Վարդան Ղուկասյանը սուրբ գիրք է գրում
Այդ գիրքը պարոն Ղուկասյանն անվանակոչել է "Եղծ աղանդոց": Չկարծեք, թե քաղաքապետը այդպիսով պլագիատ է անում հայ մեծանուն փիլիսոփա Եզնիկ Կողբացուն, որը համանուն աշխատություն գրել է դեռ 5-րդ դարում, կամ փորձում է հակադարձել իրեն ուղղվող մեղադրանքներին, որ պարբերաբար հնչեցնում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Վարդան Ղուկասյանը իրականում սկսել է ազգի եւ Առաքելական եկեղեցու առողջացման ծրագիր եւ որոշել է իր հոգեւոր երկերով պայքարել աղանդների դեմ: Այլ հարց է, թե ովքեր են պարոն Ղուկասյանի պատկերացմամբ աղանդները, հաստատ ցեղակրոն նժդեհականները չեն:
"Ճիշտն ասած՝ Սուրբ գրքերը, երբ որ մենք նմանատիպ ձեւով հրատարակում ենք, դա ծաղկաքաղ է արվում վարդապետների մեկնություններից",- մեզ հետ զրույցում բացատրեց քաղաքապետը: Նաեւ անթաքույց ափսոսանքով հավելեց. "Ես ուղղակի ցավում եմ Ձեր անտեղյակության վրա, որ էդտեղ շատ բաներ չգիտեք": "Դուք կարդացե՞լ եք "Առաքելական եկեղեցու վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության" գիրքը",- հանդիմանելով՝ հարց ուղղեց քաղաքապետը: Պարզվում է՝ այդ գիրքը եւս Վարդան Ղուկասյանն է գրել: Անվանումը հուշում է, որ այն պետք է որ ուղեցույց լինի Առաքելական եկեղեցու համար, սակայն պարզ չէ, թե որքան է գնահատում քաղաքապետի տիտանական աշխատանքը եկեղեցին: Հայտնի է, որ ժամանակին Վարդան Ղուկասանը սրված հարաբերություններ ուներ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:
Մեր հարցին, թե ինչպիսի՞ն են այժմ հարաբերությունները, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. "Շատ լավ, բարիդրացիական": "Արդեն լա՞վ եք",-հարցրինք: "Հոյակապ, համբյուրվելով",- ի պատասխան հայտարարեց քաղաքապետը՝ հավելելով. "Մենք ներողամիտ ենք: Աշխատող մարդը ինչ ասես կունենա՝ վեճեր-բաներ, բայց այն մարդը, որ հավատում է հանդերձյալ կյանքին, նա ներողամիտ կլինի":
Երեկ զանգահարեցինք Շիրակի թեմ՝ պարզելու, թե Հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս է գնահատում Վարդան Ղուկասյանի հոգեւոր աշխատությունները եւ պատրաստվո՞ւմ է դրանք կիրառել: Թեմից մեզ պատասխանեցին, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չի ցանկանում Գյումրու քաղաքապետի քայլերի հետ կապված որեւէ բան ասել, մեկնաբանություն տալ: Այնպես որ, չհաջողվեց պարզել՝ կարդացե՞լ է Աջապահյանը քաղաքապետի աշխատությունը, թե՞ ոչ: Թերեւս Շիրակի թեմի առաջնորդի ու քաղաքապետի հարաբերություններն այնքան էլ "հոյակապ" չեն, ինչպես հայտարարում է Վարդան Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյան-Միքայել եպիսկոպոս Աջապահյան կոնֆլիկտը սկսվեց Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոսը կոշտ հայտարարություն արեց Ղուկասյանի գործունեության դեմ, որից հետո վերընտրված քաղաքապետը ստորագրահավաք պատվիրեց Շիրակի թեմի առաջնորդի դեմ՝ նրան Շիրակից հեռացնելու եւ կարգալույծ անելու պահանջով: "Դե որ ժամանակին չեն կանգնեցնում նման լկտի, խարդախ, խաբեբա, սրիկա, կեղծ հավատացյալ, կեղծ բարեպաշտ, ամեն տեսակի անառակության մեջ եղող մարդուն՝ երրորդ, չորրորդ անգամ է ընտրվում, արդեն պարզ չէ՞",- Վարդան Ղուկասյանի առթիվ լրատվամիջոցներին հայտարարել էր թեմի առաջնորդը՝ հավելելով. "Անհավատ քաղաքապետ ունենայի, ավելի լավ էր, քան դրա նման մի հավատացյալ":
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը միաբերան պնդում էր, որ ստորագրահավաքի հետ կապ չունի: "Կխնդրենք Տիրոջը, որ նմանատիպ մարդիկ, նմանատիպ թեմի առաջնորդ եկեղեցում չլինեն, արժանավոր մարդիկ լինեն, որ իրենց ձայնը բարձրանա առ Աստված, եւ Տերը ողորմյա ազգին հայոց",- Շիրակի թեմի առաջնորդին ի պատասխան հայտարարել էր Գյումրու քաղաքապետը:
Կարծիքներ