Ռուսական լրատվամիջոցը պնդում է, որ Վաշինգթոնը Ղարաբաղն Ալիեւին է «ծախել»

Ռուսական լրատվամիջոցը պնդում է, որ Վաշինգթոնը Ղարաբաղն Ալիեւին է «ծախել»
Վաշինգթոնը չի խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը: Այս մասին գրում է ռուսական «Արգումենտի նեդելի» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության տվյալներով, ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «քարտ-բլանշ» է տվել ԼՂ խնդիրը լուծելու համար: Հոդվածի հեղինակը նշում է, որ Վաշինգթոնը չի խոչընդոտի ԼՂ խնդրի ուժային լուծմանը, բայց այդ դեպքում ամեն բան պետք է արագ արվի, ինչպես ժամանակին Խորվաթիան լուծեց Սերբական Կրաինայի հարցը, եւ ինչպես Վրաստանը փորձեց լուծել Հարավային Օսիայի հարցը:



Փոխարենը ԱՄՆ-ը Ալիեւից պահանջում է իրավունք Ադրբեջանի տարածքն օգտագործել որպես պլացդարմ Իրանի վրա հարձակվելու համար: Սկզբում միայն հետախուզության եւ հատուկ գործողությունների համար, ապա նաեւ մասշտաբային ռազմական գործողությունների համար:



Սակայն, գրում է պարբերականը, Ալիեւը դեռ տատանվում է: Նա վախենում է, որ այդ գործողությունը վատ կվերջանա Ադրբեջանի համար: Դա կարող է հարվածել երկրում քաղաքական վիճակին եւ անձամբ իրեն:



Հատկանշական է, որ նման բնույթի հոդվածը տպագրվում է հենց ռուսական մամուլում, հաշվի առնելով, որ Մոսկվան ամեն կերպ ցանկանում է մեծացնել իր դերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Բացի այդ, հոդվածը հիմնվում է «իր աղբյուրների վրա», որոնք չեն բացահայտվում:



News.am