Առայժմ խնդրում են, հետո կբողոքեն

Առայժմ խնդրում են, հետո կբողոքեն
Մաշտոցի պողոտայում գտնվող փակ շուկան երեկ մարդաշատ էր: Շուկայի առջեւ հավաքված մարդկանց բորբոքված խոսակցություններից տպավորություն էր, թե դուրս են եկել բողոքի ակցիայի: Սակայն աշխատակիցները մեզ «ուղղեցին», որ իրենց արածը ոչ թե բողոք է, այլ խնդրանք՝ ուղղված շուկայի սեփականատիրոջը, որ շուկայի վերանորոգումը հետաձգի եւ հնարավորություն ընձեռի  իրենց մինչեւ դեկտեմբերի 31-ն աշխատել, դրանից հետո միայն սկսել վերանորոգման աշխատանքները: Բանն այն է, որ որոշել են շուկան կապիտալ վերանորոգել ու այդ մասին առեւտուր անողներին տեղեկացրել են ընդամենը 2 օր առաջ:



Պատին գրել են, թե հոկտեմբերի 14-ից շուկան փակվում է՝ վերանորոգման նպատակով, մինչդեռ մի քանի ամսվա կտրվածքով աշխատողները ապրանք են պահեստավորել, որպեսզի նախատոնական շրջանում իրացնեն, սակայն անսպասելիորեն կանգնել են լուրջ խնդիրների առջեւ:  Երեկվանից նրանք գործադուլ են հայտարարել՝ խնդրելով սեփականատիրոջը վերանայել որոշումը եւ հետաձգել նորոգումը:



«Գոնե սկսեն հունվարից հետո: Դեմ չենք, ինչքան ուզում ա՝ թող տեւի, էդքան էլ չենք անհանգստանում, իսկ այս ձեւով պարզապես կզրկվենք մի քանի կոպեկից, ինչը հնարավորություն ունենք աշխատել մինչեւ Նոր տարի»,-մեզ հետ զրույցում ասաց շուկայի աշխատակիցներից մեկը: Նրանք մեզ փոխանցեցին, որ եթե հանկարծ իրենց խնդրանքը հաշվի չառնեն, կսկսեն բողոքի ակցիա անել կառավարության ու այլ պետական կառույցների մոտ: Իսկ գործադուլը, իրենց վստահեցմամբ, առայժմ շարունակելու են: