Տիգրան Խզմալյան. Իշխանափոխությունն էլ Հայաստանը չի փրկի

Տիգրան Խզմալյան. Իշխանափոխությունն էլ Հայաստանը չի փրկի
Ինձ այս ամեն ինչում հետաքրքրեց մի հանգամանք, փաստորեն, կարիք եղավ, որ Հայաստան հասնի Պլասիդո Դոմինգոն, որպեսզի մենք ազատվենք այս քաղաքապետից: Ընդհանրապես արվեստի հետ բախումը շատ ծանր է նստում մեր իշխանության վրա, դա նորություն չէ: Նախորդ նախարարը Ազնավուրի այցի ընթացքում այնքան հուզվեց, որ իր հրամանով անմեղ մարդուն սրճարանի զուգարանում սպանեցին իր թիկնապահները: Էլի թիկնապահներ, էլի խոշոր արվեստագետ... Ուղղակի փորձել կռահել՝ ով պիտի գա հաջորդ անգամ Հայաստան, որ մենք կադրային փոփոխություններ տեսնենք մեր երկրում:



Այդ անձնավորության մականունն ու նրա խառնվածքը բոլորին հայտնի էր, արքունիքի որոշ պնակալեզները արդարանալով եւ նրան արդարացնելով ասում են, որ այդ մարդու հոգում թատրոն կա: Իսկապես կա թատրոն, բայց դա երեւի աբսուրդի թատրոն է, եւ մենք նման թատրոնի հերթական ներկայացումը տեսանք եւ դեռ կտեսնենք: Այս կադրային փոփոխությունները որակական չեն, այդ ամենը որեւէ առնչություն չունի աշխատավոր ժողովրդի իրական կյանքի հետ: Այդ մարդիկ չեն ներկայացնում աշխատավոր ժողովուրդը, այն քաղաքացիներին, որոնց վճարված հարկերի շնորհիվ գոյատեւում է կառավարությունը, խորհրդարանը, բազմաթիվ այլ պարազիտային հաստատություններ՝ հարկային, մաքսային եւ այլն:



Չեմ հավատում այդ փոփոխություններին, չեմ հավատում այդ ընտրություններին, չեմ հավատում բարեփոխություններին, որովհետեւ մենք ունենք անցյալի դառը փորձ, որեւէ փոփոխություն հնարավոր է միմիայն ժողովրդի կամքով կատարված, ոչ թե իշխանափոխության, այլ համակարգափոխության դեպքում: Իշխանափոխությունն այլեւս Հայաստանը չի փրկի: Մարդիկ, ովքեր իշխանափոխություն են պահանջում, պահանջում են ընտրություններ՝ արտահերթ կամ հերթական, կամ սխալվում են, կամ գիտակցաբար թյուրիմացության մեջ են գցում ժողովրդին:



Հայաստանի փրկության համար համակարգային փոփոխություն է պետք, այն համակարգի, որի խորհրդանիշն են այս մականունով գործիչները, ովքեր չգիտես ինչու համարում են, որ դիվանագիտությունը, խորհրդարանական աշխատանքը դա բիզնես է, իսկ իրենք կարող են ստանալ հսկայական շահույթ ի հաշիվ ժողովրդի: Նախագահի հրամանով նշանակվեց, իր հրամանով էլ ազատվեց, երեւի զբաղված էր, դրա համար էլ ազատվեց: Ի դեպ, նույն օրը, նույն ժամին խորհրդարանում տեղի էր ունենում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը:



Խորհրդարանի իշխող մեծամասնությունը իր ղեկավարի՝ երեւի ՀՀ նախագահի հրահանգով դուրս եկավ դահլիճից, եւ Արցախի ճանաչման ճակատագրական հարցը մնաց չորոշված: Նշանակում է, որ մեր խորհրդարանը եւ քաղաքական ղեկավարությունը համարում են, որ Հայաստանի խորհրդարանն ի վիճակի եւ ի զորու չէ եւ իրավունք չունի որոշել ազգի համար կարեւորագույն հարցեր: Ուրեմն այդ հարցը որոշվում է այլ տեղերում, խորհրդարաններում՝ այլ երկրների հատուկ ծառայությունների խորհրդով: Դա ամենավառ օրինակն է մեր այսօրվա իրավիճակի:



Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ

կինոռեժիսոր