ԱԼՄ-ն փակվեց, բայց բացվեցին այլ դռներ

ԱԼՄ-ն փակվեց, բայց բացվեցին այլ դռներ
Թեեւ 10 օրից Տիգրան Կարապետյանի խոսքին, վերլուծությանն ու կանխատեսումներին անմնացորդ հավատացող բացառիկ հեռուստադիտողների լսարանը կզրկվի նրա հետ եթերային ինտերակտիվ շփումից, սակայն այս լսարանի հետ հաղորդակցումը կշարունակվի «տետ ա տետ»: Հունվարի 7-ին տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքն ապացուցեց, որ կենտրոնամետ գործչի անկոտրում լսարանը պատրաստ է նրա հետեւից գնալ զանգվածային բողոքի՝ պահանջելով արդարություն: Իսկ սա Կարապետիչին այն աստիճան է ոգեւորել, որ վերջինս` խանդավառված, առանց վախենալու որեւէ ճնշումից, շարունակելու է հաղթարշավը դեպի մարզեր՝ տեղում հաղորդելու ասելիքը:



Անդրադառնալով մարզերի ակտիվ հեռուստադիտողների մասնակցությանը հանրահավաքին, մեզ հետ զրույցում նա հավատացրեց, որ ոչինչ չի ծախսել նրանց մայրաքաղաք տեղափոխելու համար, եկել են ինքնակամ, բարեբախտաբար ոստիկանների կողմից ճնշումներ չեն եղել: Կարապետիչի խոսքով` պատճառն այն է եղել, որ «ոչ որեւէ կոչ են արել, ոչ էլ հրահրել»: Սակայն հնչել է ու շարունակելու է հնչել շարժման ամենակարեւոր հայտարարությունը՝ «մենք սկսել ենք երրորդ ուժի հիմքը»: Գաղափարականից բացի, նորաստեղծ ուժի առաջնորդն անդրադարձավ հանրահավաքի տեխնիկական կողմին:



Կարեւոր համարեց ֆիքսել, որ իր գլխավորած միտինգին անարդարությունից դժգոհ 10 հազար ազնիվ մարդ էր եկել, իրենք նկարահանել են միայն վերեւի հատվածը, «ներքեւները միտումնավոր չեն նկարահանել»՝ մտածելով, որ մարդիկ հնարավոր է՝ չեն ցանկանում նկարահանվել: Իսկ 6 հազարի մասին  հաստատ գիտի, քանի որ այդքան մոմեր է բաժանել: Չնայած իշխանությունները չեն փորձել խոչընդոտել, բայց Կարապետիչը չի բացառում, որ  հաջորդ միտինգին, որը լինելու է հունվարի 19-ին,  լինեն միջամտություններ, քանի որ կանխատեսում է լուրջ զանգված՝ մոտ 50 հազար մասնակից:



«Բայց այդ դեպքում արդեն իշխանությունները  ցույց կտան, որ մեզանից վախենում են»,- կարծում է «ԱԼՄ հոլդինգի» նախագահը: Տիգրան Կարապետյանն ասաց, որ կոլեկտիվում արդեն որոշել են ոչ մի կոմպրոմիսի չգնալ՝ շարունակելով թեժ պայքարը, չնայած որ դեռեւս որեւէ առաջարկ չեն ստացել: «Ես ասում էի՝ կփակեն ԱԼՄ-ն, մեզ կդարձնեն հերոս, իսկ եթե ճանապարհը փակեն, արդեն ցույց կտան, որ վախենում են մեզանից»,-ասում է նա ու եզրակացնում, որ այնուամենայնիվ վերջին քայլը դրական կանդրադառնա իր հերոսացման գործընթացի վրա:



Ամեն դեպքում, Կարապետիչի ակնկալիքներն արդարացել են: Մինչ միտինգը, անգամ իրենց հեռուստադիտողներն են զանգել ու կասկածներ հայտնել, թե մարդիկ չեն գա իր կազմակերպած բողոքի ցույցին, քանի որ ապերախտ են, բայց պարզվեց, որ դա իրականությունից հեռու է, եւ մասնակիցների թիվը գերազանցել է սպասելիքները: Մի խոսքով, անկախ հունվարյան ակցիաներից, որպես չարիքների դեմ պայքարելու խորհրդանիշ, իր ձեւակերպմամբ, 3-րդ ուժի առաջնորդ Տիգրան Կարապետյանը միտինգ կանի ոչ միայն հունվարի 19-ին, այլ նաեւ մարտի 1-ին:  Իսկ ընդհանրապես թե այս բողոքի ալիքն ինչպես կանդրադառնա ԱԼՄ-ն փակելու որոշման վրա, Կարապետիչն արդեն թքած ունի: Կարեւորն այն է, որ  եթեր փակելը զանգվածային ելույթների հնարավորություն ստեղծեց: Իսկ առջեւում խորհրդարանական ընտրություններն են: