Երգիչներ ունենք, բայց շոու-բիզնես` ոչ

Երգիչներ ունենք, բայց շոու-բիզնես` ոչ
Երեկ հայ շոու-բիզնեսի "դեմքերից" Միշոն, Սերժոն, Նարեկ Բավեյանը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը ասուլիս էին հրավիրել ու  քննարկում էին շոու-բիզնեսի դաշտը, փորձում էին հասկանալ, թե որն է երաժշտական ճաշակ ասվածը: Մեր "աստղերին" բնավ էլ չի մտահոգում որեւէ ճաշակով երգ, առավել եւս տեսահոլովակ ստեղծելը: Կարեւորը՝ մի բան նկարեն, երգելն այդքան էլ դժվար չէ (ժամանակակից տեխնիկան տալիս է բոլոր հնարավորությունները), լավ ռասկրուտկա լինի, ու իրենք արդեն ճանաչված են, ներեցեք՝ աստղ են: Սուրեն Թադեւոսյանը համաձայն չէ, որ տեսահոլովակով մարդ կարող է երգիչ դառնալ. "Լինել ճանաչված, դեռ չի նշանակում լինել երգիչ կամ երգչուհի: Տեսահոլովակը մարդուն կարող է ճանաչված, հայտնի դարձնել, բայց ոչ երբեք երգիչ կամ երգչուհի": Նրա կարծիքով՝ այսօր տեսահոլովակ նկարելն ու ձայնագրման ստուդիաների մատչելիությունն են նաեւ պատճառը, որ այդքան շատ տեսահոլովակ ու երգ է թողարկվում: "Եթե պահանջվող գումարը մոտ լիներ եվրոպական գներին, պատկերն այլ կլիներ",- ասում է ռեժիսորը:



"Կա մարդ, որ կարող է 200 դոլարով կլիպ նկարել, մարդ էլ կա՝ ավելի շատ: Օրինակ, Սոֆի Մխեյանի "Օրը եւ ներկան" տեսահոլովակի համար ծախսվել է 27 հազար դոլար": Փաստորեն, մեր երգիչ-երգչուհիները լավ էլ հարուստ են, մանավանդ որ, ռեժիսորի խոսքով, տեսահոլովակի վրա ծախսված գումարը երբեք հետ չի գալիս: Բայց փաստ է նաեւ, որ հազվադեպ է հանդիպում որակով տեսահոլովակ, ու այսօր գրեթե բոլոր հեռուստառադիոալիքներով օրը հազար անգամ կարելի է տեսնել ու լսել նույն՝ նյարդեր սղոցող, անորակ երգերն ու տեսահոլովակները՝ գրեթե նույն բառերով, նույն բովանդակությամբ: Հարց է առաջանում. հասարակությո՞ւնն է անճաշակ, թե՞ նրանք, ովքեր մատուցում են այդ աղբը հասարակությանը: Ռեպեր Միշոյի կարծիքով՝ հասարակությունն է հիվանդ, ու ինքն է պահանջում այդ անորակությունը: "Հասարակությանը պետք է հասցնել մի մակարդակի, որից հետո արդեն պահանջարկի վրա կձեւավորվի առաջարկը:



Եվ հենց երգիչները պետք է հանրությանը հասցնեն այդ մակարդակին: Անհնար է, որ հասարակությունը լինի ճաշակով ու պահանջկոտ, իսկ երգիչ-երգչուհիները մատուցեն անճաշակություն",-ասում է Միշոն: Այս ոլորտում եւս գործում է "խնամի, ծանոթ, բարեկամ" բանաձեւը: Տեսահոլովակը եթեր դուրս բերելու համար լուրջ կապեր, ծանոթներ ու փող է պետք: Ինչքան շատ ծանոթներ ունենան երգիչները, այնքան շատ կպտտվի եթերում նրանց տեսահոլովակը: Օրինակ, հայկական միակ երաժշտական հեռուստաընկերությամբ՝ "Դար 21"-ով, սկզբունքորեն չի ցուցադրվում Նարեկ Բավեյանի եւ ոչ մի տեսահոլովակ: Պատճառը Սուրեն Թադեւոսյանն է, որը Նարեկի  պրոդյուսերն է: Նա անձնական խնդիրներ ունի այդ հեռուստաընկերության հետ:



Թե որն է երաժշտական ճաշակը եւ ինչու է այն բացակայում մեր շոու-բիզնեսում, այդպես էլ պարզ չդարձավ: Իսկ  ունե՞նք արդյոք կայացած շոու-բիզնես՝ Սերժոն պատասխանեց. "Անհատ երգիչներ ունենք, բայց շոու-բիզնես՝ ոչ":