Վայքը փրկում են` տուրիստական գոտի դարձնելով

Վայքը փրկում են` տուրիստական գոտի դարձնելով
Տուրիստական բիզնեսով գայթակղվել է նաեւ քաղաքաշինության նախարարությունը: Թեեւ էկոնոմիկայի նախարարությունում գոյություն ունի զբոսաշրջության զարգացմամբ զբաղվող զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչություն, սակայն քաղաքաշինության նախարարությունն է նոր նախագծով հանդես եկել: Մտադրվել է Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի Պասկեւիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր ստեղծել: Այսինքն՝ նպաստելու են ոչ միայն  տուրիզմի, ինչպես նաեւ ժողովրդական արհեստների զարգացմանը, այլեւ գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը:



Որպես օրինակ՝ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը նշեց «ավանդական լավաշն ու այլ ազգային բաներ»: Երեկվա նիստում կառավարությունը, բնականաբար, հավանության արժանացրեց քաղաքաշինության նախարարության պրոյեկտը,  ինչից հետո վարչապետն անհրաժեշտ համարեց հանրությանը իրազեկել այս առաջընթացի մասին: Տուրիզմի հանդեպ մեծ սեր տածող վարչապետը Վարդան Վարդանյանի զեկույցն  անտարբերությամբ չունկնդրեց, այն դեռ չավարտված՝ մեկնաբանություններով հանդես եկավ, մասնավորապես «էստի համեցեք» ասելու մասնավոր ընկերություններին:



«Սա արդեն երկրորդ դեպքն է: Նպատակն է մասնավոր ներդրողներին հրավիրել իրականացմանը մասնակցել: Կարծում ենք, որ նման պրոյեկտների իրականացումը ոչ միայն Հայաստանում տուրիզմի զարգացմանն են նպաստում, այլ մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքի դեպքում մենք կարողանում ենք ձեւավորել նոր տիպի համայնքներ»: Նիստի ավարտից հետո Վարդան Վարդանյանը լրագրողներին մանրամասներ պատմեց վերջին հաջողության մասին: Շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ ամսվա ընթացքում, իսկ տուրիստական նոր գոտու համար, նախարարի վստահեցմամբ, նախատեսված է ծախսել «10 միլիոն դոլարի կարգի գումար»:



Դե այսքանը՝ սկզբի համար, չի բացառվում, որ ընթացքում, Ազգային ժողովի դահլիճի օրինակով, անընդհատ միլիոն հատկացնեն: Մի խոսքով, այս պրոյեկտի իրականացման վայրի ընտրությունը պայմանավորված է «գողտրիկ լինելու հանգամանքով», չնայած մեծ նշանակություն է ունեցել նաեւ Երեւան-Մեղրի մայրուղուն մոտ գտնվելը, քանի որ այսպիսով հնարավոր է գումար տնտեսել եւ նոր  ճանապարհ չգցել: Ինչպես վստահեցնում է պրոյեկտի պատասխանատուն, ծրագրի հաստատվելուց հետո եւս մեկ անգամ քննարկում կկազմակերպեն ու մրցույթ կհայտարարեն, որից հետո «հաղթող» կողմը կսկսի շինարարական աշխատանքները:



Տուրիզմի նոր գոտու մեջ ընդգրկված են նաեւ Արփա կիրճի տարածքներ: Թեեւ ամեն ինչ ծրագրային փուլում է, սակայն լրագրողները հետաքրքրվեցին կառուցվելիք 150 տեղանոց հյուրանոցի գներով: Վարդանյանն այս առումով ոչինչ չկարողացավ ասել, ինչպես օրինակ՝ չկարողացավ կանխատեսել, թե քանի ծառ են զոհելու այն իրականացնելու համար: «Ես ասում եմ՝ տարածքում ծառ չկա, դուք հարցնում եք, թե՝ քանիսն եք կտրելու»,-  ջղայնացած հակադարձեց նախարարը: