ՀՀ նախագահի աշխատանքային այցը «ժեշտանչի» Կոլյայի որդու հարսանիքին

ՀՀ նախագահի աշխատանքային այցը «ժեշտանչի» Կոլյայի որդու հարսանիքին
Հանգստյան օրերին լուրեր տարածվեցին, որ Սերժ Սարգսյանը գնացել է Ղարաբաղ: Երեկ արդեն նրա պաշտոնական կայք-էջում գրված էր, որ այցն աշխատանքային է: Բայց տպավորություն ստեղծվեց, որ Սերժ Սարգսյանի "աշխատանքային այցը" Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության վարչության տեսուչի այցի նման մի բան է: Հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու "աշխատանքային այցը" ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղ սահմանափակվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ "Արցախի այլ պաշտոնատար անձանց եւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի" ուղեկցությամբ՝ թիվ 11 նորակառույց դպրոց եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Նպատակն էլ՝  նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, կրթության եւ գեղարվեստական դաստիարակության համար "հիշյալ հաստատություններում ստեղծված պայմաններին" ծանոթանալն է եղել:



Ծանոթանալուց ու գոհունակություն հայտնելուց հետո Սերժ Սարգսյանը մի քիչ էլ քաղաքականությամբ է զբաղվել, պատասխանելով ուսուցիչներից մեկի հարցին: "Այսօր Արցախի Հանրապետությունը զարգանում եւ բարգավաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր հանրապետությունը: Բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձեւեր առաջ քաշել` դրանով իսկ փակելով միջազգային հանրության աչքերը: Մինչեւ ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տվյալ կուրսը, եւ չե՞ն հասկանում վերջապես, որ սա այլ հանրապետություն է եւ նրանց հետ ոչ մի կապ չունի",-հարցրել է ուսուցիչը: "Լավ կլինի, որ այս  հարցը Ալիեւին տաք, որովհետեւ ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականության համար պատասխանատու լինել: Ես առավելագույնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի եւ ինչ-որ չափով մեր ժողովրդի տարբեր հատվածների կողմից իրականացվող քաղաքականության համար",-պատասխանել է Սերժ Սարգսյանն ու հավելել. "Ձեր խնդիրը երեխա կրթելը, դաստիարակելն է, նրանց մեջ հայրենասիրական որակների ամրապնդումը, բարձր գիտելիքների նկատմամբ մեծ ցանկություն դաստիարակելն է եւ ոչ միայն դպրոցում, այլ որպեսզի նրանք ընդհանրապես կյանքում միշտ ձգտեն իրենց գիտելիքն ավելացնել:



Պատասխանատուները, ովքեր զբաղվում են այդ խնդրով` զբաղվում են քաղաքականությամբ, կարծում եմ, լուծումներ կգտնեն",-ուսուցչի պորտը տեղն է դրել Սերժ Սարգսյանը: Նա նաեւ անկեղծորեն զարմացել է ոչ այն է՝ ուսուցչի, ոչ այն է՝ իր վրա, որին այնքան լուրջ են ընդունել, որ մտածել են, թե կարող է պատասխանել որեւէ  հարցի: "Մյուս կողմից՝ ես զարմանում եմ, որ Դուք զարմանում եք Ադրբեջանի գործողությունների, քայլերի առիթով, եւ մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում եք",-ասել է:



ՏԱՇԻ-ՏՈՒՇԻ, "ԲԱԲՈ-ԴԵԴՈ"



Իրականում Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու իր մանկության ընկեր "ժեշտանչի" Կոլյայի որդու հարսանքին՝ քավորի իրավունքով: Մեր հավաստի տեղեկություններով, "ժեշտանչի" Կոլյան, որն արդեն դադարեցրել է վառարաններ, վառարանների խողովակներ, բաղնիքի թասեր ու թիթեղյա այլ պարագաներ սարքելու արհեստն ու կտրականապես հրաժարվել այն իր որդիներին փոխանցելու գաղափարից, Սերժ Սարգսյանին, որը ժամանակին շատ աղքատ է եղել, շատ է օգնել՝ փողով-բանով: Սերժն այդ "պադդերժկան" չի մոռացել ու "առաջ գնալով"` ինքն է սկսել օգնել Կոլյային:



Դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ Կոլյայի որդիներից մեկին տեղավորել է աշխատանքի ՀՀ դատախազությունում, հետո էլ պսակել է այնպիսի շքեղությամբ, որ ղարաբաղցիները մինչ օրս հիշում են քավորկնոջ՝ տիկին Սարգսյանի  ակտիվությունը: "Ռիտան վեր զալը տեսալ չի՜, հավան չի կցալ: Զանավեսկեքը, պե՜ն, լոխ քանդալ ա տվալ, յուրան ֆկուսավը ղաշյանգ սարքալ, նոր հըրսանիքը ըրալ ըն: Գյուդում չընք թա հինչ վսկեղան պեն ա տվալ, համա ասումուն, վեր մի վեսկի նարդի էլ ա տվալ, պադարկա լի՜",-պատմում են մեր աղբյուրները: Ինչ վերաբերում է վերջին "աշխատանքային այցին", ապա այս անգամ պսակել են "ժեշտանչի" Կոլյայի մյուս որդուն, որին Սերժ Սարգսյանը հովանավորել է, որ գնա Հունաստան ու սովորի ռազմական ակադեմիայում: Հարսանիքը տեղի է ունեցել կիրակի օրը: "Սերժը յուրան ղոնաղներավն ար եկալ: Բակոն ար, լի՜: Հըրսանիքն ար ըրալ ըն դեդո բաբոյեն կողքեն",-նշում է Ստեփանակերտի մեր աղբյուրը:



"Դեդո-բաբո" ասելով՝ նկատի ուներ տատի ու պապի արձանը, որի մոտակայքում գտնվող "Արարատ" ռեստորանում էլ տեղի է ունեցել հարսանեկան հանդիսությունը: Ի դեպ, "Արարատ" ռեստորանը պատկանում է Արցախի նախկին գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին, որը հայտնի է Արկադի Ղուկասյանի դեմ իրականացրած մահափորձի գործով: Ավելացնենք, որ Սերժ Սարգսյանը Մավրիկ Ղուկասյանի  հետ նույնպես քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Թե ինչ նվեր է մատուցել ՀՀ նախագահն իր այս մյուս սանիկին, Ստեփանակերտում դեռ չգիտեն: