Երբ անհայտը փորձում է վերացնել հայտնիին

Երբ անհայտը փորձում է վերացնել հայտնիին
Ռուսական «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինը, որի վրա անհայտ անձը նոյեմբերի լույս 6-ի գիշերը հարձակվել էր ու ծեծելով հասցրել մահվան դուռը, դուրս է եկել կոմայից, սակայն նրա վիճակը ծանր է ու գտնվում է թոքերի արհեստական օդափոխության ապարատին միացված:  Սա տոտալիտար կամ ավտորիտար հասարակարգերին բնորոշ երեւույթ է՝ ծեծելով ու սպանելով լռեցնել ոչ միայն կոնկրետ լրագրողի, այլեւ ահաբեկել մնացած բոլորին, լրագրողական համքարությանն ի ցույց դնելով իրենց ընկերոջ դին կամ նրա ջախջախված ու դեռեւս կենդանի մարմինը:



Այսպես վարվել են միջնադարում, վերածննդի շրջանում եւ այլն, ընդհուպ մինչեւ մեր օրերը, միայն այն տարբերությամբ, որ փոխվել կամ, ավելի ճիշտ, արդիականացվել են պատժի ձեւերը: Եթե նախկինում ըմբոստի, հակադրվողի, ինքնիշխանի ստորությունների մասին արտահայտվողի գլուխը կամ ողջ մարմինն են հրապարակներում ցցին հանել, «քաղաքակիրթ» 21-րդ դարում վարվում են այնպես, ինչպես վարվել են Լիստեւի, Գանգաձեի, Կաշինի ու լրագրողական աշխարհի մյուս զոհերի հետ, ու այդ գործը միշտ գլուխ է բերում «անհայտ անձը» ու այդ պատրվակով մինչ օրս ոչ մի լրագրողի սպանություն չի բացահայտվել:



Տոտալիտար հասարակարգերին բնորոշ է նաեւ ամեն նման դեպքից հետո «անհայտ անձին» հայտնաբերելու՝ իշխանությունների առաջին դեմքերի հրահանգի մասին լուրեր տարածելու մեխանիզմը, ինչպես եղավ Կաշինի պարագայում, երբ Ռուսաստանի վարչապետ Պուտինը հրապարակավ խոստացավ բացահայտել հանցագործին: Հայաստանում էլ Սերժ Սարգսյանն անձամբ հրահանգեց բացահայտել «Ազատություն» ռ/կ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ  Մելքումյանի վրա հարձակված ավազակին, էլ չենք խոսում ՀԺ, ՉԻ, «Հետք» եւ այլ լրատվամիջոցների աշխատակիցների վրա հարձակվածների բացահայտման մասին խոստումները, որ հնչեցրին պատկան մարմինների ղեկավարներն ու մատնեցին անգոյին:



Ընդհանրապես Ռուսաստանում տեղի ունեցող ցանկացած դեպք կամ ծայր առած երեւույթ, լինի մթերքի թանկացում, քաղաքական կուրսի փոփոխություն, կրիմինալ բացահայտում թե խոսքի ազատության սահմանափակում, ֆորպոստի բնակիչների համար պետք է հնչի որպես ահազանգ այն իմաստով, որ որոշ ժամանակ անց այստեղ անպայման արձագանք են ստանում: Բանդագուշանք չհամարվի, բայց լրագրողին ջարդելու վերջին դեպքը  չի կարող չանդրադառնալ Հայաստանի տեղեկատվական դաշտում խոսքի ազատության համար կռիվ տվող հատվածի վրա:



Չնայած, ի տարբերություն Ռուսաստանի, որի բնակչության թվաքանակն ու տարածքային մասշտաբները թույլ են տալիս, որ ցանկացած հանրույթ լինի բազմամարդ ու որոնց ճնշելն այնուամենայնիվ այնքան էլ դյուրին գործ չէ ռեժիմի համար, Հայաստանում ազատ լրագրողների հանրույթն այնքան փոքր է, որ նույնիսկ նրա ներկայացուցիչներին ֆիզիկապես բնաջնջելու խնդիրը դեռեւս առաջնահերթություն չէ՝ այն պարզ պատճառով, որ գոյություն ունեն տեղական նշանակության մի շարք, խոստովանենք՝ էֆեկտիվ մեթոդներ: Եթե որոգայթը չեն գցում՝ կաշառում ու կոմպրոմատ դարձնում, հարկայինի միջոցով իրականացվող շանտաժը կա ու կա:



Անհարմար, ոչ ձեռնտու լրատվամիջոցին անմիջապես սնանկացնելու, հարկային բեռի տակ դնելու, դատարանների միջոցով բարոյական ու նյութական վնասի հատուցման վճիռներով խմբագրատները կազմաքանդելու ծրագիրը գործում է գրեթե անխափան: Կամ եթե հայտնի է ֆինանսական աղբյուրը, այն փակելով՝ լրագրողներին կտրում են հացից ու վերջ՝ լռում է ազատ խոսքը: Սակայն վերջին շրջանում այս մեթոդներն այլեւս կորցրել են հարյուր տոկոսանոց էֆեկտիվությունը, որովհետեւ դաշտը փոքր է, ու կաշառվողը վաղուց բացահայտվել է, վախեցողը՝ նույնպես, իսկ ահա խոսքի ազատության համար պայքարը գտնում է ուղիներ ու դառնում կենսունակ:



Այստեղ արդեն առաջ է գալիս վերջին՝ ծայրահեղ մեթոդը: Կարելի է, իհարկե, հուսալ, որ լրագրողի վրա ձեռք բարձրացնելուց առաջ մարդակերպ արարածների մեջ կխոսի մարդը, բայց փորձը ցույց է տալիս, որ իշխանության քաղցրությունը թանձր մուժով է պատում շատերի տեղից էլ բութ գիտակցությունը: Վերադառնալով Կաշինին՝ եթե Ռուսաստանում գոնե վարկածի իրավունքով նրա հետ կատարվածը կապում են առանձին խմբերի (սափրագլուխներ, ֆաշիստներ, լիբերալներ) հետ, ապա Հայաստանում նման շերտավորումներ չկան ու միակ խմբավորումը քաղաքական իշխանություն ունեցողներն են, որոնք ներառում են մնացած բոլոր շերտերը, եւ ինչ կատարվում է Հայաստանում, կատարվում է նրանց իմացությամբ ու թողտվությամբ: