Ջրից չէին գտել, որ ջրի բերան տային

Ջրից չէին գտել, որ ջրի բերան տային
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով երեկ ՀԱԿ-ի երթը չկայացավ:   Չնայած անձրեւին՝ բավականին շատ մարդ էր հավաքվել Սարյան պուրակում, որոնք ցանկանում էին չընդհատվող անձրեւի պայմաններում այնուամենայնիվ երթն անցկացնել եւ նամակը հանձնել Եվրախորհրդի գրասենյակ: Սակայն ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը խաղաղեցնում էին հավաքված անկոտրում ժողովրդին, որոնց աչքը չէին վախեցնում ոչ քիչ հեռվում հերթապահող ոստիկանները, ոչ անձրեւը:



«Մենք ձեզ ջրից չենք գտել, որ ջրի բերանը տանք»,-մասնավորապես ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Թեեւ երթը չկայացավ, ՀԱԿ ներկայացուցիչները հավաքվածներին վստահեցրին, որ ՀԱԿ-ի անունից գրված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը  կհանձնվի ԵԽ հայաստանյան գրասենյակին: Առաջին նախագահը ԵԽ գրասենյակին հասցեագրված նամակում  նշում է, որ 2008թ. կեղծված ընտրությունների եւ խաղաղ ցուցարարների վրա գործադրված բռնության արդյունքում առաջացած խոր քաղաքական ճգնաժամը դեռեւս մնում է չկարգավորված:



Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել՝ 13 քաղբանտարկյալների առկայությունը, մարտիմեկյան սպանությունների բացահայտված չլինելը եւ մարդասպանների անպատիժ մնալը, Ազատության հրապարակում ցույց անցկացնելու ընդդիմության հայտերի մերժումն անհեթեթ պատճառաբանություններով, 2008-2010 թվականների բոլոր ընտրությունների կեղծված լինելը, անկախ հեռուստաընկերությունների բացակայությունը:



Նամակում մասնավորապես ասված է. «Եվրոպայի Խորհուրդը եւ նրա Խորհրդարանական վեհաժողովը ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը այն իրողության մեջ, որ մինչեւ այսօր կատարված չեն մեկ տարի եւ ինն ամիս առաջ ընդունված վերջին` 1677 բանաձեւի պահանջները, եւ որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը: Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության նկատմամբ Եվրոպայի Խորհուրդը շարունակում է դրսեւորել չհիմնավորված հանդուրժողականություն` դրանով նպաստելով ապօրինությունների կրկնմանը: ...Նկատի առնելով Եվրոպայի Խորհրդի ստանձնած պատասխանատվությունը Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման եւ պաշտպանության գործում, նաեւ պահանջում ենք Եվրոպայի Խորհրդից` Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչեւ մոնիտորինգի ռեժիմի խստացում»:



Ինչ վերաբերում է ԵԽ-ից սպասվող նամակի արձագանքին, Սարյան պուրակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց. «Մենք ոչ մի սպասելիք չունենք Եվրոպայի Խորհրդից, ուղղակի մեր պարտքն ենք համարում մեր դիրքորոշումներն ու ճշմարտությունը հասցնել միջազգային հանրությանը»:



ՀԳ - Խմբագրություն վերադառնալու ճանապարհին նկատեցինք մարդկանց բազմությունից քիչ հեռու կանգնած՝ հերթապահություն իրականացնող անջրանցիկ թիկնոցով ծածկված ոստիկաններին: Նրանց թրջված տեսքը մարդամոտություն էր առաջացնում, եւ ուզում էինք նրանց մասին մի քանի անչար խոսք գրել, մոտավորապես, որ նրանք էլ մարդ են ու բնության առաջ հավասարապես անպաշտպան են, այնպես, ինչպես որ  մարդն է այս երկրում անպաշտպան, եթե «տանիք» չունի գլխին: Եվ լուսանկարեցինք նրանց իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, ասել է թե՝ կանգնած զրուցելիս: Ոստիկանության մայորը նկատեց դա ու իր մոտ կանչեց: Պահանջեց, որ ջնջեմ լուսանկարը, իսկ երբ ասացի. «Լրագրող եմ, պարոն մայոր, իրավունք ունենք լուսաբանել, թե ոնց եք ծառայում», մայորը սպառնաց բաժին տանել: «Իրավունք չունեք»,-ասացի: «Ես ամեն ինչի իրավունք ունեմ»,-ասաց մայորը: Կողքից մի բարեսիրտ կին  ամոթանք տվեց մայորին: Մայորը մի քանի քայլ հեռացավ, ներքին կապով կապվեց, իրավիճակը զեկուցեց ու քիչ անց փափկած վերադարձավ: «Ջնջեք խնդրում եմ, եթե հնարավոր ա՝ ջնջեք: Ես չեմ ուզում երեւամ»,-ասաց մայորը, որին շեֆերն արգելել էին ինձ բաժին տանել: