Ում բախտը ժպտա` բնակարանների տեր կդառնա

Ում բախտը ժպտա` բնակարանների տեր կդառնա
Սյունիքի մարզկենտրոնի նախկին քաղաքային ջրավազանի տարածքում 2012-ին բարձրահարկ բնակարանային համալիր կկանգնեցվի։ Մոտ 14 մլն դրամով տարածքը գնել է «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն՝ «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» ծրագրի շրջանակներում։  Երիտասարդ ընտանիքների համար նախատեսվում է կառուցել 335 բնակարան։ Շենքերը կլինեն 12-14 հարկանի։



Միայն համալիրի առաջին շենքի համար ստացվել է 206 հայտ, որից 46-ը՝ Քաջարանից։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանի խոսքով, «այդպիսի թաղամաս  Կապանում դեռ չկա: Առաջին շենքի տանիքին կառուցվելու է աշտարակ, որն ունենալու է քաղաքային նշանակության ժամացույց:



Կապանը կլինի երրորդ քաղաքը հանրապետությունում, որ կունենա քաղաքային նշանակության ժամացույց: Սա նաեւ դեմոգրաֆիական զարգացման կարեւոր խնդիր է լուծում, որպեսզի ամեն ինչ չկենտրոնացվի մայրաքաղաքում։ Երիտասարդին այլ բան չի մնում, քան լքել իր քաղաքը եւ տեղափոխվել մայրաքաղաք»,-ասում է Ա. Քարամյանը։ Շենքերը լինելու են որակյալ, ունենալու են 9 բալանոց սեյսմակայունություն։ Համալիրը կունենա խաղահրապարակ, ավոտոտնակներ, լողավազան, հանգստի կանաչ գոտի, խանութներ։



Ըստ Ա. Քարամյանի, տարիներ շարունակ բնակարանաշինարարություն չիրականացնելու հետեւանքով թերահավատություն կա մարդկանց մոտ, սակայն հիմքերը դնելուց հետո մարդկանց հավատը կվերականգնվի։ Ըստ փոխնախարարի՝ 2012-ի վերջին ամբողջ հանրապետությունում 1000 երիտասարդ ընտանիք ապահովված կլինի նմանատիպ բնակարաններով։ Թերեւս սա կլինի Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի մեկնարկը, եւ պատահական չէ, որ  նա հոկտեմբերի 15-ին կմասնակցի առաջին շենքի հիմնարկեքին։ Հիպոթեքային վարկի դեպքում շահառուները ամսական 90-160 հազար դրամ են վճարելու։



Կապանցի Արտաշես Աթայանը «Վիվասելում» է աշխատում։ Կնոջ հետ վարձով բնակվում է մեկ սենյականոցում։ Երեխա չունեն առայժմ։ Հերթագրվել են ու ծրագրի շրջանակներում  ցանկանում են ձեռք բերել 3 սենյականոց բնակարան։ Ընտանեկան բյուջեն 150 հազար դրամ է, ու երիտասարդ ամուսինները համոզված են, որ կհասցնեն վճարել։ Տան տղամարդը նաեւ պայմանագրային այլ աշխատանք է կատարում, ու եթե մի քիչ էլ ծախսերը կրճատեն, 2 տարի հետո նորմալ բնակարան կունենան` իհարկե, եթե բախտը ժպտա, քանի որ վիճակահանություն է իրականացվելու։ Ի դեպ, փոխնախարար Արսեն Քարամյանը, որ ծնունդով կապանցի է, մեր տեղեկություններով, լուրջ պայքար է ծավալել, որպեսզի ծրագիրը Կապանում իրականացվի։ Վերջին տարիներին, չգիտես ինչու, մեծ ծրագրերն իրականացվում են Գորիսում։