Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմացրել է ադրբեջանա-թուրքական մոտեցումը

Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմացրել է ադրբեջանա-թուրքական մոտեցումը
Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որը պատասխանել էր «ՀՀ նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վահան Փափազյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հարցազրույցներում արված որոշ հայտարարություններին»: Ըստ «Ժառանգության», երկրորդ նախագահի գրասենյակը «բառացիորեն խոստովանել ու հաստատել է», որ մինչեւ 1997 թվականը, երբ ԼՂՀ-ն դուրս է մղվել բանակցային գործընթացից, ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է բազմաթիվ հանդիպումների, իսկ ՀՀ նախագահի կարգավիճակում նրա պաշտոնավարման օրոք Արցախը դուրս է մղվել գործընթացից:  



«Ժառանգությունը» բացել է որոշ փակագծեր. Ռոբերտ Քոչարյանը խախտել է ՀՀ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցումը: «Այն է` Հռոմում պաշտոնական սեղանի շուրջ չնստել ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ միասին, մինչեւ որ չամրագրվի ԼՂՀ-ի պատվիրակության` որպես բանակցող կողմի, կարգավիճակը: Քոչարյանը նստել էր սեղանի շուրջ` հետեւելով այլոց խորհրդին եւ դրանով լեգիտիմացրել «երկու համայնքների»` ադրբեջանա-թուրքական մոտեցումը, թույլ տալով, որ իրեն ներկայացնեն որպես հայկական համայնքի ներկայացուցիչ»:



«Ի դեպ, հենց 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԽ հելսինկյան լրացուցիչ հանդիպման հաստատված փաստաթղթում էր, որ կորզվեց նաեւ «Հայաստանի եւ ԼՂ միջեւ հումանիտար միջանցք ապահովելու» պահանջը, որը 1992թ. մայիսյան հերոսամարտերով ի կատար ածեց հայկական կողմը: Հայկական զորքերի առաջխաղացումների արդյունքում Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ որեւէ բանաձեւ չընդունվեց, քանի որ Հայաստանի եւ Արցախի միջեւ հումանիտար միջանցքի բացումն այլեւս միջազգայնորեն ամրագրված լեգիտիմ պահանջ էր, որն Ադրբեջանը հրաժարվել էր կատարել, իսկ միջազգային հանրությունն էլ անզոր գտնվեց այդ հարցում եւ չէր կարող հայկական կողմին մեղադրել միջազգային այդ պահանջն իրականացնելու համար»,- գրված է հայտարարության մեջ:



«ՀՀ ԱԳ տարբեր նախարարների պաշտոնավարման օրոք ամեն կերպ փորձ է արվել ապահովել բանակցություններին ԼՂՀ ընտրված բարձրագույն ներկայացուցիչների մասնակցությունը: Այլ հարց է, որ երբեմն այդ փորձերի ձախողման պատասխանատուն հենց Քոչարյանն է եղել` ինչպես 1992թ. Հռոմի հանդիպումների ժամանակ, քանի որ վերջինս, հավանաբար, իր «բարձր պրոֆեսիոնալիզմի» արդյունքում տարբերություն չի տեսել «ընտրված ներկայացուցիչներ» եւ «այլ ներկայացուցիչներ» ձեւակերպումների միջեւ»,- գրում են Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները: «Դրա փոխարեն արձագանքի հեղինակը կարո՞ղ է արդյոք հիշատակել, թե Քոչարյանի նախագահության եւ նրա կողմից նշանակված ԱԳ նախարարի պաշտոնավարման շրջանում քանի հանդիպում է կազմակերպվել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի նախագահների միջեւ»,- ասված է հայտարարության մեջ: