Ինքնորոշումը մեծ նշանակություն է ստանում

Ինքնորոշումը մեծ նշանակություն է ստանում
Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը կարող է որոշակի նշանակություն ունենալ այն փաստարկների տեսանկյունից,  որոնք հայկական կողմը կամ կողմերը ներկայացնում են Ղարաբաղի հարցի կարգավորման առումով: Այսինքն, ինքնորոշման սկզբունքի որոշակի հստակեցումներ կան Հաագայի միջազգային դատարանի որոշման մեջ, եւ այդ փաստարկները, բնականաբար, կարող են Հայաստանի կողմից օգտագործվել: Որոշումն այդ առումով Հայաստանի ու ԼՂ-ի համար որոշակի դրական ազդեցություն կարող է ունենալ:



Վճիռը, եթե պարտադիր իրավական ուժ էլ ունենար, միեւնույն է՝ ուղղակիորեն չէր վերաբերելու Ղարաբաղին, որովհետեւ այն վերաբերում է միայն Կոսովոյի անկախացման խնդրին, այն էլ շատ սահմանափակ ծավալով: Միջազգային դատարանն ընդամենը որոշել է, թե արդյո՞ք Կոսովոյի ալբանացիների կողմից անկախության միակողմանի հռչակումը համապատասխանում է միջազգային իրավունքին, թե ոչ: Եթե դա  լիներ դատարանի սովորական վճիռ, այսինքն իրավաբանական ուժ ունեցող, ապա  միեւնույն է՝ ԼՂ-ի համար որեւէ նախադեպային նշանակություն չէր կարող ունենալ, քանի որ ԼՂ-ին այդ վճիռը չէր էլ վերաբերում:



Պարզապես թեկուզ խորհրդակցական այդ որոշման մեջ կան փաստարկներ ազգերի ինքնորոշման տեսանկյունից,  որոնք շահեկան են հայկական կողմի համար եւ կարող են օգտագործվել բանակցություններում: Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դատարանը հստակ մատնանշում է, որ դա չի վերաբերում երկրի ներսում ընթացող  պրոցեսներին, այլ վերաբերում է միայն պետությունների միջեւ հարաբերություններին, այսինքն տարածքային ամբողջականության սկզբունքի առաջքաշումը, որպես ինքնորոշման իրավունքի սկզբունքը չիրացնող սկզբունք, իրավաբանորեն որեւէ հիմնավորում չունի, եւ Հաագայի միջազգային դատարանի որոշման մեջ դա հստակորեն փաստված է:



Իսկ մենք գիտենք, որ իրավական տեսանկյունից Ադրբեջանի միակ հիմնական կռվանն ըստ էության տարածքային ամբողջականության սկզբունքի մատնանշումն է: Ինչ վերաբերում է ԱՄՆ հայտարարությանը, ապա դա քաղաքական հայտարարություն է եւ շատ քիչ առնչություն ունի միջազգային իրավունքի հետ: Բնականաբար, ԱՄՆ-ն չի ցանկանում, որ լինի դոմինոյի էֆեկտ եւ, այսպես կոչված՝ սեպարատիստական շարժումների համար սա հիմնավորում հանդիսանա: Բայց միջազգային հարաբերությունները եւ միջազգային իրավունքը զարգանում են իրենց բնականոն հունով, եւ այն որոշումը, որ կայացրել է Հաագայի միջազգային դատարանը, այնուամենայնիվ վկայում է այն մասին, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը գնալով ավելի մեծ ու կարեւոր նշանակություն է ձեռք բերում, եւ այդ առումով շատ դրական է, որ միջազգային դատարանն ընդունել է այն կարծիքը, որ անկախության հնարավորությունն ինքնին որեւէ կերպ չի հակասում միջազգային իրավունքին:



Այսինքն, միջազգային իրավունքում չկան այնպիսի կանոններ, որոնք կարգելեին որեւէ ժողովրդի կողմից միակողմանիորեն անկախության հռչակումը, եւ այս առումով իրավիճակը Կոսովոյում եւ  Հաագայում շատ նման են: Ես կարծում եմ, որ բանակցային պրոցեսում մենք պետք է մեր իրավական դիրքորոշումները շատ ավելի հստակ առաջ քաշենք եւ այդ առումով հենվենք այն փաստարկների վրա, որոնք մատնանշված են Հաագայի միջազգային դատարանի որոշման մեջ, մասնավորապես տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ նկատի ունեմ:



Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ

Միջազգային իրավունքի անկախ փորձագետ