Սուրիկ Խաչատրյանին երկրորդ պլա՞ն են մղում

Սուրիկ Խաչատրյանին երկրորդ պլա՞ն են մղում
ՀՌԱՀ-ը հրապարակել է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 19-25 մրցույթների մասնակիցների ցանկը: Այս մրցույթներին մասնակցում են մարզային հեռուստաընկերությունները:  Մրցակցություն կծավալվի միայն Կոտայքի եւ Շիրակի մարզերում հեռարձակում իրականացնելու համար: Համապատասխանաբար թիվ 22 եւ 23 մրցույթներում կպայքարեն Կոտայքի մարզի ««Աբովյան» հեռուստախմբագրություն» եւ «Սիրակ», իսկ թիվ 23-ում՝  «Չապ»  եւ «Ցայգ» ՍՊԸ-ները: Հետաքրքիր է, որ Սյունիքի մարզում եթերային հեռարձակման համար միայն մեկ հայտ է ներկայացվել՝ «Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ն՝ նույն «Սոսին»:



Հեռուստաընկերությունը եթերային հեռարձակում է իրականացնում եւ տարածվում է մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներում եւ շրջակա գյուղերում:  Հայտնի էր, որ բացի «Սոսի» հեռուստաընկերությունից, պայքարի պատրաստություն էր տեսնում նաեւ «Խուստուփ» հեռուստաընկերությունը: Սա կաբելային հեռուստաընկերություն է, սփռման տարածքը Կապան քաղաքն է: «Խուստուփն» արդեն ծրագիր էր մշակել եւ վճռական էր տրամադրված, բայց հանկարծ պարզվեց, որ մրցույթին հայտ չի ներկայացրել:



«Խուստուփ» հեռուստաընկերության տնօրեն Սասուն Մանուկյանը իրենց փոշմանելու հանգամանքն այսպես բացատրեց. «Մենք պայմանավորվածության ենք եկել գործող «Սոսի» հեռուստաընկերության հետ, որ ապագայում մարզային հեռուստաընկերություն դառնալուց հետո մենք էնտեղ ունենալու ենք եթերաժամ եւ մենք վստահ ենք, որ լրացնելով միմյանց՝ կլինենք ավելի ուժեղ, քան պայքարեինք իրար դեմ: Վստահ եմ՝ դա կլինի լրատվական բլոկը, որը մենք հիմա անում ենք»:



Սասուն Մանուկյանը մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ իրենք մրցույթից հրաժարվել են, որովհետեւ վստահ չեն եղել, որ կհաղթեն, պատասխանեց, որ իրենք «այդքան էլ ոչ մրցունակ չեն» եւ առաջիկայում պատրաստվում են նոր մասնաշենք տեղափոխվել եւ ունենալ «նոր որակի հեռուստաընկերություն, որը ոչնչով չի զիջի մայրաքաղաքայինին», ուղղակի որպես գործընկերներ համաձայնության են եկել, որ «Սյունիքը մեկ թիմով ներկայանա»:



Մեզ հետ զրույցում  «Սոսի» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Սարգսյանը հաղթելու դեպքում «Խուստուփին» հեռուստաեթեր տրամադրելու պայմանավորվածության վերաբերյալ ասաց, որ նման պայմանավորվածություն չկա, խոսքը ոչ թե հեռուստաեթերի, այլ որոշ հաղորդումներ պատվիրելու մասին է: Դա իրենց գաղափարն է, եւ իրենք պատրաստ են համագործակցել նաեւ մյուս TV-ների՝ «Սիսիանի» եւ «Գորիսի»  հետ:



Մեր տեղեկություններով՝ «Խուստուփին» մրցույթին չմասնակցելու, այսպես ասած՝ «խորհուրդ» է տվել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, իսկ սա կարող է նշանակել, որ իշխանություններն ուզում են, որ Սյունիքի մարզի տեղեկատվական դաշտը տնօրինի ոչ թե մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, այլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը՝ Մաքսիմ Հակոբյանը: Ի դեպ, նրա որդին՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը, Սյունիքի մարզպետ դառնալու հավակնություններ ունի: Ինչպես հայտնի է, Մաքսիմ Հակոբյանը «Սոսի» հեռուստաընկերության հովանավորն է, իսկ «Խուստուփի» 60 տոկոսի բաժնետերը «Կապանճանշին» ՓԲԸ տնօրեն Արարատ Կարապետյանն է, որի անունը կապվում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Այս երկուսի միջեւ գոյություն ունեցող հակասությունը մարզում նորություն չէ: