Անհուշ բերդի մտավոր հետամնացը կամ ՁՊՎ պետը ոչինչ չի հիշում

Անհուշ բերդի մտավոր հետամնացը կամ ՁՊՎ պետը ոչինչ չի հիշում
Չարենցավանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ վերսկսվեց Վահան Խալաֆյանի սպանության գործի քննությունը: Հիշեցնենք, որ 24-ամյա Խալաֆյանին 2010 թվականի ապրիլի 13-ին բերման էին ենթարկել Չարենցավանի ոստիկանություն՝ գողության կասկածանքով հարցաքննելու նպատակով: Ըստ գործի նյութերի՝ գողության բացահայտման ուղղությամբ զբաղվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, որը գործով անցնում է որպես գլխավոր ամբաստանյալ:



Մեղադրանքի կողմը պնդում է, որ այդ օրը Վահան Խալաֆյանը մահացել է ինքն իրեն հասցրած դանակի հարվածներից:  Վահան Խալաֆյանը երեք ոստիկանի ներկայությամբ բացել է սենյակում գտնվող պահարանի վերեւի դուռը, այնտեղ գտել դանակ եւ ինքն իրեն հասցրել երկու հարված՝ 12 եւ 3 սմ խորությամբ: Ընդ որում՝ առաջինը եղել է 12 սմ խորությամբ հարվածը: Այսինքն՝ Վահան Խալաֆյանը ճապոնական սամուրայի սառնասրտությամբ խարակիրի  է արել այնպիսի արագությամբ, որ ոստիկանները չեն հասցրել նույնիսկ խանգարել նրան:



Սոցիալապես ապահով  ընտանիքի որդուն խմբակային գողության կասկածանքով ոստիկանություն բերելու հանգամանքը դեռ մի կողմ, անհասկանալի է, թե ինչպես է նա իմացել պահարանում պահված դանակի տեղն ու անարգել փնտրել այն՝ ինքն իրեն սպանելու նպատակով, այն էլ՝ մեկ չէ, երեք ոստիկանի ներկայությամբ: Ընդհանրապես հայրենի ոստիկանական, ասել է թե՝ իրավական  համակարգում ՀՀ քաղաքացիները վերջերս ինքնասպան լինելու բնավորություն են ձեռք բերել ու եթե երկրորդ հարկի պատուհանից դուրս չեն թռչում, ինչպես արեց Աշոտ Ղուլյանը, ապա գտնում են կյանքին հրաժեշտ տալու այլ ձեւ: Իսկ դատախազությունն էլ Վահան Խալաֆյանի գործի օրինակով բազմաթիվ անհեթեթ դատավարություններ է կազմակերպում՝ հանուն վիճակագրական տվյալների:



Երեկ դատարան էին հրավիրվել լրացուցիչ վկաներ՝ Չարենցավանի ոստիկանության քննչական բաժնի պետ Ա. Զարգարյանին, ՁՊՎ պետ Հովիկ Կարապետյանին եւ շտապօգնության այն անձնակազմին, որին այդ օրը կանչել էին դեպքի վայր: Բժիշկը՝ Վալերի Գաբրիելյան, էն գլխից հայտարարեց, որ հայերեն չի խոսում, եւ դատավորը նրան ետ ուղարկեց՝ հաջորդ նիստին թարգմանչի միջոցով հարցաքննելու նպատակով: Դահլիճում նստած չարենցավանցիները, սակայն, պնդում էին, որ բժիշկը լավ էլ խոսում է հայերեն, պարզապես վախեցած է:



Չհասցրինք նկատել՝ վախեցած է բժիշկը, թե ոչ, բայց որ բուժքույրը վախեցած էր, անհերքելի է: Սա՝ Մարինե Աթալյանց, դատարանի առջեւ կանգնելուն պես պատվեց կարմիր բծերով, ձեռքերը դողում էին, ու դեռ հարց չհնչած, շշնջում էր, որ ինքը ոչինչ չի տեսել: Ի դեպ, նրա ներկայությունը նյարդայնացրեց հայրենի դատախազության կարած գործերը ներկայացնելու հմուտ մասնագետ Կորյուն Փիլոյանին, որն անընդհատ շուռումուռ էր գալիս տեղում ու հայտարարում. «Ի՞նչ եք պարզելու իրան հարցաքննելով»: Իսկ բուժքրոջ հարցաքննությունից շատ բան պարզվեց:



Նախ Մարինա Աթալյանցն ասաց, որ երբ մտել է սենյակ, տեսել է «հիվանդին» «պոլին» պառկած, անգիտակից վիճակում, առանց զարկերակի ու ճնշման, բայց չի տեսել նրա վերքերը: Նրան ոչ ոք չէր հարցրել՝ կա՞ր վերք Խալաֆյանի վրա, թե՞ ոչ: Բուժքույրն ասաց նաեւ, որ արյուն նույնպես չի տեսել: Կարելի՞ է պատկերացնել մի մարդու, որը դանակահարված լինի, դանակը վերքից հանած լինի, վերքը լինի 12 սմ խորությամբ, ու նա արյան լճի մեջ չլինի: Դիլետանտներն ասում են, որ կարող է մահացած լիներ ներքին արյունահոսությունից, բայց բժիշկները նման կարծիքը գնահատում են որպես անհեթեթություն:



Բացի այդ, բուժքույրը երեկ դատարանին ասաց նաեւ, որ ինքն ընդամենը ներերակային ադրենալին է սրսկել Խալաֆյանին ու երբ ասեղը մտցրել է, ներարկիչի մեջ արյուն չի հոսել: Ասաց նաեւ, որ ներարկումից հետո տղային տեղափոխել են շտապօգնության մեքենայի մեջ ու տարել հիվանդանոց: Պաշտպանական կողմի հարցին՝ մեքենայի մեջ շարունակե՞լ են բուժօգնությունը, եւ ողջ եղե՞լ է արդյոք Խալաֆյանը, թե՞ ոչ, բուժքույրն ասաց, որ մեքենայի մեջ տղայի սիրտն ուղղակի մերսում են արել եւ երբ տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժին, նա դեռ ողջ է եղել:



Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է պարզվում լեղաճաք եղած բուժքրոջ ցուցմունքի արդյունքում: Եթե մարդու ճնշումը ոչ թե ցածր է եղել, այլ ընդհանրապես չի եղել, դրան գումարած՝ զարկերակ էլ չի եղել, ու երակից էլ ներարկիչի մեջ արյուն չի հոսել, ուրեմն մարդը մահացած է եղել: Ավելին՝ եթե մարդուն հասցված դանակի վերքից նույնպես արյուն չի հոսել, թեկուզ քիչ քանակությամբ, ուրեմն մարդը կրկին մահացած է եղել ու ավելի շուտ, քան նրան հասցվել է դանակի հարված, այն էլ՝ երկու անգամ: Եթե ասվածին ավելացնենք նաեւ այն, որ դանակի վրա չեն հայտնաբերվել Խալաֆյանի մատնահետքերը, եթե, իհարկե, տղան խարակիրի է արել, ուրեմն չի հաստատվում ինքնասպանության վարկածը:



Նշենք, որ դանակի վրա ընդհանրապես մատնահետքեր չեն եղել, թեպետ նրա հետ սենյակում գտնվել են ամբաստանյալ ոստիկանները, եւ Աշոտ Հարությունյանն էլ դատարանում հայտարարել էր, որ ներս է մտել այն պահին, երբ դանակը եղել է քրեական հետախուզության օպերլիազոր Մորես Հայրապետյանի ձեռքում: Հիմարին էլ պարզ է, որ մատնահետքերն ուղղակի սրբել են: Ի դեպ, հենց Մորես Հայրապետյանի ցուցմունքների հիման վրա էլ Աշոտ Հարությունյանի վրա ծանրացել է մեղքը, բայց ոչ թե սպանության, այլ պաշտոնական լիազորությունների շրջանակից դուրս գալու:



Իսկ Աշոտ Հարությունյանը պնդում է, որ Խալաֆյանին սպանել են, ու ինքն այդ պահին սենյակում չի եղել: Ինչ վերաբերում է մյուս ոստիկաններին՝ Գագիկ Ղազարյան, Գարիկ Դավթյան եւ Մորես Հայրապետյան, ապա, ի տարբերություն Աշոտ Հարությունյանի, նրանք ձերբակալված չեն, ու նրանց խափանման միջոցը ստորագրությամբ քաղաքը չլքելն է: Երեքն էլ մեղադրվում են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ: Ինչ վերաբերում է մյուս վկա-ոստիկաններին, ապա երկուսն էլ հավաստիացնում էին, որ ոչինչ չեն հիշում, զուգահեռաբար պնդում, որ Վահան Խալաֆյանն ինքնասպան է եղել: Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 5-ին, ու այդ օրը կհարցաքննեն շտապօգնության ռուսախոս բժշկին, որն ի դեպ՝ անեստեզիոլոգ է: