Համարձակ, պատասխանատու, անաչառ

Համարձակ, պատասխանատու, անաչառ
Թերթի խմբագրի համար ամենատհաճ բանը թերթում տեղ գտած սխալն է: Կարեւոր չէ ինչ սխալ կլինի՝ փաստի ու թվի, թե պարզապես տառասխալ կամ տեխնիկական վրիպակ: Դրա հայտնաբերումից հետո կարող ես պատժել մեղավորին, քեզ մեղավոր զգալ, որ լավ չես հսկել ու կազմակերպել աշխատանքը, մեղադրել օրաթերթ կոչվող «կոնվեյերի» պարտադրած հապճեպությունն ու սխալները բացառելու անհնարինությունը, մխիթարվել, որ անգամ աշխարհի ամենաճանաչված եւ հսկայական աշխատակազմ ու տարիների փորձ ունեցող լրատվամիջոցները զերծ չեն սխալներից, բայց միեւնույն է՝ սխալն արված է, եւ այն անխուսափելիորեն թողնում է իր հետքը: Ես չեմ մեղադրում այն անձանց, ովքեր, տպագիր խոսքի նկատմամբ արմատացած հարգանքից ելնելով, անհանդուրժող են թերթում տեղ գտած ցանկացած սխալի ու վրիպակի նկատմամբ:



Այո, մենք պետք է առավելագույն ուշադիր լինենք եւ ընթերցողի առաջ զգանք մեր պատասխանատվությունը: Եթե քննադատում ենք իշխանություններին ու պաշտոնյաներին իրենց սխալների համար, մենք պետք է, այսպես ասած, անսխալական լինենք՝ քննադատելու իրավունքն ունենալու համար: Բայց սխալներ, այնուամենայնիվ, լինում են (օրինակ, Լեւոն Բարդակջյանի անունը թյուրիմացաբար տպագրվել էր Ավետիս Բարդակջյան): Մի կողմից ուզում եմ հայցել ընթերցողի ներողամտությունը սխալների համար, մյուս կողմից ուզում եմ հասկանալի լինի, որ դրանք միտումնավոր չեն եւ հաճախ մեր մեղքով չեն:



Եթե խոսքը վերաբերում է փաստական սխալներին, ապա դրանք հիմնականում պայմանավորված են ինֆորմացիա հայթայթելու դժվարություններով: Մեր պաշտոնյաներն ու ինֆորմացիա կրող անձինք-ծառայություններն այնքան վարժ ու անամոթաբար են ստում, այնպես են թաքցնում հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները, որ մենք ստիպված ենք դրանք հայթայթել «մեր աղբյուրներից», ինչը նշանակում է բազում շահագրգիռ անձանց կողմից երբեմն խեղաթյուրված, երբեմն էլ ինչ-ինչ շահերի ծառայող լուրերի տպագրություն:



Մյուս կողմից, անշուշտ, կա լրագրողական տգիտության, փնթիության պահը, որը, հավատացեք, փորձում ենք հասցնել նվազագույնի: Բայց քանի որ երկիրն ամբողջությամբ թաղված է այդ արատների մեջ, լրագրողները նորմալ կրթություն չեն ստանում եւ կադրերի պակաս կա, ուստի ստիպված ենք բավարարվել եղած ռեսուրսով՝ հենց խմբագրություններում իրականացնելով լրագրողներ կրթելու, աշխատանքի տարրական սկզբունքներ՝ կազմակերպվածություն, բարեխղճություն, պատասխանատվություն սերմանելու գործը:



Շաբաթվա հրապարակումներից արձագանքներ ստացել ենք կրկին բանակին առնչվող հոդվածների, հանրակրթության համակարգի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի, արտաքին քաղաքականության խնդիրների մասին հրապարակումների առնչությամբ: Ընդհանրապես, պաշտպանության նախարարությունը ցավոտ է արձագանքում բանակի մասին անխտիր բոլոր նյութերին, սակայն այս նախարարության մամուլի ծառայության հետ աշխատելը դարձել է անհնարին: Բանը հասել է նրան, որ ցանկացած հարցի կապակցությամբ գրավոր հարցում են պահանջում եւ օրերով չեն պատասխանում դրան: Իսկ երբ հրապարակումն անում ենք առանց իրենց «արժեքավոր» տեղեկությունների, անմիջապես հաղորդագրություն են տարածում, մեզ մեղադրելով բոլոր մեղքերի՝ «թյուրիմացություն տարածելու, թշնամուն արջի ծառայություն մատուցելու, պետականության եւ բանակի դեմ աշխատելու» մեջ:



Այս պարոնները չեն հասկանում, որ օրաթերթի աշխատանքը ենթադրում է հրատապություն եւ չի կարող լրագրողը գրագրությամբ զբաղվել ու ինֆորմացիան հնացնել: Այն պարզապես կկորցնի իր արժեքը: Գրավոր հարց ու պատասխանի սկզբունքը եթե կիրառելի է շարքային քաղաքացիների դեպքում, ապա լրագրողների պարագայում առնվազն խայտառակություն է՝ թերթի աշխատանքին խոչընդոտելու եւ տեղեկատվությունը թաքցնելու միտում:



Այս առումով, անցած շաբաթ մեզ զարմացրեց մարդու իրավունքների պաշտպանը: Մենք, որ անաչառությամբ լուսաբանել ենք ՄԻՊ գրասենյակի բոլոր քայլերը եւ հիմնականում զերծ ենք մնացել որակումներից ու քննադատությունից, բախվեցինք Արմեն Հարությունյան-չինովնիկի վերաբերմունքին: Թվում է՝ սա այն մարմինն է, որ պետք է ուրախ լինի ամբիոն ունենալու, հանրության հետ շփվելու, մարդու իրավունքների ոլորտում տիրող վիճակն ու իր արածը հնարավորինս լայնորեն լուսաբանելու հնարավորության համար: Սակայն պարզվեց՝ օմբուդսմենը մեր պատգամավորներից ու բիզնեսմեններից ոչնչով չի տարբերվում. հերիք չէ մարդու իրավունքների հարցերով զբաղվում է ընտրողաբար եւ նախագահական նստավայրից ստացած ցուցումներին համապատասխան, դեռ իր ունեցած ինֆորմացիան էլ «վաճառում է» լրագրողների վրա:



Անցած շաբաթ նա մեր լրագրողին մերժել էր հարցազրույց տալ՝ այն պատճառաբանությամբ, թե «ուրիշ լրագրողի է խոստացել»: Սա այլ կերպ, քան քծնանք այդ լրագրողի ու լրատվամիջոցի հանդեպ, դժվար է հասկանալ: Թերեւս չարժե զարմանալ. եթե մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղված անձը Նիկոլ Փաշինյանի հետ կապված ահազանգին արձագանքում է, թե՝ կեղծ ահազանգեր են, եւ հասկացնում, որ իր պաշտպանությունը չակնկալեն, քանի որ իր հասցեին «Հայկական ժամանակը» տհաճ հոդվածներ է տպագրել, էլ ի՞նչ պահանջես այդ մարդուց:



Հետաքրքիր արձագանք ունեցանք «Հանրահավաք վրացական ափին» հոդվածի կապակցությամբ, որտեղ հեղինակը՝ Լեւոն Շահինյանը, անդրադարձել էր վրացական ծովափին եւ ընդհանրապես վրացական տնտեսության զարգացումներին ու դրանց հակադրել մեզանում տեղի ունեցող երեւույթները, կառավարության ջանքերը: Մարդիկ նկատել ու գնահատել էին հոդվածի անկեղծությունը, դիպուկ դիտարկումները: Համաձայն էին հոդվածագրի հետ, որ զուգահեռները մեր օգտին չեն:



Բայց առավել աղմուկ են հանում քաղաքական կուսակցություններին վերաբերող մեր հրապարակումները: Անցած շաբաթ դրանք մի քանիսն էին՝ «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մասին, որոնք արդեն իսկ սկսել են ընտրապայքարը եւ շատ ցավոտ են տանում ցանկացած հոդված, որտեղ իրենց ուղղակի գովքն արված չէ: Ավելին՝ ամեն ինչի տակ փնտրում են ենթատեքստեր, «պատվեր», սրա-նրա մատը: Ընդհանրապես, մեր չինովնիկներն ու քաղաքական գործիչները շատ կասկածամիտ են եւ սարսափում են իրենց դեմ կազմակերպված արշավներից ու ցանկացած հրապարակման հետեւում թշնամական ուժերի մանրակրկիտ մշակված ծրագիր են տեսնում:



Աստված ոչ արասցե՝ հանկարծ ենթադրեն, որ այդ ծրագրի հետեւում նախագահականն է կանգնած, սկսում են դողալ աշնան տերեւի նման եւ անմիջապես վազում են Բաղրամյան փողոց կամ բանագնացներ ուղարկում՝ խնդրելով, որ բացատրեն, թե ինչում են մեղք գործել եւ ինչպես քավեն այդ մեղքը: Երբեմն անգամ զավեշտական է, երբ տեսնում ես, թե հասարակության մեջ «կրուտոյի» համբավ ունեցող մեկն ինչպես է խեղճանում՝ մի բուռ դառնում, երբ ինքն իրեն կամ կողքից համոզում են, որ՝ «Սերժը որոշել է ոչնչացնել քեզ»: Սա հավանաբար Քոչարյանի ժամանակներից եկող մտածողություն է, երբ փոքրիկ սխալի արդյունքում նախագահականի «սեւ ցուցակում» հայտնված անձն ու գործիչը, նրա ունեցվածքն ու դիրքը հողին էին հավասարեցվում:



Բայց այս մտածողության հաղթանակի հարցում փոքր չէ նաեւ «հողին հավասարեցվողների» մեղքը, որոնք այս համակարգի մասնիկն են կազմել, հնազանդորեն ընդունել իրենց բաժին հասած պատիժն ու պարարտ հող ստեղծել նման կամայականությունների համար: Նման մտածողության կրողներին, անշուշտ, շատ դժվար է համոզել, որ մամուլը կարող է նման խաղերի մեջ չլինել եւ իր հետ կապված հրապարակումը ոչ մեկի կողմից «պատվիրված չէ»: Նա գիտի, որ ինքն առանց հրահանգի ոչինչ չի անում, ուստի համոզված է, որ բոլորն են այդպես ապրում: Իսկ այդ մտածողությունը փոխելու համար թերեւս հարյուր տարի է հարկավոր: