Երկու տարի անց նոր ասում եք` ինչպե՞ս եղավ

Երկու տարի անց նոր ասում եք` ինչպե՞ս եղավ
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շրջանառության մեջ դրված «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» թիվ A/64/L.57 բանաձեւը վերջին օրերին շարունակում է գլխավորել Երեւանի մամուլի ակումբների քննարկումների թոփ-տասնյակը: Թեեւ սեպտեմբերի 9-ին կայանալիք հարցի քննարկումն այդպես էլ տեղի չունեցավ, որովհետեւ այն ՄԱԿ-ում ադրբեջանական պատվիրակության նախաձեռնությամբ անսպասելիորեն հանվեց օրակարգից, բանաձեւից բխող վտանգն այնուամենայնիվ կենսունակ է՝ անկախ այն բանից, որ Հայաստանի արտգործնախարարությունը շտապել է շնորհակալություն հայտնել «ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը...»:



Ուրբաթ «Դուպլեքս» ակումբում բանաձեւի հետ կապված վերջին զարգացումների շուրջ որոշ պարզաբանումներ է տվել նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը, որը նաեւ եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Նա բնական է համարել, որ «պաշտոնավարող սուբյեկտները» փորձում են բանաձեւի հետաձգումը որպես դիվանագիտական հաղթանակ ներկայացնել, մինչդեռ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդամենը ուրբաթ հայտարարել է, որ առաջարկում է քննարկումը տեղափոխել ՄԱԿ-ի 65-րդ նստաշրջան: «Այսինքն հարցն օրակարգում է, եւ երեքշաբթի օրվանից մինչեւ մյուս տարվա սեպտեմբերի երկրորդ երեքշաբթին այդ հարցը նորից լինելու է դամոկլյան սրի պես կախված մեր վրա»,-ասել է Արզումանյանը:



Հարցի քննարկումը, ըստ նրա, հետաձգել է միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանն ստացել է այն, ինչ ուզում էր, եւ սպասում է հարմար պահի: «Եռանախագահների այցելության ժամանակ միանշանակ հայտարարվեց, որ  եռանախագահները դիմել են թե ՄԱԿ-ին, թե ԵԱՀԿ ղեկավարությանը, եւ որ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին տարածաշրջան եւ 7 խնդրո առարկա տարածքներ կամ, Ադրբեջանի մեկնաբանմամբ՝ «գրավյալ տարածքներ» կուղարկվի փաստահավաք առաքելություն, որը կներառի՝ ընդգրկելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն  հանձնակատարին եւ միջազգային այլ կառույցների փորձագետների:



Այնպես որ այն, ինչ պահանջում էր Ադրբեջանը, ստացել է, եւ այս պահին  նպատակահարմար չի գտնում հարցը դնել քվեարկության»,-պարզաբանեց Արզումանյանը: Ճիշտ է, նմանատիպ բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում եւ կատարման համար պարտադիր չեն, բայց այս կամ այն ատյաններում ընդունված ձեւակերպումները, Արզումանյանի կարծիքով, ունեն «կաթիլը քար է ծակում» ազդեցությունը, որովհետեւ ցանկացած բանակցային գործընթացում շատ կարեւոր են: Ադրբեջանի համար սա ուղղակի հնարավորություն է՝ ընդունել տալու այն ձեւակերպումները, որոնք չեն կարող բանակցային սեղանին տեղ գտնել:



Իսկ ընդհանրապես, Ալեքսանդր Արզումանյանը զարմացած է, որ այդ բանաձեւն այժմ այսքան «աժիոտաժ» է առաջացրել, որովհետեւ այն «օդից չի ընկել»: Նախկին արտգործնախարարի խոսքով, որպես պաշտոնական փաստաթուղթ եւ որպես բանաձեւի նախագիծ, ՄԱԿ-ի ԳԱ-ում վերջին անգամ տարածվել է հունիսի 29-ին: Ալեքսանդր Արզումանյանը նաեւ հիշեցրեց, որ նման նախաձեռնությամբ Ադրբեջանը նախ 2005-ի վերջերին էր հանդես եկել, իսկ 2006-ին հաջողացրել էր օրակարգ մտցնել, որից հետո 2008-ի մարտի 18-ին նույնաբովանդակ բանաձեւ ընդունվեց, թեեւ հանրությունը հատուկ դրության պայմաններում չի կարողացել հետեւել այդ բանաձեւին: Ի դեպ, բանաձեւերը ՄԱԿ-ում համարվում են սպառված, երբ խնդիրը, որի վերաբերյալ ընդունվել է տվյալ բանաձեւը, արդեն լուծվել է:



Իսկ նմանատիպ բանաձեւերի դեմն առնելու համար Արզումանյանը խորհուրդ է տալիս տարին 365 օր աշխատելով եւ հակաառաջարկներով հանդես գալ: «Այդ նույն բանաձեւում խոսք է գնում, որ այդ տարածքներում մշակութային ժառանգությունը ոչնչացվում է, երբ հայկական պատվիրակությունը կարող էր տարիներ առաջ Նոր Ջուղայի խաչքարերի հետ կապված հանդես գալ նման բանաձեւով եւ կստանար նույն աջակցությունը միջազգային հանրության կողմից»: Բացի այս՝ քաղաքական կողմ էլ գոյություն ունի. «Երբ Ադրբեջանը 2008 թվականի սկզբին ակտիվորեն առաջ էր քաշում այս բանաձեւը, Հայաստանում ընտրությունների կեղծիք էր իրականացվում, սպանդ ժողովրդի նկատմամբ, եւ արտգործնախարարության միակ գործառույթն այդ օրերին PR ապահովելն էր ապօրինի իշխանություններին, եւ դրա համար աչքաթող են արել»: