Բալասանյանը կոլեկցիա՞ է հավաքում
Սամվել Բալասանյանն ասաց, որ իր ճակատին այն ժամանակ գրված էր ՕԵԿ, հիմա էլ է գրված, որ այդ կուսակցությունից դուրս է եկել, որովհետեւ իր սկզբունքներին դեմ են եղել ինչ-որ մոտեցումներ, ինչ-որ քաղաքական դրսեւորումներ: Պարոն Բալասանյանին ուզում եմ հարց ուղղել: Ի՞նչ է ստացվում, որ ինքն իր ՕԵԿ-ական սկզբունքներով եկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությո՞ւն: Տրամաբանորեն ինձ մոտ նաեւ կարծիք է ձեւավորվում, որ այդ երկու կուսակցություններն էլ նույն սկզբունքներն ունեն, որ նախկինում ՕԵԿ անդամը նույն սկզբունքներով հիմա էլ «բարգավաճում է»:
Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է անկայուն լինել եւ պահի թելադրանքով հարց լուծել, հասարակության մեջ տպավորություն ստեղծել, որ իրենք կայացած քաղաքական գործիչ են, եւ ակնկալել, որ հասարակությունն իրենց պետք է լուրջ նայի: Կարծում են հասարակությունն իր հիշողությունը կորցրե՞լ է: Հասարակությունն իր հիշողությունը չի կորցրել: Այսօրվա պես հիշում եմ, երբ Բալասանյանն ասում էր. «Իմ ճակատին գրված է ՕԵԿ»: Ի՞նչ է ստացվում՝ նրա ճակատը տարբեր կուսակցությունների անվանումներով դաջվածքների հրապարա՞կ է, կոլեկցիա՞ է հավաքում:
Ինչպե՞ս կարելի է նման մտածողություն ունեցող «քաղաքական գործչին» փոխխոսնակ ընտրել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Ազգային ժողովը թաղի «խառոշիների» թայֆա է, ոչ թե օրենսդիր իշխանություն, որովհետեւ օրենսդիր իշխանության մեջ քաղաքական գործիչը օրենսդիր գործունեությամբ պետք է զբաղվի, հստակ քաղաքական դիրքորոշում եւ սկզբունքներ ունենա՝ կոնկրետ գաղափարախոսության հենքի վրա:
Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հրապարակի» մշտական ընթերցող
Կարծիքներ