Հայաստանում Պզոյի գնած բնակարանը չեն գտել

Հայաստանում Պզոյի գնած բնակարանը չեն գտել
Եթե մոտ 2 շաբաթ առաջ ՀՀ իշխանությունը ի դեմս ԿԲ նախագահի մեզ հետ զրույցում չէր հերքել, որ 163 մլն դոլարի ԱՄՆ բժշկական ապահովագրության խարդախության գործով հանցախումբը հնարավոր է մեկ բնակարան գնած լինի Հայաստանում, ԱԺ-ում մեզ հետ զրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կտրականապես հերքեց անգամ դա: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում շարունակվում է հայկական հանցավոր խմբավորման մասնակցությամբ խարդախության հետաքննությունը:



Ամերիկայում ձերբակալված հանցախմբի վերաբերյալ Նյու Յորքի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան հայտարարել էր, որ հանցախմբի ղեկավարներն արմատներ են ունեցել Հայաստանում եւ պարբերաբար այցելելով Հայաստան` ներդրումներ են կատարել անշարժ գույքի ոլորտում` ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ստացված միջոցների հաշվին: Քանի որ մեր թերթի հետ զրույցում Արթուր Ջավադյանը չէր բացառել, թե հնարավոր է բանդան Հայաստանում այդ գումարներով մի բնակարան գնած լինի, ԿԲ նախագահից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նորություն կա այդ առթիվ, պարզվե՞լ է ինչ բնակարան է:



Արթուր Ջավադյանը նման պատասխան տվեց. «Մենք ուսումնասիրություն արել ենք, որեւէ բան չենք բացահայտել»: Ասել է թե` բնակարա՞նն էլ չեք բացահայտել, հարցրինք մենք: «Չէ, նման բան չկա: Ընդհանրապես տենց բան չկա»,- հայտարարեց ԿԲ նախագահը: «Այդ դեպքում ինչի՞ մասին էր խոսել ԱՄՆ դատախազը» մեր հարցին ԿԲ նախագահը հայտարարեց. «Ես չգիտեմ: Միացյալ Նահանգների դատախազը նման բան չի ասել, եթե ուշադիր կարդաք: ...ԱՄՆ դատախազն ասել էր, որ նման բան հնարավոր է, բայց պարզվեց՝ տենց բան չկա, որեւէ խնդիր չկա»: Հիշեցնենք, որ Հայաստանում գումարների շարժի ու փողերի լվացման մոնիտորինգ է իրականացնում Կենտրոնական բանկը:



Մամուլում նաեւ տեղեկություններ են տպվել, որ հայաստանյան որոշ բանկերում՝ «Կոնվերսում» ու «Արդշինինվեստբանկում», ԱՄՆ հետախուզության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում այդ գործի հետ կապված: «Չի համապատասխանում իրականությանը, որեւէ մասնագետ Միացյալ Նահանգներից էդ հարցով չի եկել: Որեւէ ստուգում որեւէ բանկում էս պահին չի իրականացվում»: «Իսկ հնարավո՞ր է՝ ԿԲ-ն է ստուգումներ իրականացնում» հարցին Ջավադյանը պնդեց. «Նման խնդիր չունենք, որ ստուգում անենք, որովհետեւ նման խնդիր չկա ՀՀ-ում»: