Դիմորդներին կգրանցեն ռեզերվո՞ւմ

Դիմորդներին կգրանցեն ռեզերվո՞ւմ
Մեկ շաբաթից կամփոփվեն ընդունելության քննությունների արդյունքները, այդ ժամանակ էլ հայտնի կլինի ընդունված ու դուրս մնացած դիմորդների, ինչպես նաեւ թափուր տեղերի քանակը: Արդյունքներն ամփոփելուց հետո սովորաբար կազմակերպվում է թափուր տեղերի մրցույթ, ու որոշ դիմորդներ հնարավորություն կունենան ընդունվել բուհեր: Սակայն սա վերաբերում է որոշ մասնագիտությունների: Ըստ ընդունելության քննությունների կարգի՝ վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առաջացման դեպքում այդ մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների եւ քննությունների ցանկում երկու աստղանիշով նշված առարկաների համար, որպես մրցութային գնահատական, կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի այդ առարկաների ավարտական քննությունների ավարտական կամ տարեկան գնահատականը:



Իհարկե, երկու աստղանիշով նշված են որոշ մասնագիտություններ, եւ բոլոր դիմորդները չունեն լրացուցիչ մրցույթին մասնակցելու հնարավորություն: Սակայն այս տարի խոսակցություններ կան, որ վերոնշյալ սահմանափակ լրացուցիչ մրցույթն էլ չի լինելու՝ պայմանավորված հաջորդ տարվա դիմորդների դեֆիցիտով: Այսկերպ նպատակադրվել են, այսպես ասած, դիմորդների ռեզերվ ձեւավորել, որպեսզի հաջորդ տարվա դիմորդների  բացն ինչ-որ կերպ կոմպենսացնեն: Մենք փորձեցինք կրթության եւ գիտության նախարարությունից պարզել՝ արդյո՞ք կկազմակերպվի թափուր տեղերի լրացուցիչ մրցույթ: Նախարարությունից մեզ փոխանցեցին, որ այդ հարցին կկարողանան պատասխանել միայն արդյունքներն ամփոփելուց հետո:



Մենք կապվեցինք նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի  տնօրեն Գուրգեն Խաչատրյանի հետ, որը նույնպես հարցին ստույգ չկարողացավ պատասխանել. "Կա հանրապետական ընդունող հանձնաժողով, որն առաջարկություններով հանդես կգա քնությունների ավարտից հետո": Ինչ վերաբերում է մրցույթ չլինելու լուրերին, ասաց. "Եթե հնարավորություն կա հիմա ընդունվելու, ինչի՞ պետք է չընդունվեն, մեր մտքով նման բան չի անցել, հանձնաժողովի նիստի ժամանակ կերեւա նպատակների մասին": Քանի որ ընդունող հանձնաժողովի կազմում են նաեւ բուհերի ռեկտորները, լսեցինք նաեւ նրանց մոտեցումները լրացուցիչ մրցույթի լինել-չլինելու առնչությամբ: Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանի փոխանցմամբ՝ իրենց բուհում նույնիսկ այս տարի ավելի մեծ թվով դիմում-հայտ է եղել: "Թափուր տեղեր չպիտի լինեն, քննությունների ամփոփումից հետո գուցե վիճակը փոխվի, բայց դիմորդների թվով նույնիսկ աճ է եղել՝ մեկ տեղին երկուսուկես դիմում է եղել":



ԵՊՏԻ ռեկտորի փոխանցմամբ՝ իրենց մոտ էլ տեղեր ավելացնելու անհրաժեշտություն կա: Երեւանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն էլ տեղեկություններ չուներ լրացուցիչ մրցույթի մասին: Իսկ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը նույնպես սպասեցրեց մինչեւ հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը. "Ընդունող հանձնաժողովը կարգով սահմանված իր գործառույթների սահմանում կքննարկի ու որոշում կկայացնի: Մենք ամեն տարի աշխատել ենք այդ կարգի համաձայն, ամեն տարի էլ, հաշվի առնելով քննական արդյունքները եւ բուհերի թափուր տեղերի հնարավորությունը, միշտ էլ եղել է այդ հարցը: Այն կքննարկվի անվերապահորեն, իսկ թե ինչ վճիռ կկայացվի ու ինչ մասնագիտությունների գծով, դժվարանում եմ ասել:



Ինչեւէ, բոլորը սպասում են քննությունների ավարտին, որպեսզի կողմնորոշվեն՝ ընդունելության քննությունների կարգո՞վ առաջնորդվեն, թե՞ բուհական բյուջեի շահերով: Նշենք, որ առանց քննությունների արդյունքների ամփոփման էլ սովորաբար իրենք պետք է հաստատ որոշած լինեին` մրցույթ լինելո՞ւ է, թե՞ ոչ, սակայն այսպիսի կցկտուր պատասխանները  վկայում են այն մասին, որ նպատակադրվել են դուրս մնացած դիմորդներին հավաքագրել մյուս տարվա համար՝ այդպիսով խախտելով ընդունելության քննությունների կարգը: