Գեւորգ Տեր-Գաբրիելյանը եւ Վաչե Քալաշյանը բացում են փակագծերը

Գեւորգ Տեր-Գաբրիելյանը եւ Վաչե Քալաշյանը բացում են փակագծերը
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) համակարգող խորհրդի (ՀԽ) ներկայիս կազմը (հիշեցնենք, որ 2010թ. հունիսի 7-ին ՀԱՊ հիմնադիր ժողովի կողմից ընտրված համակարգող խորհրդի յոթ անդամներ հետագայում հրաժարական են տվել եւ դուրս եկել ՀԽ կազմից) տարածել էր հայտարարություն՝ մինչեւ ս.թ.դեկտեմբերի 6-ը հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ՀԱՊ համալրման դիմումների ընդունման մասին։



Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 21-ին ՀԱՊ նախաձեռնող խմբի 11 անդամները, ինչպես նաեւ նոյեմբերի 4-ին նրանց միացած ՀԱՊ անդամ 25 կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որտեղ, մասնավորապես, առաջարկվում էր ՀԱՊ համալրումը հայտարարել ընդունված կանոնակարգի համաձայն՝ դեկտեմբերին կայանալիք ՀԱՊ ընդհանուր ժողովից հետո միայն։ Այդ հայտարարությանն արձագանքել էր ՀԱՊ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտոր Ենգիբարյանը, նշելով, որ համակարգող խորհուրդը, հարգելով ՀԱՊ անդամ մի շարք կազմակերպությունների խնդրանքը, որոշում է կայացրել ՀԱՊ արտահերթ ժողովը հետաձգելու եւ անդամության համալրումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։



ՔՀՀ Բեռլինի համաժողովից հետո պարզվեց սակայն, որ առաջարկությունը մերժվել է եւ, փաստորեն, մինչեւ ՀԱՊ ընդհանուր ժողովը՝ հայտարարվել է ՀԱՊ համալրում։ Ստեղծված իրավիճակին՝ ՀԱՊ անդամ երկու կազմակերպությունների ղեկավարների՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի եւ Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանի արձագանքները ներկայացնում ենք ստորեւ։

Ինչու ես չեմ մասնակցում Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի

ազգային պլատֆորմի դեկտեմբերյան նիստին,

եւ խնդրանք՝ օգնել Ֆորումի արդյունավետ գործունեությանը





Ես շնորհակալ եմ բեռլինյան ֆորումի պատվիրակներ ընտրողներին, որ ինձ երկրորդ անգամ ուղարկեցին Ֆորումի կոնֆերանսին: Շահերի պաշտպանության (ադվոկասիի) նման ծավալուն պրոյեկտներն այնքան բարդ են, որ առաջին անգամից՝ անցյալ տարվա բրյուսելյան կոնֆերանսից, ես չէի կարող հասկանալ, թե ինչպես կարող եմ ես հարաբերվել այդ պրոցեսին բովանդակային առումով եւ իրոք օգուտ բերել: Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները բարդ, ծավալուն համակարգ է, աղերսները, ծրագրերը շատ են ու բարդ:



Ծրագրին մասնակցելու երկու ձեւ կա. կա՛մ բան չես հասկանում, բայց ընկել ես մեջը ու մասնակցում ես, եւ եթե քննություն հանձնել չեն պահանջում, չեն էլ իմանում, որ բան չես հասկանում... Կա՛մ փորձում ես հասկանալ ու օգուտ բերել: Օրինակ, մեր օֆիսը երկար քննարկելուց հետո իր Եվրոպա ծրագիրը սկսեց հետեւյալ ամենապարզ, կարելի է ասել՝ պարզունակ գործողությունից. ձեռնարկներ պատրաստել այն մասին, թե ինչ է Եվրամիությունը, պարզ, գեղեցիկ հայերեն լեզվով: Որ նախ ինքներս իմանանք, հետո՝ տարածենք ու քննարկենք Հայաստանով մեկ: Որովհետեւ հասկանալը բարդ է: Կա այդպիսի գիտություն, մասնագիտություն՝ Եվրոպական հետազոտություններ, որը Հայաստանում էլ արդեն կա, բայց, միեւնույն է, քիչ մարդ է հասկանում, թե ինչի մասին է խոսքը, եւ մանավանդ՝ քչերս գիտենք, թե ինչով օժանդակել: Ես չեմ սիրում ժամանակ կորցնել այն կոնֆերանսներին, որտեղ կամ բան չեմ հասկանում, կամ՝ դեր չունեմ: Եվ առաջին Ֆորումին ինձ մի քիչ այդպես էի զգում: Ես սիրում եմ կոնկրետ ծրագրեր իրագործել եւ արդյունքներ ստանալ: Իսկ այս ձեւաչափը դեռ այդ հնարավորությունը չէր տալիս: Բայց այս մեկ տարվա ընթացքում՝ երկու Ֆորումների միջեւ, ես մի քիչ սկսեցի հասկանալ:



Կոնֆլիկտը



Առաջին իսկ պահից, սակայն, տհաճ էր այն, որ մի շարք գործընկերներ ամենակարեւոր հանգամանքը համարեցին իշխանաբաշխությունը, ազգային համակարգողի ընտրությունները, որ ըստ իս՝ պիտի հենված լիներ ծրագրի վրա, ու պիտի ընտրվեր այն մարդը, որը բան է հասկանում ու արժանի է, հենվելով թեկնածուների ծրագրերի քննարկման վրա: Համակարգողն ընտրվեց արդար այլընտրանքային ընտրությամբ, բայց, ափսոս, ծրագրերի քննարկում չեղավ:



Հետո գործընկերներս ասացին, որ հիմա էլ պիտի ազգային պլատֆորմը շուտափույթ ընտրել, էլի՝ առանց բովանդակային չափանիշների, միայն ըստ նրա՝ թե ով ում է ճանաչում: Հետո ասացին՝ «նոր համակարգող խորհուրդը պիտի շտապ ընտրենք», էլի՝ առանց քննարկման՝ թե ինչո՛ւ հենց սրանց: Հայավարի իրար ասում էին՝ «դե, մենք բոլորս իրար ճանաչում ենք, էլի»:



Ամբողջ պրոցեսի բովանդակությունը սահմանափակվում էր այն ծրագրով, որ ընդունել էր բրյուսելյան Ֆորումը: Իսկ դա, առանց բացատրության ու տեղայնացնելու՝ օֆիցիալ լեզվով մի քանի էջ է, նորմալ մարդուն քիչ բան ասող: Համակարգող խորհուրդն ընտրեցին, հետո պարզվեց՝ կռիվ են արել այն հարցի շուրջ, թե ով է գնալու Բեռլին: Եվ այդ կռվից բացի՝ մի քանի ամիս գրեթե ուրիշ ոչինչ չէին արել:



Բայց, իհարկե, Բեռլին գնալու հարցը անհամաձայնության միայն մի դրսեւորումն էր: Գլխավոր տարբերութունն այն է, որ մի խումբ մարդիկ ուզում են իսկապես գործ անել, իսկ մյուսները՝ չեղած տեղից իշխանություն վերաբաշխել: Բայց նույնիսկ սա էլ է մակերեսային: Էլ ավելի խորքում այս կոնֆլիկտն ունի ավելի խորը պատճառ: Մի շարք կազմակերպությունների ղեկավարներ չեն ուզում, որ Ֆորումը գործ անի իրոք: Որ հասկանա այն բարդ հարցը, թե ինչի մասին է Արեւելյան գործընկերությունը եւ ինչպես նրան աջակցել: Ուզում են խանգարել Ֆորումին, ժամանակը ծախսել իշխանաբաշխության եւ կոնֆլիկտի վրա, իսկ եթե կոնֆլիկտի չգնաս, իրենց հետ համաձայնես՝ մեկ է, փորձելու են բեկանել Ֆորումի աշխատանքը: Ինչո՞ւ: Չգիտեմ: Գուցե անձնական թշնամանքից: Գուցե առաջադրանք են կատարում: Գուցե ուզում են, որ ամեն ինչ իրենցով լինի: Չգիտեմ:



Փող դեռ այս պրոցեսում գրեթե չկա. գուցե գալիք (անհայտ է՝ կլինի թե չէ) փողի սպասո՞ւմն է պատճառն այս հակամարտության: Թե՞ անհանգստությունը՝ որ Ֆորումը եթե նույնիսկ քիչ գործ է անում, բայց կարծես մի կախարդանքով բացահայտում է՝ ո՛ր ՀԿ-ն է գործ անում, իսկ ո՛րը՝ իմիտացիա: Բացահայտում է մի տարօրինակ ձեւով՝ եւ՛ նրան, եւ՛ նրան երես առ երես բերելով: Եթե մինչ այդ ամեն ՀԿ կարող էր գործել իր որմնախորշում, տարիների ընթացքում տաքացրած ու հարմարավետ, որեւէ արժեքավորումից ապահով, ապա դրսում՝ այս պրոցեսը նրանց երես առ երես է բերում, եւ արդյունքում շատ պարզ երեւում է, թե ով ով է:



Ես սրանում համոզվեցի, երբ, թվում էր, լեզու գտանք, գնացինք Բեռլինի Ֆորում, մեզ լավ պահեցինք եւ հաղթող վերադարձանք՝ Կառավարող խորհրդում ստանալով երեք տեղ, միակը որեւէ ազգային պատվիրակությունից, աննախադեպ հաջողություն հայկական պատվիրակության համար՝ տարիների եւ ցանկացած այլ նման պրոցեսների կտրվածքով: Ախր տաղանդավոր ենք, է, որ ուզում ենք՝ թասիբով ենք, կարող ենք: Թվում է՝ հիմա պիտի կպած գործի անցնենք: Ոչ: Խախտելով նախաֆորումյան համաձայնությունները, նորից խախտելով պայմանավորված եւ ընդունված օրինակարգը, առանց Ֆորումի մասնակիցների հետ խորհրդակցելու, այժմ ազգային պլատֆորմի նիստ են հայտարարում, ավելին՝ նոր անդամագրությամբ:



Այսինքն, դեռ չգիտեն ինչ են անելու, ինչով են զբաղվելու, բայց արդեն ընդլայնվում են, էլի իշխանություն կիսում: Ոմանք բացահայտ էլ ասում են՝ «ես էսքան ձայն կբերեմ, դու՝ էնքան»: Երեւում է՝ էնքան են ենթագիտակցորեն ազդվել անվերջ ընտրախաղերից, որ իրենց կյանքն առանց դրանց չեն պատկերացնում:



Ինչ անել 1



Ես ժամանակ չունեմ ընտրախաղերի վրա ծախսելու: Իսկ անելիք շատ կա: Նախ՝ պետք է հավաքագրել ֆորումի բոլոր փաստաթղթերը, քննարկել, հայկական բովանդակությամբ լցնել, մեր տարբերակը մշակել: Իրոք, խորքի՛ց որոշել, թե ո՛ր ասպարեզում ո՛վ ի՛նչ է անելու: Ֆորումի ամենամեծ դերն առայժմ եռախոսությունն ապահովելն է՝ պետության, Եվրամիության եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Իսկ ինչո՞ւ դրա կարիքը կա: Որ՝ Եվրոպային մերձենալու պրոցեսը թափանցիկ լինի, արդյունավետ, իմիտացիոն չլինի, հայտնի լինի հասարակությանը, ժողովրդին, եւ եթե կան նոր գաղափարներ, պետության համակարգից դուրս տաղանդ՝ գա լցվի այս պրոցեսի մեջ, օժանդակի:



Բայց կա նաեւ մեկ այլ խնդիր. Ֆորումի անունից հաղորդագրությունը ձեւակերպել Եվրամիությանը՝ որ պրոցեսը չսառի: Եթե մեսիջը չձեւակերպվի, Եվրամիությունը կսառի այս պրոցեսի նկատմամբ, եւ մենք, ինչպես հաճախ, կմնանք խաղից դուրս: Հատկապես կարեւոր է մեսիջն ուղարկել կարեւոր իրադարձություններից առաջ, ինչպես, օրինակ, այժմ՝ Հունգարիայի՝ Եվրամիության նախագահող դառնալուց առաջ: Իսկ մենք ուժ ունենք լուրջ մեսիջ ձեւակերպելու, քանի որ, ի միջի այլոց, Կառավարող խորհրդում ունենք երեք անդամ. մեզ կլսե՛ն:



Մենք ունենք ՀԿ-ներ, որոնք իրավամբ ասում են՝ «Մենք առանց այդ էլ զբաղվում ենք Եվրամիությանը Հայաստանի մերձեցման հարցերով, տարբեր ասպարեզներում»: Բայց Ֆորումի նպատակն այդ ուժերն ի մի բերելն է: Նոր ՀԿ-ներ ներգրավելն էլ է, իհարկե, բայց եթե դեռ ուժերն ի մի բերված չեն՝ նորերին ներքաշելն անպտուղ է, իսկ ուզում ես ներքաշել՝ պիտի ճիշտ վարվես, որ դատարկաբանություն չստացվի: Հասարակության դերը կարող է տարբեր լինել, բայց դա միայն էքսպերտիզան եւ մոնիտորինգը չէ: Մոնիտորինգը նշանակում է՝ սկզբում պետությունը մի բան է անում՝ իսկ դու հետո զեկուցում ես՝ ինչ լավ բան արեց եւ ինչ թերություններ եղան: Միշտ պետության հետեւից ընկած վիճակ է: Իզուր չէ՝ անգլերեն ասում են watchdog:



Հասարակության դերը նաեւ նոր գաղափարներ տալն է: Օրինակ՝ պետությունները չէին որոշել, որ նաեւ ԶԼՄ-ներով պիտի զբաղվի Արեւելյան գործընկերությունը, իսկ մենք՝ քաղաքացիական հասարակության Ֆորումը՝ որոշեց: Նույն կերպ՝ որոշեց, որ մարդու իրավունքներով էլ պիտի զբաղվի: Եվ այլն: Հետո՝ էքսպերտիզայի մասին. պետությունն ունի էքսպերտիզա, կուտակում է ամենօրյա գործունեության ընթացքում, շտեմում ինստիտուցիոնալ իր տեւականության շնորհիվ: Եթե հասարակության մեջ էքսպերտ կա՝ պետությունը կարող է նրան կոոպտացնել: Բայց հասարակության դերը միայն հավելյալ կամ անկախ մասնագիտական էքսպերտիզան չէ. այն նաեւ իմաստուն դիլետանտիզմն է՝ ելնելով հասարակության շահերից:



Օրինակ՝ պետությունն ասում է՝ էս ծառերը կտրենք, տակի հանքը ծախենք, ապրենք: Էկոլոգն ասում է՝ բա մեր երեխաների ապագա մաքուր օ՞դը: Պետությունը, ի վերջո, մի քիչ մեխանիզմ է, կարող է փչանալ, սխալվել: Իսկ հասարակությունը՝ մարդկություն է, մեքենայություն չէ: Դրա համար էլ պետք է: Հասարակության դերը նաեւ կանխարգելիչ է, նաեւ՝ պետությանը ստիպել, որ ճիշտ գործի: Ցիվիլ հասարակարգում հասարակության դերը նաեւ որոշիչ ու ղեկավար է՝ ի վերջո ցիվիլ հասարակությունն է թելադրում իր ընտրած անձանց պետական մարմիններում՝ ինչ անել, ինչ չանել:



Այ այսպիսի՛ հարցերով եմ ուզում ես զբաղվել: Կան նաեւ մի շարք հարցեր՝ պրոյեկտների իրագործման, հաղորդակցման, կարողությունների զարգացման մասին:



Ինչ անել 2



Ֆորումի եւ նրա աշխատանքային ենթախմբերի ռազմավարությունները սկզբունքների ու ռազմավարությունների խառնուրդ են, այն էլ՝ սեւագիր: Սկզբում պետք է դրանք, ինչպես ասացի, զտել, խմբագրել, մեր շահերին համապատասխանեցնել: Հետո՝ պետք է դրանցից երկու տեսակի փաստաթուղթ դուրս բերել: Մեկը՝ շատ կարճ, շատ ճշգրիտ միջազգային տերմիններով ձեւակերպված՝ գործունեության սկզբունքներ, այնպես ձեւակերպված, որ Եվրահանձնաժողովի զբաղված բյուրոկրատները ժամանակ ունենան ընկալելու, հասկանալու, ականջի հետեւ չգցելու, եւ այդ ձեւակերպումներն օգտագործելի լինեն նրանց համար:



Մյուսը՝ մանրամասն աշխատանքային պլաններ, ո՛վ, ի՛նչ է անելու, ի՛նչ ժամկետներում, որ ի՛նչ արդյունք ստանա, ինչքա՛ն փող է դրա համար պետք, որտեղի՛ց է հավանական այդ փողը գտնել, պետությունն ինչքանո՛վ է այս աշխատանքային պլանի հետ համաձայն ու պատրաստ մեզ հետ միասին իրագործել, եւ ի՛նչ անել, եթե դա այդպես չէ, որովհետեւ ձեռքներս ծալած թախտին նստելն ու բախտին սպասելը մեզ՝ ՀԿ-ներիս, հատուկ չէ:



Նաեւ պետք է հավաքագրել ու հանրությանը տվյալների բազա տալ՝ թե ով ինչ է անում ու ինչ կաներ՝ նույնիսկ առանց Ֆորումի լինել-չլինելու՝ Եվրոպայի հետ մերձենալու ասպարեզում: Կարելի եւ պետք է մեր պլատֆորմի ներկա եւ ապագա նոր անդամների համար, ինչպես եւ հին, մարզումներ կազմակերպել՝ ասենք, շահերի պաշտպանության ծավալուն ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ հմտությունները զարգացնելու, որ այդ հանելուկը լուծել կարողանան՝ ինչպես աշխատել, մի կողմից՝ պետության եւ հսկա ու հեռու Եվրահանձնաժողովի հետ, մյուս կողմից՝ 6 շատ տարբեր երկրների հետ միասին, որ ընդհանուր ծրագրերով հանդես գան, կամ, եթե դրանք տարբեր լինեն՝ իրար չխանգարեն: Նաեւ պետք է գտնել լավագույն ձեւերը՝ հետազոտելու այդ 6 երկրների փորձը, նրանց ՀԿ-ների հետ աշխատել լրջորեն:



Պետք է, օրինակ, նոր Կառավարող խորհրդին ուղղորդել, ստիպել, որ վեբ կայքին կից բլոգերի հնարավորություն ստեղծեն, որ հարյուրավոր պատվիրակներն ու պլատֆորմների անդամներն արագ ու արդյունավետ հաղորդակցվեն, կամ լրջորեն գործարկել այլ պլատֆորմ, ասենք՝ ֆեյսբուքը: Պետք է գործունեություն ծավալել Եվրոպայի երկրներում՝ նրանց ՀԿ-ների միջոցով, որպեսզի Արեւելյան գործընկերությանն ու Ֆորումին նրանց հասարակություններն էլ ծանոթանան, չէ՞ որ չգիտեն: Եվ այլն, եւ այլն, եւ այլն:



Այս ֆոնին՝ քանի դեռ այս հարցերի մասին դեռ ոչ մի լուրջ որոշում ու նույնիսկ լուրջ քննարկում էլ չկա, պլատֆորմի նիստ հրավիրելն ու մանավանդ նոր անդամներ հավաքագրելը շուտ է, վաղաժամ եւ հակաարդյունավետ: Սկզբում պիտի արդեն պրոցեսի մեջ գտնվող ՀԿ-ների մի լավ պատրաստված միջոցառում հրավիրվի. Եթե կուզեք՝ պլատֆորմի կոնֆերանս կոչեք, կուզեք՝ այլ բան, ցանցի նիստ, ենթախմբերի նիստ եւ այլն, բայց՝ վերը բերված հարցերը քննարկելու համար: Հետո, երբ աշխատանքային պլանն առաջ կգնա՝ նոր սկզբունքներով ու հիմունքներով՝ հավաքագրել հավելյալ մասնակիցներին ըստ իրենց ակտիվության, մեր կարիքի, նրանց կարողությունների, իրազեկության աստիճանի ու ծրագրի: Եվ զերծ մնալ ավելորդ իշխանաբաշխությունից ու ինադույաիմիտացիոն գործունեությունից: Տասն անգամ չափել՝ նոր կտրել:



Այդպիսով, ես եւ Ֆորումի մի շարք այլ մասնակիցներ իմաստավոր, բայց դժվար գործով ենք զբաղված: Այնպես որ, եթե ուզում եք՝ գնացեք քվեարկեք, իշխանություն բաժանեք, իրար մեջ բաշխեք, ջան ասեք, ջան լսեք: Կամ էլ եկեք մեզ միացեք, միասին աշխատենք, դռները բաց են, անելիքը՝ ծով, մենք օգնության կարիք շատ ունենք: Մեզ միանալու համար ոչ մի ձեւական անդամություն պետք էլ չի: Ով չի ուզում ջան ասել ու ջան լսել՝ թող գա գործով զբաղվի: Եթե ուզում եք ավելի մանրամասն իմանալ, ինչով կարող եք օգնել՝ դիմեք Միքայել Հովհաննիսյանին [email protected] էլեկտրոնային հասցեով: Դեկտեմբերի 11-13-ին մենք կպատասխանենք:



Գեւորգ Տեր-Գաբրիելյան,

շարքային ֆորումցի, ԵՀՀ





Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի

երկրորդ համաժողովին ընդառաջ



«Եվրասիա հանագործակցություն հիմնադրամի» տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի նամակը չէ պատճառը, որ ստիպված եմ շարադրելու Արեւելյան գործընկերության գործընթացների վերաբերյալ իմ մոտեցումները, այլ այն հանգամանքը, որ վերոհիշյալ նամակը զուգակցվում էր մեկ այլ նամակով՝ նույն «Եվրասիա հանագործակցություն հիմնադրամի» կողմից ուղարկված, որում արդեն ներկայացվում էր գրանտային ծրագրերի բաց նոր մրցույթ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցության շրջանակներում:



Գուցեեւ զուգադիպություն էր այս երկու, թվում է, թե՝ իրարից անկախ նամակների հրապարակումը եւ կամ առաջադրանք, իրար ջան չասելու ու իրար ջան չլսելու քողի տակ միմյանց ջան ասելով եւ ջան լսելով՝ այլոց գումարները մեջ-մեջ անելու եւ փոշիացնելու ձգտումով պայմանավորված: Եթե անգամ առաջադրանք չէ, ապա հենց այս եւ սրա նման զուգադիպություններով մտահոգված հասարակական կազմակերպություններն էին, որ դեռեւս Բրյուսելում կայացած ԱլԳ առաջին համաժողովից հետո կազմավորված նախաձեռնող խմբի աշխատանքների ժամանակ բարձրաձայնում էին հիմնադրամների մասնակցության աննպատակահարմարությունը ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումին:



Փաստորեն, երկու հիմնական խնդիր է դրված՝



1. տապալել ազգային պլատֆորմի կայացման գործընթացը Հայաստանում

2. ստեղծել պլատֆորմի ակումբային /ֆեյսբուքային/ իմիտացիա:



Այս երկու խնդիրներն էլ միմյանց փոխկապակցված լինելով՝ հետապնդում են մեկ նպատակ. թույլ չտալ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ինքնակազմակերպվելով ձեւավորի մեր իրականության համար տառացիորեն աննախադեպ համագործակցության նոր ֆորմատ, որտեղ կարծիքների եւ մոտեցումների տարատեսակությունը ոչ թե իրարից տարանջատում եւ մեկուսացնում է, այլ փոխհարստացնելու եւ փոխլրացնելու ճանապարհով հիմք է հանդիսանում ներդաշնակ բազմամիասնության ստեղծման: Քաղաքական առումով, այս երկու սպառնալիքների իրականացման պարագայում պլատֆորմի ակումբային իմիտացիան հնարավորություն է ընձեռելու անգաղափար, անարմատ եւ անանցյալ նյութապաշտությանը՝ անարգել շփվելու եվրոպական կառույցների հետ եւ սեփական «խոհափիլիսոփայությունը» ներկայացնելու իբրեւ հանրության հավաքական կարծիք:



Ընդ որում, նշված սպառնալիքները այդպես էլ կմնային չհաջողված թավշյա հեղափոխության հերթական փորձ, եթե չզուգորդվեին գրանտային ծրագրերի միջոցով արտերկրյա ֆինանսական աջակցության խոստումներով:



Արդ, ո՞րն է ելքը:



Իմ խորին համոզմամբ, ելքը պետք է խարսխված լինի Չարին չարով չպատասխանելու համամարդկային նորմի վրա: Հենց այս նորմով առաջնորդվելով էր, որ չնայած Հայաստանի ազգային պլատֆորմում ծագած տարաձայնություններին, Բեռլինյան համաժողով մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները, մի կողմ դնելով միմյանց բաժանող անջրպետը, իրար ձեռք մեկնեցին՝ հենվելով համերաշխության փոքրիկ եւ փխրուն նշույլի վրա:



Արդյունքը եղավ այն, որ Բեռլինում կայացած ԱլԳ քաղաքացիական հասարակության երկրորդ ֆորումում հայաստանյան պատվիրակությունը տարավ աննախադեպ հաղթանակ, որի հիմնական գրավականը համատեղ կազմակերպական աշխատանքն էր եւ, որ առավել կարեւոր էր, Հայաստանի ազգային պլատֆորմի քիչ թե շատ կայացվածությունը՝ ի համեմատություն ԱլԳ անդամ մյուս հինգ երկրների:



Անշուշտ, մենք ունենք դեռ չլուծված շատ խնդիրներ, որոնք ավելի քան ռեալ են եւ լուծման համար պահանջում են ոչ թե ֆիլանտրոպիկ աբստրահումներ ու Ստեփան Շահումյանի արձանի վրա բացակայող ամորձիների պատճառները պարզաբանելու համար կրէատիվ խաղերի իրականացում, այլ կազմակերպական հստակ աշխատանք՝ այն միակ լեգիտիմ բազիսի վրա, որպիսին հանդիսանում է արդեն իսկ ստեղծված Արեւելյան Գործընկերության Հայաստանյան Ազգային Պլատֆորմը /ԱլԳ ՀԱՊ/: Մասնավորապես, դեռեւս հստակեցված չեն ԱլԳ ՀԱՊ, ազգային համակարգող եւ ԱլԳ ՔՀՖ միջեւ առկա փոխհարաբերությունների գործառույթային ու հաստատութենական տրամաբանությունը: Լուծման կարոտ է ԱլԳ ՀԱՊ ընդլայնման այնպիսի տարբերակի արմատավորումը, երբ նոր ընդգրկվող կազմակերպությունները աշխատանքների մեջ ներգրավվելով պիտի ամրագրեն իրենց մասնակցությունը պլատֆորմին: Դեռեւս պարզաբանման կարիք ունի ԱլԳ ՔՀՖ նպատակադրումներին վերջինիս մասը կազմող բաղադրիչների, որպիսին նաեւ ազգային պլատֆորմներն են, ֆունկցիոնալ համապատասխանեցման սեմանտիկան:



Ուրվագծված չէ ԱլԳ ՀԱՊ մասնակից կազմակերպությունների կողմից որդեգրած առաքելությունների եւ դրանցից բխած գործունեության տարատեսակ բնագավառների փոխհամաձայնեցվածության ապահովման մեխանիզմները: Ակնառու չէ ԱլԳ ՀԱՊ կողմից մասնակցային մոնիտորինգի եւ մասնագիտական փորձաքննության միջոցով կառավարության կողմից ԱլԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանդեպ վերահսկողության, չկատարման պարագայում՝ խթանման, խախտման դեպքում՝ հրապարակային բարձրաձայնման կազմակերպական կառուցակարգերը:



Ակնհայտ է, որ այս բոլոր խնդիրներին ԱլԳ ՀԱՊ առաջիկա համաժողովին պետք է անդրադարձ կատարվի, գոնե հայեցակարգային դրույթների մակարդակով: Ի դեպ, հայեցակարգային դրույթների նախագիծը վաղուց արդեն մշակվել եւ ուղարկվել է շահագրգիռ բոլոր կողմերին, ընդ որում այդ նախագծի հիմքում ընկած են եղել ԱլԳ ՀԱՊ շրջանակում ստեղծված աշխատանքային խմբերի քննարկումների արդյունքներն ու ԱլԳ ՔՀՖ ուղենիշային փաստաթղթերը:



Ակներեւաբար, այս ողջ գործընթացի հաջողության գրավականներից մեկն էլ հանդիսանալու է ԱլԳ ՔՀՖ առաջին եւ չորրորդ աշխատանքային խմբերի կողմից ընտրված հայազգի համակարգողների եւ հատկապես նորընտիր ազգային համակարգողի անաչառ եւ օբյեկտիվ վերաբերմունքը, աչքի առաջ ունենալով նախկինում տեղի ունեցած թե՛ բացասական եւ թե՛ դրական նախադեպերն ու երկու ֆորումներին մասնակցության արդյունքում կուտակած փորձառությունը:



Հայ պետական ծառայողների միության նախագահ՝

Վաչե Քալաշյան