Մի սպանիր շանը, գուցե նա քո պապն է

Մի սպանիր շանը, գուցե նա քո պապն է
«Տիեզերական ոգին գոյություն ունի. ու գուցե այն շունը, որին դու սպանում ես, հենց քո պապն է»,- այսօր կենդանիների համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ինքնաբուխ կերպով նշեց ռեժիսոր Արմեն Մազմանյանն, ապա ավելացրեց, որ մարդն էլ կենդանու մի տեսակ է. «Ո՞ւր են մեր գազանները, այն, որ անտառում պատահաբար սկյուռիկների էինք տեսնում, ո՞ւր են փողոցով վազող աղվեսները, չկան, վերացան, որովհետև տղեքը շատ հավեսով որսի էին դուրս եկել»:



Հայրենիքն էլ, ըստ պրն Մազմանյանի, դա մեր հողն է, ջուրը ու այն կենդանիները, որ մեզ շրջապատում են: Նա անդրադարձավ նաև Եվրոպայում այս հարցի շուրջ տրված լուծումներից մեկին. «Նա, ով շուն է պահում, պետության կողմից ստանում է դոտացիա, այսինքն այդ շամպունի, կերի գումարը նրան վերադարձնում են: Մեր պետությունն ամեն փառատոնի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսում, չեմ կարծում, որ կենդանիներին տրվող այդ կոպեկը մեր բյուջեին այդքան կհարվածի: Եթե մարդը իմանա, որ էդ շան կերի գումարը իրեն հետ են տալու, վստահ եմ, որ վագոններում ապրող ամենաչունևոր մարդն էլ կուզենա մի 10 հատ շուն ու կատու պահի»:



«Փրո Փոուզ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարե Արամյանն էլ նշեց, որ պետբյուջեից 2010թ-ին 180 մլն. գումար է տրամադրվել թափառող կենդանիների խնդիրը լուծելու համար, բայց դրանցից և ոչ մի քայլը նկատելի չէ, ինչին ի պատասխան Արմեն Մազմանյանն ասաց, որ հավանաբար փամփուշտներ են գնել, դրա համար էլ կատարվող քայլերը նկատելի չեն:



Ըստ պաշտոնական տվյալների, 2006թ-ից մինչ օրս Երևանում ստերջացվել է 30 հազար 574 և ոչնչացվել է 68 հազար 890 շուն, բայց գիտական ապացույցները փաստում են, որ կենդանիներին ոչնչացնելով ոչ միայն չի լուծվում այս հարցը, այլև դրա արդյունքում շներն ավելի արագ են բազմանում և դառնում են էլ ավելի ագրեսիվ:



Հասարակական գործիչ Կարինե Հակոբյանն էլ նշեց, որ կան միջազգային կազմակերպություններ, ովքեր պատրաստ են գալ ու մեզ աջակցել այս խնդրում, բայց նրանք նախևառաջ պահանջ են դնում, որ կենդանիների սպանդը վերանա:



Արմեն Մազմանյանն էլ առաջարկեց, որ գոնե մի տարածք տրամադրվի որևէ հասարակական կազմակերպության՝ թափառող շներին կերակրելու, խնամելու համար, որտեղ կհավաքվեն շուն սիրողները:



Ասուլիսին ներկա երգահան Էդգար Գյանջումյանն իր սեփական փորձով փաստեց, որ հաճախ այդ դրսի, թափառական շները ավելի նվիրված են լինում, քան ցեղական շները. «Ես 3 թափառակ շուն եմ պահում, որոնց շատ եմ սիրում: Դրսի շներ են, բայց այնքան խելացի»:



Բանախոսները նշեցին, որ ի պաշտպանություն թափառող կենդանիների, այսօր /եթե անձրևը խանգարի, ապա միջոցառումը կտեղափոխվի վաղը/ Թամանյանի արձանի մոտ ժ.18.00-ին կլինի կավճանկարչություն, ուրախ ակցիա ի պաշտպանություն կենդանիների:



Հոկտեմբերի 4-ը, որպես կենդանիների համաշխարհային օր նշվում է 1931թ-ից, ամսաթվի ընտրությունը պատահական չէ, այս օրը կենդանիների հովանավոր Սուրբ Ֆրանսիսկի հիշատակի օրն է: Աշխարհի մի շարք եկեղեցիներ հոկտեմբերի 4-ին մոտ կիրակին նվիրում են կենդանիների օրհնությանը: Արդեն 2008թ-ին այս օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել 66 երկրներում, Հայաստանն էլ 2008-ից ի վեր հոկտեմբերի 4-ը նշում է որպես կենդանիների համաշխարհային օր: