Գյումրվա որսկանը կամ գժի թուղթը զենք կրելուն վնաս չի

Գյումրվա որսկանը կամ գժի թուղթը զենք կրելուն վնաս չի
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Մեհրաբյանը աննախադեպ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում տեղեկացանք, որ մեր ժողովրդի մի զգալի հատվածը՝ 33 հազար 648 հոգի, պաշտոնապես որսորդ է: Դժվար է ասել, թե ինչ կոնկրետ նպատակ էր  հետապնդում «Զենքի մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին բացատրություններ տալու նպատակով հրավիրված ասուլիսը, բայց Կարեն Մեհրաբյանն ամեն դեպքում «քար ծակող» վիճակագրական տվյալներ ներկայացրեց: Պարզվում է, որ Հայաստանում գոյություն ունի 45 հազար 822 միավոր զենք՝ քաղաքացիների տնօրինության տակ:



Ու քանի որ զենք կրելու համար կամ պիտի լինես որսկան, կամ ոստիկան, կամ, ծայրահեղ դեպքում՝ երկրի նախագահ, մնացածները կարող են զինվել միմիայն այն դեպքում, եթե այդ զենքը ձեռք են բերում որպես հավաքածու: Թեպետ հավաքածուն էլ պիտի հաշվառվի: Մի խոսքով, գնդապետ Մեհրաբյանը ամենայն լրջությամբ հայտարարում էր, որ օրենքը շատ խիստ պահանջներ է առաջադրում զենք կրելու իրավունք ունեցողներին, էլ չասած՝ զենքի իրավունքը չունեցող, բայց զինված քաղաքացիներին: Քանի որ լրագրողների շփման դաշտում գտնվող պետական պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներն ու նրանց թիկնազորի անդամները զենքը կրում են ինչպես իրենց մարմնի շարունակություն, հետաքրքրվեցինք, թե ինչ կարգավիճակով են կրում հրազեն:



Ըստ գնդապետ Մեհրաբյանի, պատգամավորներին զենք տրամադրվում է պատգամավորական ժամկետի ընթացքում կրելու նպատակով, իսկ ահա նրանց թիկնազորի անդամներն իրավունք չունեն, եթե, իհարկե, պետական պահպանության վարչության վարձկան ոստիկան չեն: Ստիպված եղանք գնդապետին հիշեցնել հասարակական կարգի խախտման մի շարք օրինակներ, որ թույլ են տվել պատգամավորները կամ կապտարյուն «էլիտայի» որդիները, որպես կոնկրետ օրինակ նշելով դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի թափանչեքով (մաուզերով) պարը «Պապլավոկում», որից հետո նա, այնուամենայնիվ, շարունակում է զենք կրել:



Որպես մեկ այլ օրինակ, հիշեցրինք Գյումրիի հայտնի քաղաքապետին, որը հրապարակավ խոստովանել էր, որ գժի թուղթ ունի, ու հարցրինք՝ եթե հոգեկան հավասարակշռության մասին պարտադիր տեղեկանք է պետք զենք կրելու թույլտվություն ստանալու համար, ինչպե՞ս է Վարդան Ղուկասյանը շրջանցել օրենքի այդ պահանջը, եւ ինչո՞ւ հայտնի պատգամավորը չի զրկվել զենք կրելու իրավունքից: «Օրենքի առջեւ բոլորը պատասխանատու են, իսկ Ձեր նշած անձանց մեղքը չի ապացուցվել»,-պատասխանեց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Մեհրաբյանը:



Վերադառնալով «Զենքի մասին» օրենքի կիրարկման թեմայով հրավիրված ասուլիսի բուն նպատակին, նշենք, որ այն պարզապես չի կարող պատահական լինել, հաշվի առնելով քաղաքական աշնան միտումները: Նախ՝ ընդդիմությունը սկսում է հանրահավաքների ու ակցիաների շրջան, եւ չի բացառվում, որ ոստիկանությունը, այն էլ՝ ի դեմս հասարակական կարգի ապահովման վարչության, կանխավ բացատրական աշխատանքներ է տանում՝ ապագա գործողությունները «օրենքով սահմանված կարգով» հաստատելու նպատակով:



Վարկած է, որը լինելու իրավունք ունի միայն այն պատճառով, որ «աչքը տեսածից է վախենում», իսկ մենք արդեն տեսել ենք, թե 2008-ի մարտի 1-ին ինչ կիրառություն ունեցավ հաշվառված զենքը ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ: Բացի այդ, նախընտրական շրջանը մոտենում է, եւ հնարավոր է, որ օգտագործվի նախորդ ընտրաշրջանում կիրառված մեթոդը: Ոստիկանությունը շրջում էր ընդդիմադիրների, հատկապես Ղարաբաղի պատերազմի վետերանների տներով ու զենք էր փնտրում՝ օրինականն առգրավելով ու գրանցելով որպես ապօրինի՝ ձերբակալություններ իրականացնելու նպատակով: