Խեւ-Խանի չախկալը (պատմվածք)

Խեւ-Խանի չախկալը (պատմվածք)
Հե՜յ գիտի, հա՜, ականջդ կանչի, Ռեդիարդ Քիփլինգ։ Հե՜յ գիտի, հա՜, որտե՞ղ ես հիմա, է՜։ Հետաքրքիր է, շա՜տ հետաքրքիր է, երբ նկարագրում էիր Հնդկաստանի արեւադարձային ջունգլիների կյանքը, նկատի ունեի՞ր արդյոք «Երրորդ մաս» հորջորջյալ թաղամասում ծվարած Մեր Հետնաբակի ամենօրյա-շուրջօրյա հույժ համանման անցուդարձը։ Կամ գուցե դու մարգարեաբար կանխատեսե՞լ էիր, որ երբեւէ աշխարհի որեւէ այլ անկյունում տեղի են ունենալու նույն բաները, որոնք արդեն եղել են մի անգամ։ Ու դա լինելու է ոչ թե կենդանական աշխարհում, ուր կար ընդամենը մարդկային մեկ էակ, այլ հենց մարդկանց միջավայրում, ուր, սակայն, որքա՜ն սակավ է մարդկությունը։



Զի ներկայումս (թերեւս նախկիններում` գրեթե բոլոր դարաշրջաններում նմանապես), ի խորոց սրտի, մարդկային հասարակությունում գերիշխողը կենդանական բնազդներն են։ Եվ ի մասնավորի` Մեր Հետնաբակում` հատկապես։ Եվ այդ պարագայում պատահականությո՞ւն է արդյոք, թե՞ ինչ-որ նախախնամություն, որ հենց այս թաղամասը, ուր եւ ծվարել է Մեր Հետնաբակը, մեր իրականությունում այսօր ստացել է հենց իսկ «Հնդկաստան» անվանումը։



Ու թերեւս Մեր Հետնաբակն էլ հենց այս «Հնդկաստանի» ջունգլին է, ուր կան ամեն տեսակի գազաններ` գիշատիչներ, խոտաճարակներ... Սակայն տվյալ դեպքում թաղամասի այս կամ այն անվանումն այնքան էլ էական ու խնդրահարույց չի: Քանի որ աշխարհի բոլոր թաղամասերն էլ որոշ առումներով իրար նման են: Լոկ չնչին տարբերություններով...



Եվ ուրեմն, այդպիսով ստացվում է, որ դու` Ռեդիարդ Քիփլինգդ, անմահ կերպարներդ կերտելիս միաժամանակ կերտում էիր նաեւ հենց Մեր Հետնաբակի մարդկանց։ Կամ թե` աչքիդ առաջ հենց մեր մարդկա՞նց ես իբրեւ կերպարներիդ նախատիպ ունեցել։ Բայց չէ որ մերոնք շատ ավելի ուշ են աշխարհ եկել, քան, երբ դու ստեղծում էիր քո արեւադարձային աշխարհը։ Ո՞վ գիտե՜... Բայց որ այսօր Մեր Հետնաբակում ե՛ւ շերխաններ կան, ե՛ւ չախկալներ, ե՛ւ գայլեր, դա հաստատ է։ Միայն թե մերոնք մի քիչ ուրիշ կերպ են անվանվում։ Ասենք` Գելո, Բուլո, Բուգոռ: Իսկ շատ հաճախ էլ` համակցված։ Զորօրինակ` Շեկլիկ Շակալ, Ժանիք Սուրո կամ թե` Խեւ-Խանի Չախկալ...



Վերջինս իր այս անունը ժառանգություն էր ստացել։ Իհարկե, իր պապից` Խեւ-Խանից։ Մեր Չախկալի պապին, սակայն, մենք երբեւէ չենք էլ տեսել։ Բանավոր աղբյուրներից մեզ հասած զրույցները եւ ավանդույթները վկայում են թերեւս, որ այդ պապը ամբողջությամբ ու լիովին համապատասխանել է իր անվանը։ Խոսքը մեր մեջ, շատ խեւն է եղել ու դեռ իրեն էլ խան է կարգել Մեր Հետնաբակում։ Ինքնակոչ խան։ Ու հենց այդ պատճառով էլ խեւը կցվել ու կեղծ խանի հետ կազմել է մի ամբողջություն։ Հետո էլ դառել է հատուկ անուն` Խեւ-Խան հորջորջմամբ։ Վերջում էլ այդ անունը` իբրեւ ժառանգություն, մնացել է իր սերունդներին։



Եվ ուրեմն, այդպես էլ այդ անունը եկել ու բաժին էր հասել մեր Չախկալին:



Դե, իզո՞ւր է ասվում, թե պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Առավելապես, եթե տեղանքը հարթ է։ Տեղանքի անհարթության պարագայում թերեւս հնարավոր է, որ ընկնելուց հետո պտուղը գլորվի ծառից հեռու։ Իսկ Մեր Հետնաբակում, թարսի պես, տեղանքը հարթ է։ Ու քանի որ դա հենց այդպես է, որ կա՜, ուրեմն մեր Չախկալն իր ծառից, իմա` պապից, հեռու չի ընկել։ Ծառից ընկել է ու, որ տեղանքը հարթ է եղել, չի գլորվել, այլ մնացել է ծառի տակ: Այսինքն` պապի նման։ Ըստ այդմ, մեր Չախկալն էլ պակաս խեւը չէր։ Ու, ինչպես կասեր լուսահոգի Վարպետ Վարոն՝ «էդ Չախկալից զգուշանալ է պետք, հեռու մնալ է պետք։ Ռանգը շեկ է, աչք-ունքն էլ անիմանալի ձեւի գունե-գուն ու թխպոտ»։



Իրոք, մեր էդ Չախկալի աչքերը կապտա-կանաչա-գորշավուն ինչ-որ երանգ ունեին: Անհասկանալի-անըմբռնելի: Իսկ հոնքերն այնքան խիտ ու երկար էին, որ իսկի գլխին այդքան մազ չկար։ Ու թե մարդիկ չանսային Վարպետ Վարոյի ճշմարիտ խոսքն ու չհետեւեին նրա իմաստուն խորհրդին, այլեւ մշտապես չզգուշանային իրեն արդարության համար պայքարող մարտիկ հռչակած Չախկալից (ուշք դարձրի՞ք, պապի պես ինքնակոչ), թերեւս անպատճառ նրան խորհուրդ կտային... հոնքերը խնամքով հետ սանրել ու ծածկել իր փառահեղ ճաղատը, որ լերկ էր ու փայլփլուն, հանց սառցապատ լեռնագագաթ։ Բայց ո՞վ էր գլխից ձեռք քաշել։ Ո՞վ գլուխ ուներ Չախկալի հետ։ Ո՞վ իր գլուխը կամավոր գրավ կդներ Չախկալի... գրչի տակ։ Մի Հետնաբակ, մի Չախկալ, լիքը հոգսեր ու... արդարության անհագ պահանջ։ Ու` «...էդ սրբազան պահանջի նախանձախնդիրը ե՛ս եմ, ե՜ս։ Միմիայն ե՛ս, ուրիշ ոչ ոք»,- կուրծք էր ծեծում Չախկալն անդադրում։



Իսկ այդ նախանձախնդրությունն էլ սկսվում, արտահայտվում ու սահմանափակվում էր ինչ-որ տեղ` «վերեւներ», ուղղված անվերջանալի ահազանգ-պահանջներով. «Էս մեկն էսօր էս արեց, էն մեկն էրեկ` էն, մեկելն էլ` մի ուրիշ օր` մի այլ բան»։ Ու այդպես շարունակ։ Մի խոսքով` մի պարզ, մի շատ սովորական կլյաուզնիկ էր Մեր Հետնաբակի էդ Խեւ-Խանի Չախկալը:



Դե ուրեմն ասեք, էլ ո՞վ կարող էր, ո՞վ կհանդգներ դեմ դուրս գալ Չախկալին։ Ո՞վ կհամարձակվեր։ Ո՞վ էր այդ քաջը։ Մեր Հետնաբակում՝ որ նմանը չկար։ Միառժամանակ։ Մինչեւ որ լույս աշխարհ եկավ Նագլին։ Մի փոքրիկ մանչուկ, որ երբ մեծացավ ու դարձավ Նագլի Լակոտ, չափազանց շատ հոգսեր պատճառեց` ո՛չ միայն իր ծնողներին, այլեւ ո՛ղջ Մեր Հետնաբակին ու... չեք հավատա... նաեւ Խեւ-Խանի Չախկալին։



Ամենեւին հարկ չկա ամենայն մանրամասնություններով ճոխ-ճոխ նկարագրել Մեր Հետնաբակի ամենօրյա-շուրջօրյա հույժ հագեցած անցուդարձը։ Եվ ամենեւին էլ չենք սխալվի, եթե պնդենք, որ որեւէ այլ բակի ամենօրյա-շուրջօրյա անցուդարձը շատ չի տարբերվում Մեր Հետնաբակի ամենօրյա-շուրջօրյա հույժ հագեցած անցուդարձից: Թերեւս կսխալվենք, եթե մտքներովս մի պահ անցկացնենք, որ այլ բակերի ամենօրյա-շուրջօրյա անցուդարձը սակավ հագեցած է, քան Մեր Հետնաբակում: Այնպես որ, հիմա բավարարվենք սոսկ նրանով, ինչն արդեն ասել ենք. այն է` Մեր Հետնաբակում գրեթե նույն բաներն են կատարվում, ինչ, ըստ Ռեդիարդ Քիփլինգի, երբեւէ տեղի է ունեցել Հնդկաստանի արեւադարձային ջունգլիներում։ Միայն թե, երբ Մեր Հետնաբակում հրապարակ իջավ ու թափով ասպարեզ մտավ Նագլի Լակոտը, Մեր Հետնաբակի ամենօրյա-շուրջօրյա հագեցած ¥հույժ հագեցած¤ անցուդարձը... էլ առավել հագեցած դարձավ։ Որովհետեւ ի սկզբանե Խեւ-Խանի Չախկալին դուր չեկավ, բոլորովին դուր չեկավ «էդ շան թուլան»։ Եվ այդպիսով սանձազերծվեց մի ամեհի հակամարտություն, հիրավի մի անհավասար գոտեմարտ... Խեւ-Խանի Չախկալի ու Նագլի Լակոտի միջեւ։



Հարկ է փաստել, որ Նագլի Լակոտը բավականին մարտունակն ու համառը դուրս եկավ։ Ու դիպվածները հաջորդեցին միմյանց, մեկը մյուսի հետեւից։ Ու ըստ այդմ՝ որոշակի մի ժամանակ խիստ որոշակիորեն հույժ հաճելի լարվածության մեջ պահեցին Մեր Հետնաբակի բոլոր բնակիչներին։ Զի մեկը մյուսից հետաքրքրաշարժ, մեկը մյուսից դիտարժան, մեկը մյուսից հիշարժան, մեկը մյուսին չզիջող էին դիպվածներն այդ։ Մինչեւ որ Խեւ-Խանի Չախկալի եւ Նագլի Լակոտի պայքարն ունեցավ իր տրամաբանական վախճանը։ Դե՜, ուժերն անհավասար էին: Հիրավի անհավասար։ Նոր սերունդը թուղթութանաքից չի քաշվում։ Ու գրիչ-մատիտով էլ չես զարմացնի նրան։ Ոչ էլ կվախեցնես...



Ու մի օր էլ, երբ հերթական մենամարտն էր ծավալվում Խեւ-Խանի Չախկալի եւ Նագլի Լակոտի միջեւ, վերջինս օդի մեջ արձակեց իր հերթական սպանիչ կրակոցը.



- Էդ որ հելար ու գնացիր դբրոցի դիրեկտրին բողոքեցիր, թե հերս ասըմ ա. «Դբրոցի դիրեկտրն էդ ո՞վ էլավ, որ իմ տղուս դուս թողի դբրոցից», բուռդ պապուս ի՞նչը խոթին։ Ամոթ ա։ Յեքա մարդ էս։ Խի դու բիթի չե՞ս, որ հերս դուզ ա ասըմ,- հենց այսպես` անամոթաբար, ցինիկաբար Նագլի Լակոտը թունդ շշպռեց Խեւ-Խանի Չախկալին։



Ողջ Մեր Հետնաբակի աչքի առաջ։ Բոլորի աչքի առաջ: Մեծուփոքրի: Այրուկնոջ: Հարսուաղջկա: Օրը ցերեկով։ Դեռ երբեւէ որեւէ մեկն այդպիսի ղալաթ չէր արել։



- Է՜, կգնամ՝ ուրիշ տեղ կբողոքեմ,- կատաղած արձագանքեց Խեւ-Խանի Չախկալը։



- Ո՞ւր պտի էթաս, արա՜։ Ժողկրթբաժի՞ն, թե՞ նախարարութուն։ Ուր էլ էթաս, մեկ ա` պապան դուզ ա ասըմ։ Դիփ տեղերը պապայի հընգերութուն-ախպերութունն ա,- նույնպիսի անամոթությամբ ու ցինիզմով եւ հույժ անվրդով եւ անդրդվելի գրոհեց Նագլի Լակոտը։



- Ո՞ւր որ գնալու եմ, էդ արդեն իմ գործն ա,- շարունակում էր իր ծածկամտությունը Չախկալը։



- Դե հերիք ըլավ ու բոլ ըլավ, արա՜, արդեն սավսեմ զզվցրիր։ Ջրի պես էթըմ էս, ավազի պես կայնած էս։ Էթըմ էս` գնա։ Ուր ուզըմ էս՝ գնա՛, ում ուզըմ էս՝ բողոքի՛,- այսպես խրոխտ եւ է՛լ ավելի անամոթ ու է՛լ ավելի ցինիկ եզրափակեց Նագլին։



- Ու կգնամ,- ճչաց մեկեն հերսոտած Չախկալը։- Էս անգամ ես կգնամ Գերագույն...



Ու խոսքը չավարտեց։ Շնչակտուր եղավ։ Մեր Հետնաբակի մարդիկ կարծեցին, թե Խեւ-Խանի Չախկալը պատրաստվում է Գերագույն դատարան գնալ։ Կամ գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։ Դե, այնքան էլ հեռու չէր դա Չախկալից։ Բայց.



- Էս անգամ ես կգնամ գերագույն Աստծու մոտ,- մի պահ անց ավարտեց իր խոսքը Խեւ-Խանի Չախկալը։



Հա՜։ Խեւ-Խանի Չախկալը դեռեւս չէր հասցրել այս ատյանում բողոքել։ Ու թեեւ նա աթեիստ էր, հիմնովին անհավատ, բայց մարդիկ բնավ չզարմացան էլ։ Քանզի այս աշխարհում էլ տեղ չէր մնացել, ուր ստացված չլինեին Խեւ-Խանի Չախկալի անոնիմկաները։ Էս էր մնացել: Բա՜: Մարդուն ի՜նչ օրի հասցրին: Ի՜նչ զոհողություն պարտադրվեց Խեւ-Խանի Չախկալին` «արդարության անխոնջ պահանջատիրոջը», «էդ սրբազան պահանջի նախանձախնդիր» «վեհ ու վսեմ անհատին»:



- Հա՛, հենց էլ կգնամ։ Կգնամ հենց գերագույն Աստծու մոտ,- կրկին մեխեց Խեւ-Խանի Չախկալը։



Իսկ թե ինչ կատարվեց դրանից հետո, նկարագրելու բան չի։ Հե՜չ նկարագրելու բան չի: Երկինքը մթնեց հանկարծ։ Ու վերեւից հրի ու կրակի եւ ծխի քուլա-քուլա ամպի հովանիով հանդարտ վար սահեց Գաբրիել հրեշտակապետը։ Բնականաբար, Մեր Հետնաբակի ողջ ժողովուրդը պապանձվեց։ Եվ իսկույն եւեթ ծնկեց ժողովուրդն այդ։ Իսկ Խեւ-Խանի Չախկալը, կույր ատելության փրփրադեզ նոպայի մեջ, դեռ բղավում էր։ Ու հրճվում էր նաեւ՝ խոր անգիտության մեջ.



- Այ ըտե՜նց։ Բա ո՜նց։ Ըտե՜նց կչոքեք արդարության առաջ։ Ա՜յ, երկինքը փուլ գա ձեր էդ ախմախ գլխներին։ Ձեր ու ձեր ոչուփուչ թուլեքի գլխներին...



Այդ պահին հրեշտակապետն իր ամպոտ ձեռքը քնքշորեն դրեց Խեւ-Խանի Չախկալի ուսին։



- Որդյակ, դու էի՞ր ձայնում Տիրոջը,- ասաց նա հույժ յուրահատուկ երկնային թավշյա ձայնով։



- Հա՛։ Բայց եւ սակայն դու ո՞վ ես,- հարցն անդրադարձրեց Չախկալն իր խռպոտ երկրային ձայնով։



- Ես Գաբրիելն եմ` Աստծո քարտուղար-հրեշտակը։ Ամենակարող Տերը մեր ահա եւ ուղարկեց ինձ` քեզ իր մոտ ուղեկցելու նպատակով։ Դո՞ւ էիր, որ ձայնում էիր Տիրոջը...



Խեւ-Խանի Չախկալը չպատասխանեց նրա հարցումին, այլ չարախնդալով, դարձավ խիստ ահաբեկված ժողովրդին.



- Բա որ ասում էի՞, չէիք հավատում, հա՞... Ես հիմա կգնամ։ Կգնամ եւ ամեն ինչ կպատմեմ գերագույն Աստծուն...



- Երթանք, որդյակ,- ընդհատեց նրան հրեշտակապետը։- Պահը սուղ է...



Եվ ամեն բան կատարվեց ակնթարթորեն։ Գաբրիելը քնքշորեն գիրկն առավ Խեւ-Խանի Չախկալին։ Ապա հուր-կրակի եւ ծխի քուլա-քուլա ամպի հովանիով վեր սլացավ: Դանդա՜ղ-դանդա՜ղ վեր սլացավ հրեշտակապետը` տանելով իր հետ մեր Չախկալին։ Մինչ նրանց անհետանալը Խեւ-Խանի Չախկալի դեմքին մի երանավետ ժպիտ էր խաղում։



Ու նրանք վեր բարձրացան։ Ելա՜ն-ելա՜ն։ Վե՜ր-վե՜ր։ Հեռո՛ւ-հեռո՛ւ։ Ու երկնային բարձունքներում վերածվեցին մի-մի կետի` ինչպես վերջակետ։



Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆ