Չեն հոգնել Խոր Վիրապը նայելուց

Չեն հոգնել Խոր Վիրապը նայելուց
Հուլիսի 18-ին մեկնարկել է ՀՅԴ "Համազգային" կրթամշակութային միության ուսանողական ֆորումը, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 31-ը: Ֆորումն ունի 17 տարվա պատմություն:  2000-ից այն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս տարվա ֆորումին մասնակցում են  35 հայ ուսանող  երիտասարդներ։ "Ծրագրի 14 օրերի ընթացքում  համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայրենի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կլսեն պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ կքննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաեւ կայցելեն Հայաստանի  տեսարժան վայրեր",-գրված է "Համազգայինի" մամլո հաղորդագրության մեջ:



Ծրագրի ամենադրական կողմն այն է, որ տարբեր երկրներից ժամանած եւ այդ երկրների մշակույթն իրենց մեջ կրող երիտասարդները հանդիպել են միմյանց եւ այդ օրերի ընթացքում շփվելու են իրար հետ, չնայած լեզվական խոչընդոտներին ու մշակութային տարբերություններին, միմյանց հետ "լեզու են գտնելու": Կարեւորը նրանց հանդիպման փաստն է: Խմբում երիտասարդներ կան, որոնք արդեն հինգերորդ անգամ էին Հայաստան գալիս: Ծրագրին մի քանի անգամ մասնակցած երիտասարդներն ասացին, որ ծրագիրը, հայրենիքը կրկին տեսնելուց զատ, նաեւ նոր ծանոթություններ հաստատելով է հետաքրքիր:



Նրանք, համեմատելով իրենց տարբեր տարիների այցելությունները, ասում էին, որ հատկապես այն այցերն են բովանդակալից եղել, երբ խումբն է հետաքրքիր եղել: Երեւանին մոտ գտնվող մեր տեսարժան վայրերն այնքան էլ շատ չեն, եւ ֆորումի այցելությունների ծրագիրը հիմնականում կրկնվում է: Մեր այն հարցին, թե արդյոք հետաքրքի՞ր է նույն վայրերը նորից այցելելը, լոնդոնաբնակ Ալիաքը, որ արդեն հինգերորդ անգամ է Հայաստանում, որից չորս անգամը "Համազգայինի" ֆորումի ծրագրով է եկել, պատասխանեց. "Ժամանակը որ կանցնե, որոշ բաներ կմոռնաս կամ զգացումը կմոռնաս:



Ուրեմն աղվոր է՝ կսիրեմ նորեն ետ գամ, նորեն տեսնամ": Իսկ իմ "սադրիչ" հարցին, թե էս շոգ ամռանը ավելի լավ չէ՞ր լինի ծով գնալ, քան թե նորից Խոր Վիրապով ու Գառնի-Գեղարդով պտտվել, թե՞ երկիրը փոխվում է եւ այդ պատճառով է հետաքրքիր, Ալիաքն ասաց. "Ամեն անգամ, որ կգամ, նոր բան մը կտեսնամ, նոր բան մը կսովրեմ: Եթե նույն տեղերն էլ գնամ, նորեն նոր բաներ կտեսնամ: Կարող եմ երթալ ծովափ եւ կերթամ ծովափ, բայց նույն ատեն ալ կուգամ Հայաստան: Քանի մը օր է, որ հոս ենք, ամեն ինչ չեմ տեսած, բայց Երեւանը կարծես թե շատ փոխվել է: Բայց զգացումը նույն է, որ ասանկ տեղ մըն է, ուր շատ տարբերություններ կան՝ աղքատի եւ ոչ աղքատի միջեւ: Շենքերը փոխված են, որոշ ճամփաներ նորոգված են, բայց զգացողությունները նույնն են":



Կարճ հարցազրույցն ավարտելուց հետո Ալիաքը դեռ երկար ժամանակ Խոր Վիրապի մոտ տեղադրված ծանոթագրություններով ցուցանակն էր նայում. հավանաբար իր իմացած լեզուներով գրված բոլոր  ծանոթագրությունները կարդում էր Խոր Վիրապի մասին նոր տեղեկություն գտնելու հույսով:  Խոր Վիրապ այցելությունից եւ ճաշից հետո երիտասարդները մի համով-հոտով դասախոսություն պիտի լսեին: Դասախոսության թեման էր՝ "Հայաստանը օտարազգի կամավորների աչքերով", եւ այն կարդալու էր ամերիկացի Քրիստի Ռենդահլը, որը երկար ժամանակ ապրել է Հայաստանում, հրաշալի տիրապետում էր կենդանի՝ խոսակցական հայերենին եւ դասախոսության կեսը վարեց հայերենով, իր խոսքը համեմելով "ցավդ տանեմ" եւ "ախպեր ջան" արտահայտություններով:



Մենք զրուցեցինք նաեւ "Համազգային" կրթամշակութային միության հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ: "Ծրագրի նպատակն այն է, որ տարբեր երկրներից եկած հայ երիտասարդները համախմբվեն Հայաստանում, ճշտեն իրենց ազգային օրակարգը, քննարկեն իրենց խնդիրները՝ իբրեւ երիտասարդներ, տեսնեն, ճանաչեն Հայաստանը առանց շպարի, դասախոսությունների ու շրջագայությունների միջոցով հասկանան Հայաստանի  սոցիալ-քաղաքական-մշակութային կացությունը եւ հեռանկարները":