխանության հետ անհնար է: Ընդդիմությունը պետք է վերահսկի, սակայն դրա համար էլ պետք է ունենա լծակներ, որը չունի:



- Ձեր ընտրությունը "Ժառանգության" վարչության քարտուղարի պաշտոնում արդյոք նշանակո՞ւմ է, որ ծրագիր ունեք խորհրդարան մտնելու:



- Գիտեք, բոլոր այդ ծրագրերն ընդամենը միջոց են: Կուսակցությունն այսօր եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս շատ ակտիվ է, եւ ես ուզում եմ իմ հնարավորությունների սահմաններում կուսակցության մեջ լինել օգտակար:



- Դուք բավական կարճ ժամանակում դարձաք վարչության անդամ եւ քարտուղար, այն դեպքում, երբ քիչ չէին հին անդամները: Ձեզ համար դա արտառոց չէ՞:



- Ինձ համար անակնկալ էր: Ես հոգեբանորեն պատրաստ էի վարչության անդամ լինելուն, եւ ինձ ասվել էր, որ թեկնածությունս լինելու է: Ընդհանրապես Րաֆֆի Հովհաննիսյանը սիրում է մարդկանց ասպարեզ տալ եւ փորձել: Եթե գիտեք՝ նախորդ վարչության մեջ էլ եղան այդպիսի դեպքեր՝ նոր դեմքեր, եւ որքան ակտիվ քաղաքական գործիչներ դարձան իրենք: Կարծում եմ՝ դա բնորոշ է Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ ես դա կարեւորում եմ ոչ թե իմ առնչությամբ, այլ ընդհանրապես: Ինձ համար անակնկալ էր: Ես իսկապես պատրաստ չէի եւ շատ մեծ տարբերություն չեմ տեսնում, ուղղակի մի քիչ պարտականություններն ավելի են լինելու, բայց ես էլ վարչության մեջ ունեմ մեկ ձայն, ինչպես բոլոր մյուսները: Շատ էական տարբերություն չկա, բացի այն, որ կազմակերպչական բնույթի պարտականություններն ավելի շատ են լինելու:



- Համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ընդդիմության միասնական թեկնածուի մասին, անգամ ասաց, որ լավ կլինի դա կին լինի: Ձեր կարծիքով այսօր ո՞վ կարող է լինել ընդդիմության միասնական թեկնածուն:



- Ժամանակը ցույց կտա, իհարկե, ես կողմնակից եմ, որ դա չլինի արհեստական: Շատ հեշտ է իրական սոցհարցում անել, ընդդիմությունն ինքն անի եւ պարզի, թե ժողովուրդը ում ամենից շատ ձայն կտա: Ում ամենից շատ ձայն կտա, նա էլ թող լինի ընդդիմության միասնական թեկնածուն: Եթե այդ հարցումներից կպարզվի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է, թող լինի Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե կպարզվի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ուրեմն թող լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: ...Իհարկե, "Ժառանգությունը" պետք է սատարի այդ թեկնածուին:



- Սակայն նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ մենք պետք է դուրս գանք 3 նախագահների եռանկյունուց:



- Դա Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունն է: Շատ ցանկալի կլինի, բայց ժողովուրդն է որոշողը: Եթե պարզվի, որ ժողովուրդը վստահում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ուրեմն պետք է լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե ժողովուրդը վստահում է Րաֆֆի Հովհաննիսյանին, պետք է լինի Րաֆֆի Հովհաննիսյանը: