Տարածաշրջանի ամենամարտունակ գիշատիչը

Տարածաշրջանի ամենամարտունակ գիշատիչը
Տավուշի Չինարի գյուղի Մեհրաբ զորամասում կասկածելի հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացած Արտակ Նազարյանի հուղարկավորությանը գնալիս՝ ճանապարհների ցցաձողերին ամրացրած “Մեր անունն է հայկական բանակ” վերտառությամբ գովազդային պաստառները աներեւակայելի ճնշող, կեղծ ու անտանելի էին: Բանակի հետ ոչ մի կապ չունեցող ռեժիմի ծաղրածուների նկարներն են՝ երգիչ-երգչուհիներ, շտատով մտավորականներ, սպորտի ոլորտի ձեռնասուններ, գիտեք, չթվարկեմ, ամեն օր անցնում եք նրանց տակով, շարք կանգնած, կեղծ ժպիտները երեսներին սառած, իբր թե ներշնչում են մեզ, որ բանակ ունենք, ու որ այն դեռեւս տարածաշրջանի ամենամարտունակն է: Իսկ մենք գնում էինք թաղելու այդ բանակի լուսավոր կետը, մի տղայի, որի մտավոր պաշարը չէր համընկել մաուզերի, անլվա ոտքերի, արյան հոտին ընտելացած, սերժանտության սահմանած հասկացություններին, ու նրան սպանել էին կամ միգուցե հասցրել այն անելանելությանը, որ ինքն անի նրանց սեւ գործը: Նրանց՝ մարդասպանների, որոնց ֆիզիկական գոյությունն արդեն քանի՜ տարի խնամքով խրում են հասարակության կոկորդը եւ ստիպում ծամել ու հարմարվել այն մտքի հետ, որ ե՛ւ կան, ե՛ւ չկան: Ու քանի դեռ ոչ ոք նրանցից չի բացահայտվել, չի դատվել ու չի կրել իր արժանի պատիժը, մարդասպաններն ու մարդասպանության դրդողները կմնան որպես ֆանտոմ՝ կլինեն ու չեն լինի: Չեմ ուզում նկարագրել այն վիշտը, որ համակել էր Արտակի մորը, քույրերին, հարազատներին, ընկերներին:



Չեմ ուզում, որովհետեւ ցանկացած մարդ, որն ունի սիրտ, հոգի, խիղճ, կարեկցանքի զգացում ու երեւակայություն, պիտի հասկանա ու պատկերացնի այդ վիշտը: Իսկ ով չունի, նրա համար գրած պատկերավոր խոսքը կարող է էժանանալ ու չեզոքացնել սակրալության խորհուրդը:



Վիշտը վերածվեց անմարդկային ճիգով զսպված մի ցասման ալիքի, երբ ներս մտավ բանակը՝ ի դեմս մի սմքած փոխգնդապետի ու դաշտային հագուստով մի քանի սպաների: Պահն անհեթեթացավ՝ ոչ այն պատճառով, որ զինվորական հագուստը վաղուց, դեռ մինչեւ այս կոնկրետ դժբախտությունը, մարտի 1-ից հետո առաջացնում է արգահատանքի ու, չասեմ վախի, ասեմ անհանգստության զգացողություն, այլ այն պատճառով, որ այդ զինվորականները յախեքն արձակած, դաշտային հագուստով էին: Ընդունված է, ընդունված պիտի լինի, որ զինվորականին հրաժեշտ տալիս զինվորականը պիտի տոնական հագուստով գա, զուսպ լինի ու պատիվ բռնի:



“Ո՞վ եք, ինչո՞ւ եք եկել, ի՞նչ պատասխան եք բերել, ո՞վ է սպանել որդուս....”,-հեծկլտում էր Արտակ Նազարյանի մայրը: Սրանք հազիվ էին մոտեցել Արտակի հորը, որ ձեռքը սեղմեն, բայց ներկաների հարցական հայացքներին եւ որդեկորույս մոր հառաչանքներին չդիմանալով, դուրս գնացին: “Ո՞ւր եք գնում, սպասեք, պատասխան տվեք, մի վախեցեք, ես նույնիսկ ձեզ չեմ անիծել, ոչ ոքի չեմ անիծել, թող իմ որդին վերջին զոհը լինի, մի գնացեք, պատասխան պիտի տաք...”,-հառաչում էր Արտակի մայրը: Գնացին: Բակում հեռու էին կանգնել հավաքված ժողովրդից, կարելի է ասել՝ թաքնվել էին մոտակա խանութում, երեւի մտածելով, որ կարող է ժայթքել լցված բաժակն ու փոթորիկ առաջացնել: Մոտեցա նրանց, հույսով, որ որպես Արտակի հետ ծառայած անձինք, մի քանի խոսք կասեն նրա մասին կամ գոնե կհայտնեն իրենց ափսոսանքն ու կարեկցանքը: Բայց սխալվեցի:



Փոխգնդապետը ոչ միայն չներկայացավ, այլեւ շատ ագրեսիվ պահանջեց հեռու գնալ: Հետի յախեքն արձակածներն էլ ինչ-որ բան փնթփնթալով ցրվեցին, հետո կրկին միացան հանդիպակաց շենքի ծառերի տակ: Որքան փորձեցի այդ կոնկրետ մարդկանց չնույնացնել բանակում մարդ հոշոտող գիշատիչների հետ, չստացվեց. նրանց վարքագիծը չափազանց ցայտուն էր մատնում “մարտունակ բանակում” տիրող վայրագ մթնոլորտը: Մտածեցի՝ ի՞նչ կապ ուներ այդ կիրթ երիտասարդն այս անթրաշ, անպլաշ, ինչպես ասում են, արարածների մեջ: Թեպետ պատասխանն էլ ամփոփված էր Արտակ Նազարյանի համեստ բնակարանում՝ սոցիալական, ավելի ճիշտ, հացի խնդիրը:



Երբ դուրս բերեցին հայկական բանակի իրական, վերջին շպարի տակից աղաղակող պատկերը, ու անողոք ռեալիզմն ի ցույց դրվեց բակում հավաքված հասարակությանը, ու մինչ կհնչեր՝ “Եվ եւս խաղաղությամբ զ՛Տեր աղաչեսցոն”, մի տարեց մարդ բարձրացավ շքամուտքի հարթակ ու բացականչեց. “Մինչեւ ե՞րբ, մինչեւ ե՞րբ պիտի լռենք, ժողովուրդ, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժենք մեր որդիների սպանությունները հայկական բանակում, դեռ քանի՞ այսպիսի զոհ է հարկավոր, որ ոտքի կանգնենք, պահանջենք հրաժարական, իշխանությունների, Սեյրան Օհանյանի հրաժարականը”: