Բնականի կողմնակից Գալուստ Սահակյանը

Բնականի կողմնակից Գալուստ Սահակյանը
«Սկզբունքորեն մենք հակված չենք դաշինքներով գնալ ընտրությունների: Դաշինքները հայաստանյան ներքաղաքական դաշտում այնքան էլ արդյունավետ չեն: Մենք հակված ենք ընտրություններից հետո  համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ստացել են ժողովրդի քվեն»,-երեկ կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են պատրաստվում ներկայանալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Վերջինս համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առանց դաշինքի էլ իրենք՝ Հանրապետականը, բացարձակ մեծամասնություն կկազմեն:



Անդրադառնալով ԲՀԿ ղեկավարի այն հայտարարությանը, որ առաջիկայում պատրաստվում են խորհրդարանում 50+1 տոկոսով մեծամասնություն ապահովել, Գալուստ Սահակյանը դա բնական համարեց. «Ցանկացած քաղաքական ուժ, մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը», որը բավականին քաղաքական ռեզերվներ ունի, պետք է ձգտի առավել ձայներ ստանա: Այդ հայտարարությունը պետք է ընդունել հենց էդպես: Թիմը նախապատրաստվում է առավելագույն ձայներ ստանա, ինչպես որ Հանրապետականն է պատրաստվում առավելագույն ձայներ ստանա: Ինչեւէ, ձայն տվողը ժողովուրդն է: Իմ համար նման տիպի փիլիսոփայությունը ձեւավորվում է նրա համար, որ Հանրապետականը նորից կլինի բացարձակ մեծամասնություն»:



Ճիշտ է, ձայն տվողը ժողովուրդն է, բայց հետաքրքիր է՝ պարոն Սահակյանն ինչպես է պատրաստվում բացարձակ մեծամասնություն ապահովել այն պարագայում, երբ օրեցօր արձանագրվող գնաճը պարզապես լցրել է ժողովրդի համբերության բաժակը: Եվ բացարձակ մեծամասնություն ապահովելու առումով գուցե այս անգամ բախտը չժպտա Հանրապետականին: Սակայն Գալուստ Սահակյանը մեկը մյուսի հետ չի կապում եւ գնաճը բնական է համարում՝ ասելով, որ իրենք դրա վրա կարող են ազդել, սակայն դա արհեստական կլինի, իսկ Հանրապետականը բնականի կողմնակիցն է.



«Գնաճի հարցում չի կարելի արհեստական ձեռնարկումներ անել, որովհետեւ ավելի վատ վիճակի մեջ կհայտնվենք: Կարծում եմ՝ 2011 թ. գնաճի խնդիրը ավելի լուրջ կլինի, եւ դա կլինի բնական ճանապարհով: Ընտրվելու համար չի կարելի էնպիսի սարսափելի բաներ անել, որ համ գնաճը իջնի, համ ջրի, համ գազի գինը իջնի, ինչպես ընդդիմությունն է ասում, որ այդպես կանի, եթե գա իշխանության: Մենք էլ հենց հիմա դա կարող ենք անել, բայց դրանից հետո կունենանք մեռած պետություն: Ամեն ինչ կարելի է արհեստական անել, բայց արհեստական ոչինչ մեր կողմից չի եղել եւ չի լինելու: Ամեն ինչ պետք է բնական ընթանա»:



Սակայն մինչ նոր ընտրությունները, ժողովուրդը դեռ կարող է հրաշքների սպասել, որովհետեւ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են մինչեւ գալիք ընտրություններն իրականացնել նախորդ ընտրությունների ժամանակ ժողովրդին տված խոստումները: