Արմենականն էլ հետաքրքիր չէ՞ իշխանությանը

Արմենականն էլ հետաքրքիր չէ՞ իշխանությանը
Մեկ տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի ջանքերով ստեղծված Արմենական ՌԱԿ կուսակցությունն այլեւս չի ոգեւորում ՀՀ իշխանությանը: Շաբաթ օրը արմենականների համագումարին ուղերձներ չեղան ՀՀ իշխանության կողմից, ՀՀԿ-ականներ ու ԲՀԿ-ականներ նույնպես չկային, թեեւ հրավիրված էին: Կոալիցիայից ներկա էր միայն ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: Մինչդեռ անցած հոկտեմբերին նորաստեղծ կուսակցության հավաքին ողջույնի նամակ էր հղել Սերժ Սարգսյանը, ու ներկա էին գտնվել նաեւ որոշ կուսակցությունների ղեկավարներ:



Արմենականի ստեղծման պատմությունն ուշագրավ է: Այն հիմնականում ստեղծվեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ֆոնին ավանդական կուսակցությունների՝ տվյալ դեպքում սփյուռքում մեծ ներուժ ունեցող Ռամկավար-ազատական կուսակցության հակազդեցությունը թուլացնելու համար: Դա է թերեւս պատճառը, որ նույն սփյուռքում ՌԱԿ-ը Դաշնակցության ու ՍԴՀԿ-ի հետ դեմ դուրս եկավ արձանագրություններին, իսկ Արմենական դարձած ՌԱԿ-ականները սատարեցին Սերժ Սարգսյանին: 2009-ի հունվարին Տիգրան Սարգսյանը, հանդիպելով ՌԱԿ ատենապետ Մայք Խարապյանի հետ, ասաց, որ այդ կուսակցությունը գանձ է, սակայն ինքը կցանկանար, որ նրա փոխարեն կուսակցությունն այլ մարդ ղեկավարեր: Խարապյանը չհամաձայնեց: Դրանից մի քանի ամիս անց  ստեղծվեց Արմենական-ՌԱԿ կուսակցությունը: Այսօր, հայ-թուրքական գործընթացի սառեցումից հետո, Արմենականն այլեւս իշխանության հետաքրքրության տիրույթում չէ:



Արմենական-ՌԱԿ-ի համագումարն անցավ "քիփլիկ" ֆորմատով՝ մի 70 հոգով: Միեւնույն ժամանակ կուսակցությունն ուզում է "կենտրոնանալ" ու 2012-ին մուտք գործել ԱԺ: Կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը համագումարի իր ելույթում ցավով հիշատակեց սփյուռքում Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը պաշտպանելուն ուղղված իրենց չգնահատված ջանքերը: "Հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ամենաբուռն օրերին, երբ նախագահը ձեռնարկում էր իր համահայկական ուղեւորությունը, եւ ՀՅԴ-ն նրան որոշ վայրերում դիմավորում էր ստահակների ամոթալի արարքներով, մեր ներկայացուցիչները հատկապես Բեյրութում ու Նյու Յորքում դրսեւորեցին իրենց հարգալից վերաբերմունքը եւ սատարեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը",- Արմենականի հերոսական արարքը հիշեցրեց Ավետիքյանը՝ միեւնույն ժամանակ ափսոսանք հայտնելով. "Ափսոս, սակայն, որ ռամկավարների նման կեցվածքն ըստ արժանվույն չգնահատվեց մեր իշխանությունների կողմից": Ըստ այդմ՝ Հակոբ Ավետիքյանը եզրակացրեց, որ "անառակ որդուն են կարեւորություն տալիս"՝ երեւի մտքում ափսոսելով, որ իրենք "անառակ որդի" չեն Սերժ Սարգսյանի համար:



Համագումարի վերջում մի քանի հարց ուղղեցինք ատենապետին:



- Պարոն Ավետիքյան, ինչո՞ւ Հանրապետականից, "Բարգավաճից" պատվիրակներ չեն եկել ձեր համագումարին:



- Չգիտեմ, չգիտեմ, մենք լավ հարաբերություններ ունենք, հանդիպում ենք, խոսում ենք եւ ոչ միայն Հանրապետականի, նաեւ մյուս կուսակցությունների հետ:



- Մի քիչ անլուրջ վերաբերմունք կա, հա՞, կուսակցության նկատմամբ, որ չեն եկել:



- Չգիտեմ: Կարող է մարդիկ գործ ունեն կամ շատ չեն կարեւորում: Իրենց իրավունքն է:



- Ի վերջո, Արմենական կուսակցությունը ո՞ր դաշտում է այսօր՝ իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր, եւ ո՞րն է այս կուսակցության նպատակը:



- Ուրիշ դաշտ չկա՞: Մենք մեր դաշտը կստեղծենք: Մենք պարտավորություն ունենք այս երկու անհաշտ դաշտերի արանքում հաշտեցման եզրեր գտնենք: ....Հայաստանում կա երկու անհաշտ բեւեռ: Սրանց արանքում մենք պետք է կարողանանք ինչ-որ հաշտեցման եզրեր գտնել:



- Անցած մեկ տարում քանի՞ հոգու եք հաշտեցրել:



- Չենք հաշտեցրել որեւէ մեկին դեռեւս: Մենք հիմնականում զբաղվել ենք մեր ինքնակազմակերպական հարցերով:



- Այ, Դուք ասացիք, որ ի տարբերություն ստահակների՝ շատ լավ ընդունեցիք Սերժ Սարգսյանի հայ-թուրքական նախաձեռնությունը, սակայն իշխանությունը չգնահատեց ձեր այդ ջանքերը: Պետք է ձեզ պաշտոննե՞ր տար իշխանությունը:



- Ոչ: Սփյուռքի մասին է խոսքը: Եթե նկատեցիք՝ Փարիզում, Բեյրութում եւ Լոս Անջելեսում տեղի ունեցան նախագահի դեմ տգեղ ելույթներ՝ անկախ այն բանից, մենք կիսում ենք նախագահի կարծիքն այդ հարցում, թե չէ, նման ելույթներ օտար երկրում էլ անթույլատրելի են:



- Դուք ակնկալիք ունեիք, որ կգնահատվի՞ Ձեր աջակցությունը: Ի՞նչ ձեւով պետք է գնահատվեր:



- Գոնե երկու խոսք ասվեր էդ մասին՝ պաշտոնական ամբիոնն օգտագործելով: ...Ասվեր, թե ովքեր էին կողմ իր նախաձեռնությանը, ովքեր դեմ:



- Դաշնակցությանը գնահատեցի՞ն Ձեր կարծիքով:



- Այո: Իրենց մամուլի օրգաններից մեկին, որ այդքան փնովեց, 80 հազար դոլար նվիրեց:



- Կառավարությո՞ւնը նվիրեց:



- Չէ անհատ էր, բայց գիտենք էդ անհատը ինչ էր անում:



- Ո՞վ էր այդ անհատը:



- Չեմ ասի, պրպտեք, նայեք: