Տերյանը «Սունդուկյանում»` Աբրահամյանի հովանավորությամբ

Տերյանը «Սունդուկյանում»` Աբրահամյանի հովանավորությամբ
Թեեւ գիտեինք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «բարձր հովանու» ներքո անցկացվող պոեզիայի փառատոնը Վահան Տերյանի 125 ամյակին է նվիրված, բայց կարծում էինք, որ պարտադիր պայման չէ, որ Տերյանին նվիրված փառատոնին երեխաներն ու պատանիները Վահան Տերյանի ոչ մանկական բանաստեղծություններն ասմունքեն: Եվ երբ գնում էինք ասմունքի փառատոնի գալա համերգը լուսաբանելու, «Մայր թատրոնի» ճանապարհին հույս ունեինք, որ Սունդուկյանի բեմից «Պույ-պույ մկնիկը» կամ «Մկների ժողովը» մանկական ստեղծագործությունները կլսենք եւ ոչ թե թախիծով ու տխրությամբ հագեցած տերյանական պոեզիան: Բայց պարզվեց, որ փառատոնի կազմակերպիչները մեր պես չէին մտածել՝ մրցույթին հաղթած երեխաները Տերյան էին ասմունքելու:



Շատ հակամշակութային մարդիկ էին երեկ ներկա փառատոնի գալա համերգին՝ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Դավիթ Հարությունյանը, Գուժ Մանուկյանը եւ այլք: Ինչպես ընդհանրապես հանդիսատեսի, այնպես էլ մասնավորապես առաջին շարքի կենտրոնում տեղավորված այդ առանձնահատուկ հանդիսատեսի ականջների թմբկաթաղանթները բարձրախոսներից «գնդակոծվեցին» գլխացավ առաջ բերող աղմուկով, ինչի պատճառը, ինչպես հանդիսավարն ասաց, «փոքրիկ անսարքությունն էր»: Սակայն, անտեսելով այդ աղմուկը եւ բեմում ծավալված գործողությունները, մարզպետ Խաչատրյանը հաջողացրեց ընթացքում հեռախոսազրույց ունենալ: Սովորաբար ներկայացումներից առաջ մեր թատրոններում խնդրում են անջատել հեռախոսները, բայց այս դեպքում, հաշվի առնելով որոշ հանդիսականների «կուլտուրան», հավանաբար այդ միջոցառումն անօգուտ էին համարել:



Բեմը փորձել էին ձեւավորել իբր տերյանական ոգով: Հատակին աշնանային չորացած տերեւներ էին փռել, մի քանի մոմակալ էր դրված, ռոյալ: Ցուցադրվեց փառատոնի անցած ուղու մասին պատմող մի տեսաֆիլմ, որտեղ ռաբիզ երաժշտության ուղեկցությամբ ցուցադրվում էին պատառիկներ մարզերում անցած տեղական մրցույթներից: Բարձր բասերով «վեցութի» ամենաբարձր նոտաների վրա ցույց էր տրվում փառատոնի հովանավորի դեմքը:



Փառատոնին մասնակցել էր 21 հազար պատանի, որոնցից ընտրվել էին 21-ը: Նախքան մրցույթում հաղթած մասնակիցների ելույթը, ասմունքեց 3-4 տարեկան մի երեխա: Փառատոնի կազմակերպիչներից ոչ մեկի մտքով չէր անցել, որ առնվազն անհեթեթ է, երբ թոթովախոս երեխան տրտմությամբ լեցուն, մահվան տրամադրություններով բանաստեղծություն է արտասանում: Հետո տեղ-տեղ Սիլվա Յուզբաշյանին հիշեցնող կերկերուն ձայնով ասմունքեցին պատանիները: Մենք երրորդ բանաստեղծությունից հետո դուրս եկանք դահլիճից, որտեղ ԱԺ նախագահի հովանու ներքո անարգվում էր մեծ բանաստեղծի պոեզիան: