Ցավալի դրվագ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նորագույն պատմությունից (2-րդ մաս)

Ցավալի դրվագ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի նորագույն պատմությունից (2-րդ մաս)
Հիշենք միայն Մաշտոց աբեղա Ժոռոյանի դեպքը: Գեւորգյան ճեմարանը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո նա արժանացել էր երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի յուրահատուկ գնահատանքին եւ աստվածաբանական կրթությունը շարունակելու համար լուսահոգի Վեհափառի կողմից ուղարկվել Վիեննա: Եթե առիթ ունենաք մի օր այցելելու այնտեղի հայ համայնքը կամ Բոլցմանգասե 7 հասցեում գտնվող հռոմեակաթոլիկ ճեմարանը, ուղղակի հարցրեք այնտեղ, թե ով է եղել Հայր Մաշտոցը: Եվ պիտի լսեք թե՛ հայ եւ թե՛ ավստրիացի ականատեսների վկայությունը, որ իրենց կյանքում նման «սրբակենցաղ հոգեւորական եւ ազնիվ անձնավորություն» երբեք չեն տեսել:



Նա իր ուսմանը զուգահեռ անշահախնդիր նվիրումով ու խոնարհությամբ ծառայել է Ավստրիո հայոց թեմում իբրեւ այցելու հովիվ, փայլուն գնահատականներով ավարտել Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետն ու ստացել մագիստրոսի աստիճան: Նման հոգեւորականն այսօր մեր եկեղեցուց վտարված է, որովհետեւ ներկայիս կաթողիկոսի կողմից «անհնազանդության» մեղադրանքով կարգալույծ է արվել...



Հայր Մաշտոցի օրինակը ոչ առաջինն էր եւ ոչ էլ վերջինը, սակայն սցենարը գրեթե միշտ մնում է նույնը:



Մեր բոլոր եկեղեցականներն էլ գիտեն այս ամենը: Յուրաքանչյուր եպիսկոպոս լսել է Հայր Մաշտոցի անարդար պատժման, անհամար ճեմարանականների անհիմն հեռացումների ու Երուսաղեմի ընծայարանում ծեծվող աշակերտների մասին, սակայն բոլորն էլ լռում են: Ավստրիո հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ արքուսուցչապետ Գրիգորյանն առայսօր ոչ մեկ խոսք չի արտահայտել իր իսկ թեմում տեղի ունեցած անմարդկային արարքի մասին: Ոչ եպիսկոպոսաց դասը, ոչ Գերագույն հոգեւոր խորհուրդը եւ ոչ էլ միաբանական ժողովը չեն ուզում որեւէ միջամտություն կատարել, որովհետեւ մեծամասնությունը վախենում է, ոմանք այդպիսի «ճղճիմ հարցերով» բնավ չեն հետաքրքրվում ու ամեն բանից անտեղյակ են ձեւանում, իսկ ոմանք էլ ուղղակի մասնակից են այդ ոճրագործություններին: Ակամա հարցի առջեւ ենք կանգնում. եթե մեր մեջ սեր չունենք, ինչպե՞ս ենք ժողովրդին դա քարոզում:



Մեր պետական այրերի մեծամասնությունն այլեւս հետաքրքրված չէ եկեղեցով: Անգամ Սբ. Ծնունդին կամ Զատիկին նրանք չեն գալիս Մայր Աթոռ, չնայած իրենցից շատերն Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներ են եղել: Իսկ ժողովո՞ւրդը: Շատերն են փորձել նշված խնդրի մասին խոսել եւ հոգեւոր դասից բացատրություններ պահանջել, բայց որեւէ լուրջ արձագանք չեն ստացել: Մյուսներն աշխատում են ներփակվել իրենց տեղական համայնքներում եւ անտեսել Էջմիածնում տիրող անախորժությունները: Ոմանք գալիս են միայն երկու մոմ վառելու եւ իրենց հոգում Աստծուն աղոթելու: Մի քանիսն այլեւս ոչ գալիս են, ոչ էլ հետաքրքրվում եկեղեցու խնդիրներով: Իսկ ոմանք էլ, վերջնականապես հիասթափվելով, լքում են Հայ առաքելական եկեղեցու շարքերն ու հոգեւր մխիթարություն փնտրում օտար կրոնական խմբակներում:



Ներկայիս իրավիճակը մի թագավորություն է հիշեցնում, ուր սանձարձակ արքան ամեն օր, տեղի կամ անտեղի, մահապատժի է ենթարկում իր զինվորներից մեկին, իսկ զորքի հրամանատարները լռում են: Բայց եթե այսպես շարունակվի, ապա այդ երկրում այլեւս ոչ մի գիտակից երիտասարդ չի ուզենա զինվոր դառնալ: Իսկ օտար գայլերը, որոնք արդեն թափանցել են պետության սահմաններից ներս, շուտով պիտի հասկանան, որ իրենց առջեւը կտրող բանակը չափազանց տկար է ու անմարտունակ: Ի՞նչ պետք է անեն այդ ժամանակ թագավորն ու հրամանատարները: Ինչպե՞ս պետք է պաշտպանեն իրենց հայրենիքը:



Սոլժենիցինն «Արշիպելագ Գուլագ»-ում ստալինյան տարիներին ապրողների կյանքը բնութագրել է հետեւյալ տասը հատկանիշներով.



1) մշտական վախ



2) ազատության բացակայություն



3) փակվածություն ու անվստահություն



4) համընդհանուր տգիտություն



5) լրտեսություն



6) մատնելը՝ իբրեւ գոյամիջոց



7) պառակտվածություն



8) խաբեությունը՝ իբրեւ գոյամիջոց



9) դաժանություն



10) ստրկամտություն:



Ես կուզենայի այժմ հարցնել մեր հոգեւորականներին եւ Էջմիածնի հետ կապ ունեցող աշխարհականներին, թե ինչով է տարբերվում Մայր Աթոռի ներկայիս իրավիճակը Սոլժենիցինի նկարագրածից: Կա՞ արդյոք որեւէ տարբերություն: Երեւի թե միակն այն է, որ Ստալինի օրոք այլախոհներին գնդակահարում էին կամ աքսորում, իսկ մեր եկեղեցում պարզապես կարգալույծ են անում: Անձամբ ես ուրիշ տարբերություն չեմ տեսնում: Ողբերգությունը, սակայն, այն է, որ խորհրդային դիկտատուրան ոչ Աստծուց էր վախենում, ոչ էլ մարդկանցից էր քաշվում, իսկ Էջմիածինը սբ. Գրիգոր Լուսավորչի գահն է համարվում, ուր Աստծո Միածին Որդին է իջել... Արդյոք այսքանից հետո մենք իրավունք ունե՞նք դեռեւս քրիստոնյաների եկեղեցի կոչվելու:



Երբ երկար ժամանակ լռեցնում ես խղճիդ ձայնը, այն գնալով բթանալու է եւ մի օր էլ վերջնականապես պիտի մահանա: Ո՞ւր են տանում իրենց ժողովրդին անխիղճ թագավորն ու պապանձված հրամանատարները: Երեւի թե միայն սատանան գիտի...



* * *



Ի տարբերություն հռոմեակաթոլիկ եկեղեցու, ուր պապական բացարձակ միապետությունն է իշխում, արեւելյան ուղղափառ ավանդության մեջ ազգային-եկեղեցական եւ եպիսկոպոսաց ժողովներն են եկեղեցու գերագույն մարմինները: Բայց, չնայած նման սկզբունքային ժողովրդավարության, կարգալույծ հռչակվող հոգեւորականներից ոչ մեկը հնարավորություն չի ստացել ներկայանալու որեւէ ժողովի՝ հրապարակայնորեն պաշտպանվելու համար:



Փաստորեն, պատմական որոշ անբարենպաստ շրջաններ ապրելուց հետո, որոնց ես այստեղ հնարավորություն չունեմ մանրամասն անդրադառնալու, Հայ եկեղեցում՝ միջնադարյան Հռոմի օրինակով, նույնպես ձեւավորվել է կաթողիկոսական բացարձակ միապետությունը (Պապ-կայսր): Անշուշտ, եթե մեր կաթողիկոսները Գրիգոր Լուսավորչի նման սուրբ եւ իմաստուն լինեն, վերոհիշյալ միապետությունը եկեղեցուն դժվար թե վնաս հասցնի: Սակայն երբ Մայր Աթոռի գահակալը, ստեղծված իրավիճակը չարաշահելով, ցանկացած անհատական որոշում անսխալական է համարում, բազմաթիվ հակասական կարգադրություններ տալիս եւ կոպիտ սխալներ կատարում, այս դեպքում եկեղեցին միմիայն տուժելու է, ծանր կորուստներ է տալու եւ հեղինակազրկվելու:



Ես վստահ եմ, որ եթե այսպես շարունակվի, պատմությունը դատապարտելու է ներկայիս հոգեւորականաց դասին: Մեզնից մի քանիսը դատապարտվելու է տգիտության համար, իսկ մյուսները՝ լռության: Կարծում եմ, առաջացած ճգնաժամը միայն ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների եւ եպիսկոպոսաց դասի անհապաղ միջամտությամբ է հնարավոր վերացնել, որովհետեւ ներկայիս կաթողիկոսը դժբախտաբար այլեւս չի գիտակցում, որ ինքը պարզապես շեղվել է ճշմարտությունից եւ Հայ եկեղեցու անվան հետ է խաղում:



Մասնավորապես իմ կողմից մատնանշված խնդիրների լուծման համար շատ օգտակար կլիներ, եթե ընդունվեն հետեւյալ առաջարկները.



ա. Հոգեւոր ճեմարանում առկա գիտխորհրդի կողքին (որը հիմնականում ուսումնական ծրագրով եւ սաների առաջադիմությամբ է զբաղվում) ստեղծվի նաեւ մեկ այլ հատուկ հանձնախումբ՝ պատժվող ուսանողների կարգապահական խնդիրները լրջորեն քննելու համար: Յուրաքանչյուր կարգազանց ուսանող պետք է հնարավորություն ստանա անձամբ ներկայանալու հանձնաժողովի եզրափակիչ նիստին եւ անհրաժեշտության դեպքում վկաներ հրավիրելու՝ ի դեմս մյուս աշակերտների, դասախոսների կամ հոգեւորականների:



բ. Մայր Աթոռի միաբանները պետք է պատժվեն միայն եպիսկոպոսական ժողովի համապատասխան որոշումից հետո: Մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել հատուկ հանձնախումբ, որը զբաղվելու է կանոնազանց եկեղեցականի խնդրի քննությամբ: Ցանկացած մեղադրվող միաբան պետք է հնարավորություն ստանա անձամբ ներկայանալու եպիսկոպոսաց ժողովին եւ արտահայտելու խնդրի առնչությամբ իր տեսանկյունը, ինչպես նաեւ հրավիրելու տվյալ հարցին քաջատեղյակ աշխարհական եւ եկեղեցական վկաներ:



Շատ եմ ցավում, որ մեր եկեղեցու «ներքին խոհանոցին» վերաբերող այս խնդիրները պարտադրված եմ այսօր հրապարակելու: Սակայն եթե ներքին ատյաներն ի վիճակի չեն կամ խուսափում են տվյալ հարցերը լուծելուց, ստիպված ես այդ ամենը հասարակության քննությանը հանձնել: Եթե մենք իսկապես հավակնում ենք Ազգային եկեղեցի կոչումին, ապա մեր ազգը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում եկեղեցու ծոցում եւ թե ինչ ճակատագրի են արժանանում մեր ժողովրդի նվիրատվություններով կրթվող երիտասարդները: Հուսով եմ, որ նշված հարցերը պետք է առաջիկայում նկատի առնվեն ու շուտափույթ լուծում ստանան: Այլապես նման «գնդակահարությունները» չեն դադարելու եւ դրանով երբեմնի նշանավոր Գեւորգյան ճեմարանը պարզապես խորհրդային շրջանի ուսումնարանի է հավասարվելու, իսկ քահանայական Սբ. Օծումը դադարելու է սրբազան Խորհուրդ լինելուց եւ միայն ձեւական բեմականացման է վերածվելու: Մայր Աթոռը պետք է գիտակցի, որ ժողովուրդը տեղյակ է այս ամենին, քանզի անգամ մեկ ուսանող հեռացնելով, նրա բոլոր հարազատներն ու ծանոթները ծանր հարված են ստանում ու խորը հուսախաբություն ապրում: Եթե այսպես շարունակվի, անգամ Մայր Աթոռին սրտանց նվիրված հավատացյալներն ու բարերարները պետք է վերջնականապես հիասթափվեն եւ հրաժարվեն ցուցաբերվող բարոյական ու նյութական աջակցությունից: Դրանից հետո ինչպե՞ս պիտի եկեղեցին ու ազգը ոտքի կանգնեն եւ ամուր հայրենիք կառուցեն...



ՀԳ - Գարեգին Բ-ի օրոք կարգալույծ է հռչակվել եւ եկեղեցուց ինքնակամ հեռացել շուրջ 35 հոգեւորական (սարկավագ, քահանա, աբեղա, վարդապետ, արքեպիսկոպոս): Իր գահակալության միայն առաջին երկու տարիներում (1999-2001) Գեւորգյան ճեմարանից հեռացվել է 30-ից ավելի ուսանող: Նախորդ 131 կաթողիկոսներից ոչ մեկը նման կերպ չի վարվել իր եկեղեցականների եւ աշակերտների հետ: Մոտ ապագայում վտարվողների «սեւ ցուցակը» միտում ունի համալրվելու նոր անուններով: Իսկ հրամանատարները, ինչպես միշտ, լռում են...



Հ. Գարեգին վարդապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մայր Աթոռի նախկին միաբան

ք. Մյունսթեր



(Նախորդ մասը)