Որ բուհը "մեջք ուներ", մնաց, որը չէ` փակվեց

Որ բուհը "մեջք ուներ", մնաց, որը չէ` փակվեց
ՀՀ ԿԳՆ լիցենզավորման վարչությունը օգոստոսի 12-ին կայացած կրթության ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել լիցենզիայից ամբողջությամբ զրկել 7 մասնավոր բուհի, իսկ եւս 6 բուհերի՝ առանձին մասնագիտությունների գծով: Փակվել են Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտը, "Մյուդ" իրավաբանական ինստիտուտը, Արմավիրի "Արարատ" համալսարանը, "Էյ Այ Յու Արիա" միջազգային համալսարանը, "Վանեվան" ինստիտուտը, "Քավենդիշ" համալսարանը եւ Արտաշատի համալսարանը:



Մասնավոր բուհերի դեմ այս "տեռորը" շատ անսպասելի էր բոլորի, հատկապես վերը նշվածների համար: Որոշումը միանշանակ չի ընդունվել բոլորի կողմից. փակված բուհերից մի քանիսը որոշել են անգամ դիմել դատարան, որովհետեւ կարծում են, որ որոշումն անհիմն է: Լիցենզավորման վարչության պետ Մովսես Մովսիսյանի կարծիքով` ոչ մի անօրինական որոշում չի կայացվել, եւ այս քայլը միտված է կրթական դաշտը կարգավորելուն: "Սա անհատական որոշում չէ: Որոշումը կայացրել է 7 հոգուց բաղկացած հանձնաժողովը` փակ-գաղտնի քվեարկությամբ: Սա օգնում է կրթական դաշտը կարգավորել":



Հիշեցնենք, որ մի այսպիսի որոշում էլ կայացվեց 2009թ. մարտի 2-ին, որի արդյունքում փակվեց 14 մասնավոր բուհ: ՀՀ ԿԳՆ լիցենզավորման վարչության պետից փորձեցինք պարզել, թե ստուգումների արդյունքում հատկապես ինչ թերություններ են հայտնաբերվել, որ 7 մասնավոր բուհ փակվել է, իսկ որոշներում էլ փակվել են մասնագիտություններ: Պարզվեց, որ բուհերը փակվել են լիցենզավորման վարչության կողմից մշակված` 8 կետից բաղկացած չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Այդ պայմաններից են՝ բուհի զբաղեցրած տարածքը, շենքային պայմանները, դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմը, հաշվիչ դրամարկղային մեքենայի առկայությունը, սպորտդահլիճի, ուսումնական պլանի եւ մի քանի այլ պահանջներ:



Մովսես Մովսիսյանի խոսքով` այդ կետերից մի քանիսի բացակայության դեպքում միայն բուհը կարող է փակվել. "Մի թերության դեպքում հո չե՞նք փակի բուհը, ինչպես նաեւ կան շտկվող թերություններ, ու մենք այդ մասին ուղղակի նախազգուշացնում ենք այդ բուհերին": Մինչդեռ լիցենզիայից զրկված "Մյուդ" իրավաբանական ինստիտուտի ռեկտոր Ալլա Աղասյանը կարծում է, որ իրենց ինստիտուտում ոչ մի արտառոց թերություն չկա: Ստուգման արդյունքում միայն գրադարանի հետ կապված խնդիր է առաջացել: "Ոչ մի թերություն էլ չկա մեր համալսարանում: Պատճառաբանել են, թե ինչու գրադարանը վարձակալված չէ: Բայց դա անհեթեթ է, ի՞նչ կապ ունի` ես գրադարանը վարձակալել եմ, թե այն պարզապես ինձ է պատկանում: Մենք պատրաստվում ենք դիմել դատարան, եւ թող դատարանը որոշի ամեն ինչ: Այստեղ այնպիսի մարդիկ են որոշում կայացնում, որ ընդհանրապես կապ չունեն օրենքի հետ: Պարզապես այստեղ ոչ թե բուհերի հարցն է, այլ անձերի խնդիր կա: Ով մեջք ունի` մնաց, ով չէ՝ փակեցին: Մեր բուհը իրավաբանական բուհ է, ու մենք չենք պատրաստվում հանդուրժել այս անօրինականությունը",- ասաց իրավաբանական ինստիտուտի ռեկտորը:



Այցելեցիք նաեւ "Քավենդիշ" համալսարան, սակայն այնտեղ հրաժարվեցին խոսել: Միայն ասացին, որ անարդար է, որ իրենց բուհը փակել են: "Բուհը դեռ 2 տարի է, ինչ ստեղծվել է, բայց մենք արդեն 5 ուսանող ենք ուղարկել Լոնդոն՝ ուսանողների փոխանակման ծրագրով, եւ նրանք արդեն աշխատում են այնտեղ՝ տարբեր ֆիրմաներում: Մեզ չթողեցին շնչել անգամ: Դա անարդար է",- ասաց մի աշխատող, որը չցանկացավ ներկայանալ:



Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտից էլ մեզ ասացին, որ իրենց զրկել են միայն հայկական լիցենզիայից, եւ ինստիտուտը շարունակելու է գործել որպես Մոսկվայի համալսարանի մասնաճյուղ: "Համալսարանը գրանցված է Մոսկվայում: Մոսկվան է ընդունում դիմորդներին, գնահատում նրանց աշխատանքները, ընդունում քննությունները: Փաստորեն, ուսանողները ոչ թե մերն են, այլ Մոսկվայի համալսարանինը: Համալսարանը շարունակելու է գործել այնպես, ինչպես առաջ, պարզապես այլ իրավական դաշտում: Մենք այլեւս չենք գտնվելու մեր նախարարության վերահսկողության տակ: Մեզանից վերցրել են ընդամենը հայկական լիցենզիան, իսկ այսուհետեւ շարունակելու ենք գործել ռուսական լիցենզիայով",-ասաց Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի  իրավախորհրդատու Ռուբեն Ռշտունին:



Լիցենզավորման վարչությունը լիցենզիայից զրկված ոչ մի բուհի պաշտոնապես դեռ ոչ մի գրություն, հիմնավորում չի ուղարկել: Բուհերից շատերը հենց այդ հիմնավորմանն են սպասում, որպեսզի հասկանան իրենց հետագա անելիքը: Մովսես Մովսիսյանն ասաց, որ այս պրոցեսը շարունակական է լինելու, մեկ էլ կիրականացվի սեպտեմբերի կեսերին: "Ով ճիշտ, չափանիշներին համապատասխան կաշխատի, կշարունակի մնալ, իսկ ով չէ՝ կփակվի": "Իսկ հնարավո՞ր է, որ լիցենզիաները վերականգնվեն": Մովսիսյանը պատասխանեց. "Խախտման պատճառների վերացումից հետո, ըստ  օրենքի, լիցենզիան կվերականգնվի": Փակված բուհերի ուսանողներին հնարավորություն կտրվի կրթությունը շարունակել ոչ պետական հավատարմագրված բուհերում, ինչպես նաեւ պետական բուհերում, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս ամենն արվում է ոչ թե կրթական ոլորտը կարգավորելու, այլ ընդամենը պետական բուհերում առաջացած ուսանողների դեֆիցիտը լրացնելու համար: