5 տարին մեկ նույն փոցխի վրա

5 տարին մեկ նույն փոցխի վրա
ՀԱԿ անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ողջունելի է համարում ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգության» օրինագիծը: Այդ բանավեճը պետք է թե հայ հասարակությանը, թե միջազգային հանրությանը, բայց ՄԽ գործընթացին ԼՂ-ի ճանաչումը ներկա պահին կխոչընդոտի: Արզումանյանը խելամիտ փոխզիջում գնահատեց այն, որ հարցը մնաց ԱԺ օրակարգում: Խոսելով Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ աստրախանյան հանդիպումից, նախկին արտգործնախարարն ասաց, որ այն արտառոց բան չտվեց, պարզապես պետք է մի փաստաթուղթ ստորագրվեր, եւ ստորագրվեց «ոչինչ չասող» հումանիտար փաստաթուղթը:



Աստանայից էլ ՀԱԿ անդամը ակնկալիքներ չունի, որովհետեւ բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ չի հասունացել բեկումնային պահը: «Կողմերը նորից կվերահաստատեն Մինսկի խմբի գործընթացի կարեւորությունը, անպայման ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները աջակցություն կհայտնեն գործընթացին, կողջունեն համանախագահողներին անկոտրում ջանքերի գործադրման համար եւ այդպիսի ընդհանուր ձեւակերպումներով կեզրափակվեն»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը, իսկ ճանապարհային նոր քարտեզի մասին խոսակցությունները մոդայիկ բնորոշեց:



«Մենք գիտենք, որ սեղանին դրված են, այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքները, որոնք բացարձակապես անընդունելի են թե Ղարաբաղի, թե Հայաստանի համար: Դրանք  մերժվում են նաեւ Ադրբեջանի կողմից: Այդ շրջանակներում ի՞նչ քարտեզ կարելի է գծել»,-ասաց Արզումանյանը: Պատասխանելով Բայդեն-Սարգսյան սկանդալային պատմության եւ ԱՄՆ դեսպանատան արձագանքի մասին «Հրապարակի» հարցին՝ նախկին արտգործնախարարն էական չհամարեց, թե տվյալ զրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրել է ցեղասպանության հարցի քննարկումը հետաձգել, թե ոչ:



Էականն այն է, ըստ արտգործնախարարի, որ «երբ ապրիլի 22-ի ուշ երեկոյան հռչակվեց հայ-թուրքական ճանապարհային քարտեզը, դա հենց այն անհրաժեշտ էլեմենտն էր, որը պակասում էր Օբամային, որ խուսանավի եւ չհայտարարի, որ այն, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»: Սրանից ավելի հստակ խնդրանք, նախկին արտգործնախարարի խոսքով, դժվար է պատկերացնել: Ինչ վերաբերում է ներքաղաքականին, Ալեքսանդր Արզումանյանն արտառոց երեւույթ է համարում այն, որ տարբեր տրամաչափի ՀՀԿ-ական գործիչներ այս ու այն ակումբում հայտարարում են, թե 50 տոկոսից ավելի ձայներ են ունենալու, ապա բաշխում մնացած ձայները:



«Այսինքն իրենք իրենց 50-60 տոկոսն արդեն ապահովել են ժողովրդավարական ընտրություններով, որը լինելու է 1,5 տարի հետո, եւ հիմա քննարկում են՝ «Բարգավաճը» թո՞ւյլ է, թե՞ թույլ չէ, ՀԱԿ-ը լավ կաշխատի՞, Գալուստ Սահակյանը նրան տեղ կտա՞»,-նկատեց Արզումանյանը: Նրա խոսքով՝ իշխանությունն այսօր ամեն ինչ անում է վերարտադրվելու համար: Կեղծիքով, ադմինիստրատիվ ռոսուրսներով թե կոալիցիոն «փոքրիկ» եղբայրների միջոցով դա կանի՝ տեխնիկայի հարց  է: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Արզումանյանի խոսքով, նա գնում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների որեւէ նախադրյալ չկա՝ կամ իրավիճակը պետք է ստիպի նախագահին այն լուծարելու, կամ խորհրդարանը պետք է ինքնալուծարվի:



Բայց  մեր «կիսագողական» խորհրդարանն այդպիսի բարձր քաղաքական եւ բարոյական գիտակցություն չի ցուցաբերի: Գրեթե բոլոր նախագահական ընտրություններից հետո հասարակությունը ոտքի է ելնում եւ դրա պատճառն այն է, որ ընդդիմությունը հանդես չի գալիս  մեկ միասնական ճակատով չի հանդես գալիս: «Սա այն փոցխն է, որի վրա մենք պարբերաբար՝ 5 տարին մեկ, կանգնում ենք եւ շարունակելու ենք կանգնել, մինչեւ չկայանանք որպես հասարակություն»,-պատկերավոր նկատեց նա: