Ամեն ինչ իրար է խառնվել

Ամեն ինչ իրար է խառնվել
Շոու-բիզնեսում «ազատություն» հասկացությունը բավականին չարաշահվեց. ինչպես ամեն ինչի, ազատության մեջ էլ սահմաններ պետք է լինեն: Անկեղծ ասած՝ չեմ մեղադրում մարդկանց, որոնք փորձում են երգել կամ ունենալ տիտղոս, «երգիչ» անունը կրել: Դրանք ուղղակի երգողներ են, որոնց հավատացնում են, որ լավ են երգում: Իրենք մեղավոր չեն: Հեռուստատեսություններն են մեղավոր, դա իրենց ձեռք է տալիս, որովհետեւ շատ սկսնակներ ուղղակի ունեն հնարավորություններ, ավելի քան պրոֆեսիոնալները, իրենք վճարում են. սա դարձել է սովորական բան:



Այսքան գումար ենք վճարում, եւ դուք հաճախ ցույց տվեք տեսահոլովակը, ինչը ոչ ես, ոչ իմ կոլեգաներից շատերը երբեք թույլ չեն տա անել: Ավելի շատ «երգչուհիներն» են շատացել: Բայց էդ երգչուհիները հետո իրենք են հոգնում, ձանձրանում, որովհետեւ հասնելն ավելի հեշտ է, քան պահելը: Ինչի վրա էլ մեծ գումարներ դնեն, գովազդեն, ինքը հայտնի կդառնա: Հայրիկը կամ կողակիցը կարող է դա իրեն  նվիրել, բայց երբ ձեռք է բերում, դառնում է իր համար սովորական ու հասարակ, որովհետեւ հասել է իր ուզածին, եւ իրեն էլ չի հետաքրքրում: Էդպիսիները շատ են, էնքան անուններ էլ եկան ու գնացին, որոնց չհասցրեցինք ճանաչել: Իրենք մաղվեցին: Նոր անուններում լավերն էլ քիչ չեն, որոնց պետք է ճանապարհ տալ, այսօր ամեն ինչ իրար է խառնվել՝ թե մեր հեղինակային իրավունքների դաշտում, թե ամեն հարցում: Մի խոսքով, ես դժգոհ եմ այսօրվա շոու-բիզնեսի վիճակից, բայց հուսով եմ, որ ամեն ինչ իր տեղը կընկնի:



Շատ լավ, կայացած երգիչ-երգչուհիներ ունենք: Հիմա սկսել են գոռալ, եւ մելիզմները արդեն ականջներս չի լսում: Երգը հոգեվիճակ է, երգը զգացողություն է, պարտադիր չի գոռան, որ ցույց տան երգել գիտեն: Երգը դիմացինին պետք է հուզի, սեր, կարոտ ինչ-որ բաներ արթնացնի եւ հասնի մարդու հոգուն: Ով ավելի ուժեղ կգոռա, ով ավելի շատ մելիզմ կանի… այդ երեւույթը կուզեի չլիներ: Այսօրվա մեր հասարակությունը, մանավանդ դպրոցականները, ուսանողության մեջ եւս կա մի խավ, իրենք ավելի հեշտ ու էժան երաժշտության են ձգտում (հիմա ամեն ինչն է էդպես դարձել, անարժեք բաների են ձգտում, որովհետեւ դա ավելի հեշտ է ընկալելը) եւ իրենք  ձեւավորում ու նպաստում են դրան:



Հեռուստատեսություններն էլ նկատում են, որ շատ sms-ներ են քվեարկում (հիմնականում դեռահասները) նորելուկ երգիչ-երգչուհիներին, նրանց շնորհիվ փորձում են հարստանալ: Դրա համար իրենց ձեռք է տալիս տվյալ մարդուն շատ ցուցադրել եւ աշխատել գումարներ: Եթե նկատում եք, քիչ թե շատ կայացած երգիչ-երգչուհիները այնքան էլ չեն երեւում հեռուստաէկրաններին: Օրինակ, ամեն անգամ չէ, որ ինձ թույլ եմ տալիս շահարկվել հեռուստաընկերությունների կողմից: Միշտ չէ, որ եթե չկա ասելիք, կամ արդեն զգում եմ, որ շատ երեւացի, նույն հարցերը շատ են տալիս, ու ես հետաքրքիր չեմ, ես չեմ գնում էդ հաղորդմանը, որպեսզի ինձ չշահարկեն, որպեսզի ես մնամ իմ տեղում:



Այսպես է մտածում յուրաքանչյուր իրեն հարգող երգիչ-երգչուհի, ինչպես իմ սերնդակիցները: Չեն ուզում անընդհատ եթեր դուրս գալով մարդկանց հոգնեցնել եւ էժանանալ: Այսօր մի տեսակ անիմաստ է դարձել ձայնասկավառակ թողարկելը՝ պիռատների պատճառով, տեսահոլովակն էլ է անիմաստ դարձել, մեկ անգամ կցուցադրեն, հետո հանկարծ կմոռանան դրա մասին: Դրա  համար էլ չի կարելի ասել, թե որն է ավելի լավ, որը վատ՝ մի տեսակ ամեն ինչ իրար է խառնվել:



Ալլա ԼԵՎՈՆՅԱՆ

երգչուհի