«Ժառանգություն»-ը կարծում է, որ օրենքի փոփոխությունը կազդի ծնելիության վրա

«Ժառանգություն»-ը կարծում է, որ օրենքի փոփոխությունը կազդի ծնելիության վրա


Այսօր ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից գրավոր նամակով դիմել է ՀՀ Նախագահին, որով առաջարկվում է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի կողմից ընդունված ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ օրենքը ետ վերադարձնել Ազգային ժողով` օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխության վերաբերյալ առարկությամբ ու այն նախկին խմբագրմանը վերադարձնելու առաջարկությամբ:



Հոկտեմբերի 27-ին ընդունված փոփոխության համաձայն` վարձու աշխատողին այլեւս հղիության եւ ծննդաբերության նպաստ կտրամադրվի միայն հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար: Մինչդեռ գործող դրույթի համաձայն` այն տրամադրվել եւ տրամադրվում է 140 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար: Խմբակցության գնահատմամբ` նմանօրինակ փոփոխությունը, անկասկած, իր բացասական հետեւանքներն է ունենալու ծնելիության մակարդակի վրա, այն էլ արտագաղթի չնվազող միտումների խորապատկերին, քանի որ նոր հաշվարկի կիրառման դեպքում` զգալիորեն պակասելու է հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը:



ՀՀ նախագահին ուղղված ՙԺառանգության՚ նամակում մասնավորապես ասվում է.



ՙՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙվարձու աշխատողին հղիության եւ ծննդաբերության նպաստ տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի համար՚: Մինչդեռ ՙԺամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին՚ գործող օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ՙվարձու աշխատողին հղիության եւ ծննդաբերության նպաստ տրվում է 140 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար՚:



Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ օրենքով սահմանված նոր հաշվարկի կիրառման դեպքում հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը զգալիորեն պակաս կլինի գործող օրենքով հաշվարկվող չափից: Նման քաղաքականությունը, անկասկած, իր բացասական հետեւանքները կունենա ծնելիության մակարդակի վրա, այն էլ արտագաղթի չնվազող միտումների խորապատկերին: Փաստացի, ծնելիության աճի համար խթանիչներ սահմանելու եւ ապահովելու փոխարեն տեղի է ունենում հակառակը` վատթարացվում է ապագա մայրերի սոցիալական վիճակը:



Չնայած օրինագծի քննարկման ժամանակ ՙԺառանգություն՚ խմբակցության բազմաթիվ հորդորներին` նախագծում բացառել խնդրի այդպիսի լուծումը, Կառավարությունը մնաց անդրդվելի: Սույն խնդրով ԶԼՄ-ներում իրենց բողոքն են հայտնել նաեւ շուրջ 12 հասարակական կազմակերպություններ, որոնց կարծիքը նույնպես որեւէ կերպ չազդեց Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության վրա:



Ողջ խմբակցության եւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ու շրջանակների անունից դիմում եմ Ձեզ` չստորագրել ու չհրապարակել ԱԺ կողմից ընդունված եւ Ձեզ ուղարկված օրենքը, այլ, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետով, խնդրո առնչությամբ առարկություններով եւ օրենքի համապատասխան դրույթը նախկին խմբագրութամբ թողնելու առաջարկությամբ վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում՚: