Հայաստանը Ռուսաստանից C-400 համալիրներ չի ստանա

Հայաստանը Ռուսաստանից C-400 համալիրներ չի ստանա
Հայաստանը դժվար թե Ռուսաստանից զենիթահրթիռային C-400 համալիրներ ստանա, քանի որ նման բան Ռուսաստանն ինքն էլ չունի: Այս մասին News.am-ի թղթակից հետ զրույցում ասել է Ռազմական կանխատեսումների ռուսական կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը, մեկնաբանելով հայկական մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի Ռուսաստանը Հայաստանին C-400 համալիներ է տրամադրելու:



Միաժամանակ փորձագետը կասկած է հայտնել, թե Ռուսաստանը C-300 համալիրներ է վաճառելու Ադրբեջանին: «Ես չեմ կարծում, որ այդ մասին շրջանառվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, քանի որ Ռուսաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմամբ»,- հայտարարել է Ցիգանոկը, ընդգծելով, որ Մոսկվան երբեք չի զինի Ադրբեջանին` ի վնաս Հայաստանի:



«Պետք չէ մտածել, որ Ռուսաստանը Ադրբեջանին ավելի լավ զենք կհատկացնի, քան Հայաստանին: Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, երկու երկրների միջեւ գործում են տարբեր պայմանագրեր եւ որեւէ երրորդ կողմից Հայաստանի վրա հարձակման դեպքում, Ռուսաստանն անպայման ռազմական օգնություն կցուցաբերի»,- հայտարարել է փորձագետը, հավելելով, որ հենց այդ ենթատեքստում պետք է դիտարկել Հայաստանում ռուսական բազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը: