Իջեւանի գնդի հրամանատարը ձերբակալված է

Իջեւանի գնդի հրամանատարը ձերբակալված է
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ Տավուշի մարզի N զորամասի հրամանատար գնդապետ Սերգեյ Կարապետյանն ազատվել է աշխատանքից: Փաստի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Ներկայումս գնդապետը ձերբակալված է:



2010թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում Իջեւանի զինվորական զորամասից Իջեւանի բժշկական կենտրոն էին  տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներ, 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը`գանգուղեղային ծանր տրավմա ախտորոշմամբ, եւ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը` ձախ սրունքի ստորին երրորդ փակ կոտրվածք ախտորոշմամբ: Նրանք վնասվածքը ստացել էին զորամասում գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի կողմից, նրա աշխատասենյակում:



Հիվանդանոց տեղափոխված երիտասարդները զորամաս էին գնացել` «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով` իրենց ծառայակից ընկերոջ բարեկամին տեսնելու համար: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց տեսել է գնդի հրամանատարը եւ հայհոյանքներով ու սպառնալիքներով հրամայել է, որ նրանք լքեն զորամասի անցակետի տարածքը: Երիտասարդներից մեկը պատասխանել է հայհոյանքին, եւ այդ ժամանակ Կարապետյանը հանձնարարել է մի քանի սպաների, որ երիտասարդներին բռնեն եւ բերեն զորամասի վարչական շենքի իր աշխատասենյակ, որտեղ էլ դաժան ծեծի են ենթարկել երիտասարդներին:



Գետահովիտի բնակիչները հայտել են, որ գնդապետը նաեւ առգրավել է «Նիվան», կրակոցներ է արձակել իր աշխատասենյակում: Նախնական լուրերի համաձայն, վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մի քանի երիտասարդ բնակիչներ գնացել են զորամաս` իրենց ծանոթներից մեկին տեսնելու համար: Վիճաբանության ժամանակ ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով երիտասարդներից մեկը՝ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը, տեղափոխվել է հիվանդանոց: