Ես միշտ էլ փայլուն ելույթներ եմ ունենում

Ես միշտ էլ փայլուն ելույթներ եմ ունենում
Երեկ Հայաստանի ընդդիմության եւ իշխանության պայքարի երկու ավանդական թատերաբեմերից մեկում բուռն իրադարձություններ էին: Գոնե 2008-ից ի վեր Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների բախումները երկու հարթակներում են ընթանում` Երեւանի Մատենադարանում եւ Ստրասբուրգի ԵԽԽՎ ամբիոնում: Երեկ հերթը Ստրասբուրգինն էր: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկվել էր Հայաստանում առկա իրադրությունը, երկրի վերաբերյալ ԵԽԽՎ որոշումների կատարման ընթացքը, ՀՀ իշխանությունների ներկայացրած   բարեփոխումների ճանապարհային քարտեզը:



Նիստին մասնակցել են եւ ընդդիմության կողմից ելույթ են ունեցել ԵԽԽՎ եւ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Ռուստամյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Իշխանությունների կողմից հանդես են եկել եւ «իրականացվող բարեփոխումների» թեմայով ճամարտակել են Դավիթ Հարությունյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ինչին ինքնաբերաբար անդրադառնալ էլ չարժե: Քննարկումների արդյունքում Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում կընդունի մինչեւ ուրբաթ` ԵԽԽՎ նստաշրջանի ավարտը` ԵԽԽՎ համազեկուցողների ինստիտուտի եւ դրա բարեփոխման քննարկումների համատեքստում:



Այդուհանդերձ Հայաստանին առնչվող հետագա քայլերի շուրջ համաձայնություն երեկ ըստ էության կայացվել է. ամենայն հավանականությամբ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողները Երեւան կժամանեն հոկտեմբերի 16-ին եւ մինչեւ 20-ը երկրում կիրականացնեն փաստահավաք առաքելություն: Ժամանելու են Ջոն Պրեսկոտը եւ Լինդբլադը:



Ընդ որում` ընդդիմության ելույթներն ազդեցություն գործել են, որովհետեւ համազեկուցողների 10-օրյա ժամկետում Հայաստան գալու պահանջը հնչել է Զարուհի Փոստանջյանի ելույթում: Տիկին Փոստանջյանի ելույթում իբրեւ առկա հրատապ, չլուծվող խնդիրներ թվարկվել են`



1. տասներեք քաղբանտարկյալների առկայությունը` առաջարկելով, որ ՀՀ իշխանություններից պահանջվի մեկամսյա ժամկետում նրանց ազատել,

2. մարտի մեկի սպանությունների չբացահայտված եւ արյունահեղություն իրականացնողների անպատիժ մնալը` առաջարկելով, որ ՀՀ իշխանություններից պահանջվի հետաքննություն իրականացնել լուծարված փաստահավաք խմբի կուտակած նյութի հիման վրա,

3. մարտի մեկի իրադարձություններում ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործումը` առաջարկելով, որ փաստի առջեւ հետաքննություն սկսվի,

4. ընդդիմության`  խաղաղ ցույցերի եւ երթերի իրավունքի խոչընդոտումը` առաջարկելով, որ իշխանություններից պահանջվի պատասխանատվության ենթարկել խաղաղ հանրահավաքների իրավունքը ոտնահարող պաշտոնյաներին,

5. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում հունիսին իրականացված փոփոխությունները, որով իշխանությունը ջանում է խստացնել առանց այն էլ հաստատված տոտալ վերահսկողությունը եթերի հանդեպ` առաջարկելով, որ մեկամսյա ժամկետում ՀՀ իշխանություններից պահանջվի վերանայել օրենքը եւ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին,

6. Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նենգափոխումը եւ ընդդիմությանն այդ գործընթացից հեռացնելը` առաջարկելով, որ պահանջվի ապահովել ընդդիմության մասնակցությունը:



Ահա բոլոր այս խնդիրների շուրջ փաստահավաք առաքելության համար պահանջվում էր, որ համազեկուցողները ժամանեն Հայաստան եւ զեկույց կազմեն Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացնելու համար: Սակայն երեկվա ելույթների դափնին իրավամբ պատկանել է Արմեն Ռուստամյանին: Այնքան, որ երբ զանգահարեցի, առաջինն ասացի. «Պրն. Ռուստամյան, ասում են` այսօր փայլուն ելույթ եք ունեցել»: «Հա՞»: «Զառան է ասել, ասաց շատ հաջող ելույթ էր»: «Էդպիսի բա՞ն է ասել»:



«Ազնվորեն, ասաց, որ ելույթ եք ունեցել ինչպես ընդդիմադիրը կխոսեր, ուղղակի փայլուն»: «Տո, ես միշտ եմ փայլուն ելույթներ ունենում...» եւ ծիծաղեց: Ի՞նչն էր այդպես փայլուն եղել Ռուստամյանի ելույթում: Նախ այն, որ ընդդիմության ելույթները ակամա ոչ թե կրկնել, այլ լրացրել են իրար, եւ կարծում եմ` խնդիրների այդ լայն ընդգրկումն ու հիմնավորումն էլ դեր են կատարել, որ համազեկուցողները համարյա տասնօրյա ժամկետում ժամանելու են Հայաստան:



Ռուստամյանը ամենակարեւորն ընդգծել է այն, որ ԵԽԽՎ բոլոր բանաձեւերի նպատակը եղել է 2008-ի դեպքերից հետո ընդդիմության եւ իշխանությունների միջեւ առաջացած խորը դիմակայության եւ հասարակական անվստահության հաղթահարումը: Ինչ-որ ժամանակ ԵԽԽՎ ճնշումների ներքո իշխանությունների կողմից ընդդիմությանն ընդառաջ կիսաքայլեր արվել են, սակայն այժմ իրադրությունն անհուսալի է դարձել: Իշխանությունը միայնակ ինչ-որ բարեփոխումներ է ուղենշում եւ քայլեր կատարում, որին չի մասնակցում ընդդիմությունը:



Երկրում քաղաքական երկխոսություն չի կայանում, ինչն էլ նշանակում է, որ հաջորդ ընտրություններին երկիրը մոտենում է նույն բեւեռացմամբ, ներքին պառակտումով ու թշնամանքով, ինչ 2008-ին, որի ելքը կարող է լինել նոր ողբերգությունը: Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցում իշխանությունն այնպես է մեկուսացրել ընդդիմությանը, որ վերջիններս հարկադրյալ այլընտրանքային նախագծեր են ստեղծում: Համաներումը թեեւ հայտարարվել է, այնպիսի աղճատ գործադրում է ստացել, որ տասնյակից ավելի մարդիկ դեռ մնում են ազատազրկման վայրերում:



Մարտի մեկի կապակցությամբ Ռուստամյանը հիշեցրել է, որ ՀՅԴ-ն թեեւ մասնակցել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, վերջում, սակայն, ներկայացրել է հատուկ կարծիք` մարտի մեկի դեպքերին իշխանությունների ոչ իրավազոր եւ ոչ իրավաչափ հակազդեցության մասին, իսկ հետաքննություն մինչեւ օրս չի իրականացվում: Առավել եւս մարտի մեկի տասը զոհերի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Ռուստամյանը նաեւ լրատվադաշտի անազատությանն է անդրադարձել, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններին: Ի վերջո ձախողված ու չկայացող երկխոսությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ նշանակում է, որ առաջընթաց չկա, եւ երկիրը կանգնած է 2008-ի ողբերգության կրկնությանը դեմ-հանդիման. սա է եղել ելույթի լեյտմոտիվը: Ուր է թե այդքանը իշխանությունը գիտակցեր: Արյան, կոռուպցիայի ու հանցագործությունների մեջ թաղված ՀՀԿ ղեկավարությունը: