Խաչը մեզ պահապան

Խաչը մեզ պահապան
Ուրբաթ ուրախալի լուր ստացվեց Թուրքիայից՝ Վանի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթի խաչը տեղադրվել է: Այն խաչը, որի չտեղադրելը պատճառ էր դարձել, որ հայ հասարակությունը փոթորկվի եւ պարսավանքի ուղերձներ հղի թուրքական իշխանություններին: Այն խաչը, որը չտեղադրելու պատճառով բազմաթիվ ուխտավորներ չմեկնեցին Վան՝ նորոգված հայկական եկեղեցում առաջին անգամ տեղի ունեցող պատարագին մասնակցելու, տեղադրվել է: Չգիտես ինչու, խաչը չտեղադրելն այդքան մեծ աղմուկ ու դժգոհություն ծնեց, իսկ տեղադրելու փաստը ոչ մի ուրախության զգացումներ չառաջացրեց: Եվ սա իր մեջ վտանգ է պարունակում. մեր ժողովուրդը կամաց-կամաց վերածվում է հոմո-սովետիկուսի, որը ոչինչ չէր պահանջում սեփական իշխանությունից, փոխարենը միտինգներ ու բողոքի ակցիաներ էր անում՝ ուղղված «միջազգային իմպերիալիզմին» եւ Սովետի ոխերիմ թշնամուն՝ ԱՄՆ-ին: Միայն մի քանի թուրքագետ-պատմաբաններ երեկ մեկնաբանեցին խաչը տեղադրելու փաստը, այն քամահրանքով վերագրելով «հավասարակշռող քաղաքականության», հայերեն ասած՝ կոմպլեմենտարիզմի: Ըստ նրանց, նույն օրը Անիի Մայր տաճարում նամազի թույլտվությունը հավասարակշռելու համար է տեղադրվել խաչը: Մի քայլով թուրքական իշխանությունը փորձել է շահել իր հասարակության հավանությունը, մյուսով՝ միջազգային հանրության եւ Հայաստան-սփյուռքի: Այսօր արդեն Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը պատրաստվում է հոգեւոր արարողություն կատարել եկեղեցում, որին հավանաբար ներկա կգտնվեն հայ համայնքի ներկայացուցիչները, լրագրողներ: Այնուամենայնիվ մենք կարող ենք արձանագրել, որ եկեղեցին վերագտավ իր պատմական անցյալն ու նոր կյանք ձեռք բերեց: Իսկ Թուրքիայի տարածքում գործող, նորոգ հայկական հոգեւոր տաճար ունենալն արդեն իսկ հաղթանակ է: