Համադարմանեցին քաղաքապետն ու նախարարը

Համադարմանեցին քաղաքապետն ու նախարարը
Մինչ ուսումնական առաջին զանգը հնչելը, կրթության եւ գիտության նախարարն ու քաղաքապետը երեւանյան դպրոցների տնօրեններին հավաքել էին Մոսկվայի տանը՝ թրեյնինգի: Տնօրենների ու համակարգի պատասխանատուների հանդիպումը ենթադրում էր ավելի թեժ քննարկում, սակայն  ստացվեց վերնախավի բարոյախրատական ճառ՝ ուղղված վաստակաշատ մանկավարժներին: Սկզբում Աշոտյանն իր նախազգուշացումները հայտնեց, ապա քաղաքապետն ավելի կոպիտ շեշտադրությամբ իր դիտարկումները ներկայացրեց: Այս անգամ Աշոտյանի ելույթում գերիշխում էր "համադարմանել" բառը՝ հայերենի հնարավոր գործածումներով:



"Պարզ ճակատով ասեմ հետեւյալը` Հայաստանի կրթական ոլորտի փոփոխություններն առաջ են անցնում համաշխարհային մեծ  զարգացման էտապում գտնվող երկրների հանրակրթական ոլորտի  բարեփոխումներից",- ասաց նախարարն ու անդրադարձավ ներկայիս մանկավարժական արտադրանքի քանակին ու որակին: Հետո կտրուկ անցում կատարեց սպասվող սարսափներին: "Այս տարի ամենասարսափելին է՝ աշակերտների աճի կտրուկ նվազման առումով, վերջին 20 տարվա ընթացքում մեր վիճակագրությունը վկայում է, որ ամենացածր թվով հենց այս տարի է: Մյուս տարի շտկվում է, բայց դե, սա նույնպես համադարման չէ:  Եվ մենք պետք է ձեզ հետ հասկանանք, որ այս ժողովրդագրական պայմաններում ենք աշխատելու, ինչն իր հետեւից բերում է բազում խնդիրներ: Համապատասխան ֆինանսավորման մեխանիզմների վերանայման պահանջ, դասագրքերի թանկացում, աշխատուժի ավելցուկ, հեշտ չի լինելու՝ առավել եւս այս տարի",- նախազգուշացրեց ոլորտի գլխավոր պատասխանատուն:



Երիտնախարարի բոցաշունչ ճառին հետեւեց տնօրենների ու չինովնիկների հարցուպատասխանը, գրեթե բոլոր հարցերին նա պատասխանում էր իր անցած ուղուց մեջբերումներ անելով: Ժողովի իր փայը հավատացյալ երիտչինովնիկն ամփոփեց ավետիսով, որ այսօր Սուրբ Էջմիածնում Գիտելիքի օրվան ընդառաջ տեղի կունենա բնագավառի ներկայացուցիչների օրհնության արարողությունը կաթողիկոսի կողմից: Ամեն:



ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ՝ ԵՍ ԵՄ ՄԻԱԿ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ



Ի տարբերություն Արմեն Աշոտյանի, քաղաքապետի հատվածն ավելի առարկայական էր, կոնկրետ առաջարկություններ ու "պրետենզիաներ": Ոչ մի ճոռոմաբանություն ու այլաբանություն: Քաղաքապետն ասաց այն ամենը, ինչ մտածում էր տնօրենների ու կրթության  մասին: Դատելով խոսքից՝ ոչ մի լավ բան: Ելույթը սկսեց ժողովից ստացած բացասական տպավորություններով: "Մի անձնավորեք ոչինչ, ընդհանուր այն հարցերով անհանգստացեք, որը մտահոգում է բոլորիս, որ մենք կարողանանք համագործակցենք... Իսկ դուք անձնական՝ իմ դասարանը թող մնա, իմ դպրոցը թող մնա, գնանք ստեղ, գնանք ընդեղ...",-խիստ  տոնով նկատեց Բեգլարյանը՝ նկատի ունենալով ավագ դպրոցների եւ ընդհանրապես հանրակրթական համակարգի վերակազմավորումը:



Նա, ի դժբախտություն որոշ տնօրենների, նստած տեղից ուշադրությամբ հետեւել էր ու հասցրել թափանցել նրանց հոգու խորքն ու հասկանալ, թե ով ինչ տրամադրվածությամբ է եկել ժողովի: "Ես նստած նայում էի, կան մարդիկ, որ երեւում է ինչ տրամադրվածությամբ  ու պատրաստակամությամբ են այստեղ նստած: Մարդիկ կան, եկել են օր անցկացնելու, էդ կարգի տնօրենները ի՞նչ ձեւ պիտի աշխատեն, անուններ չեմ ուզում այսօր տալ, բայց առանձին բոլորին էլ արդեն գիտեմ ովքեր են",-սպառնալից տոնով արտասանեց խորաթափանց քաղաքապետը՝ նկատելով, որ տնօրենները պասիվ նստած են:



Բեգլարյանի մեսիջն ալեկոծեց դահլիճը, ովքեր հասցրել էին ակտիվություն ցուցաբերել, իրենց փրկված զգացին, ովքեր էլ չէ, աշխատանք կորցնելու վտանգից այլայլվեցին, դահլիճի անդորրը խաթարվեց, սկսեցին վայրկյան առաջ Բեգլարյանին ընդհատել ու հարցեր բարձաձայնել՝ որպես փրկություն: Եվ իսկապես, երբ  Բեգլարյանն ավարտեց խոսքը, դահլիճում վեր խոյացան բազմաթիվ անհանգիստ ձեռքեր, ու սկսվեց ցանկալի դիսկուսիան: Տնօրեններից մեկն առաջարկեց թեթեւացնել դասարաններում աշակերտների ծանրաբեռնվածությունը, սակայն Բեգլարյանը մտովի վերադարձավ իր դպրոցական տարիները, հիշեց, որ իրենց դասարանում 47 հոգի էին, եւ վատ կադրեր էլ չեն թողարկել: Այդ օրինակով սփոփեց տնօրենին:



Իսկ ժողովի իր հատվածն ավարտեց մի քանի կառուցողական խորհուրդներով: Օրինակ, որ ընտրություններից առաջ չքաղաքականացնեն դպրոցները, գործարարներից փող չխնդրեն: Նախազգուշացրեց, որ ինքը շատ խիստ է վերահսկելու ու արդեն մի քանի նամակներ ունի ձեռքի տակ: Մեր հարցին՝ հովանավորի դերն այդ դեպքում ի՞նքն է ստանձնելու, պատասխանեց. "Մենք տեղից էլ բավականին շատ գումարներ ենք տալիս, եւ իրանք պիտի բացատրություն տան՝ ինչու են դիմում հովանավորներին, էդ 150 հազարներն ինչների՞ն ա պետք":



ՀԳ - Ժողովի ավարտին տնօրենները ռեպլիկներ թողեցին, թե "բա չենք երդվելո՞ւ"՝ ակնարկում էին Աշոտյանի որոշումը սեպտեմբերի 1-ին ուսուցիչների երդման արարողություն մտցնելու մասին, Աշոտյան էլ հնարավորինս լսելի հայտարարեց. "էսօր չէ, սեպտեմբերի մեկին եք երդվելու, դրանից խոսքի արժեքը չի փոխվելու":