Վանաձորի ռուսական եկեղեցին` «դիսկոյի» ու բնական կարիքների զոհ

Վանաձորի ռուսական եկեղեցին` «դիսկոյի» ու բնական կարիքների զոհ
Վանաձոր քաղաքի Սբ. Աստվածածնի Ծննդյան եկեղեցին արհամարհված է Լոռու մարզային իշխանությունների կողմից: Արդեն որերորդ տարին է, Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անունը կրող այգում, որը բնակիչների համար շարունակում է մնալ որպես Երկաթուղայինների այգի, ռուս ուղղափառ եկեղեցու հարեւանությամբ գործում է «Կետ.Մ» սրճարանը: Այն աներեսի նման միջամտում է 19-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածնի Ծննդյան եկեղեցու եւ բազմաթիվ հավատացյալների հոգեւոր կյանքին: Սրճարանը տեղակայված է անմիջապես եկեղեցու հարեւանությամբ՝ շատ մոտ, եւ հնարավոր չէ մտնել եկեղեցի, մոմ վառել կամ աղոթել` առանց Սելին Դիոնի, «Մոդերն Թոքինգի» կամ այլ աշխարհիկ երաժիշտների կատարման:



Սրճարանում, բնականաբար, երաժշտության ձայնը շատ բարձր է, այնքան, որ եկեղեցու ներսում էլ է բարձր հնչում: Եկեղեցու մոմավաճառը՝ մի տարեց ռուս կին, պատմում է, թե  ինչ խնդիրներ է ստեղծել այդ սրճարանը եկեղեցու գործունեության համար: «Սբ. Աստվածածնի Ծննդյան եկեղեցին հիմնական քահանա չունի, Երեւանից գալիս, այստեղ պատարագ են մատուցում,-ասում է զրուցակիցս: -Ու գրեթե ամեն պատարագի քահանան ստիպված է խնդրել սրճարանի աշխատակազմին, որպեսզի երաժշտությունն իջեցնեն»: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Վանաձորի ռուս ուղղափառ եկեղեցին նաեւ բնական կարիք ունեցողների զոհ է դառնում: Եկեղեցու հարակից տարածքում են նախընտրում միզել հատկապես սրճարանի` գարեջրից տռզած հաճախորդները:



Եվ այս մասին բոլորը գիտեն, այդ թվում` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Քաղաքապետը նաեւ սրճարանի ստեղծած «երաժշտական» խնդրի մասին գիտի: Եկեղեցու ներկայացուցիչները բողոք են հայտնել տեղական եւ մարզային իշխանություններին, վերջիններս խոստացել են հարցը լուծել: Բայց թե երբ` չեն ասել: Հետաքրքիր է` ինչ կլիներ, եթե որեւէ այլ երկրում հայ առաքելական եկեղեցին նման վերաբերմունքի արժանանար: Մենք սիրում ենք, ավելին` հաջողում ենք նույնիսկ օտար պետություններում եկեղեցիներ կառուցել` ընտրելով լավագույն տարածքները:



Հիշենք թեկուզ Մոսկվայի սրտում տեղակայված Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի մայր տաճարը` իր 25 հազար քմ տարածքով, առանց խաչի` 50 մետր բարձրությամբ, 21 մետր գմբեթի տրամագծով, որը գտնվում է Օլիմպիական պողոտայի մոտակայքում: Ի դեպ, սա այն եկեղեցին է, որի համար նվիրատվություններից 3 միլիոն դոլար յուրացնելու մեղադրանքով 2000-ին հոգեւոր աստիճանից զրկվել էր ռուսական թեմի նախկին առաջնորդ Տիրան Կյուրեղյանը: Նմանատիպ եկեղեցական համալիր, ասում են, հայկական եկեղեցին այլեւս ոչ մի տեղ չունի: Լավ է, որ այն կա:



Բայց ինչ ասեն այն հարյուրավոր ռուս հավատացյալները, որ ապրում են ոչ միայն Վանաձոր քաղաքում, այլ նաեւ մոտակա մոլոկանաբնակ գյուղերում: Նրանք ստիպված են ամեն Սբ. Աստվածածնի Ծննդյան եկեղեցի մտնելուց առաջ, ինչու չէ` նաեւ եկեղեցում, աղոթքի հետ զուգահեռ «սոուլ» կամ «ռաբիս» լսել: Այս խնդիրը, անկասկած, նաեւ ՀՀ կառավարության ուշադրությանն է արժանի, որովհետեւ այս դեպքում խախտվում են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության իրավունքները: Մեր երկիրը «գույք` պարտքի դիմաց» սկզբունքով Ռուսաստանին տալն իշխանություններին չի ազատում ռուս համայնքի հոգեւոր կարիքներին ուշադրություն դարձնելու պատասխանատվությունից եւ պարտավորությունից: Վանաձորի Սբ. Աստվածածնի Ծննդյան եկեղեցին փրկել է պետք: