Մի վախեցեք տանկից...

Մի վախեցեք տանկից...
Վախեցեք խմած տրակտորիստից: Խորհրդային տարիների ռուսական այս հայտնի ասացվածքը հետամանորին խիստ ակտուալ է դարձել Հայաստանում: Աստիճանաբար կյանք վերադարձող մեր քաղաքական գործիչներից ոմանք ուղղակի ստիպում են իրենց մասին մտածել` ինչպես խմած տրակտորիստի: Մենք էլ, ինչ արած, ձեռքներս ծալած հո չե՞նք նստելու կամ էլ հո լուռ չե՞նք հետեւելու, թե ինչպես են նրանք ծուռումուռ վար անում հայրենի քաղաքական դաշտերում:



Նրանցից մեկը` Արծրունի Աղաջանյան անուն, աշխատանքային փողկապը դեռ չկապած, որոշել է հայությանը զարմացնել ՕԵԿ-ի ուժի մասին հերթական առասպելով: Իսկը ժամանակն է: Քաղաքական վերլուծաբանները թմբիրի մեջ են, ինչպես կարծում են ոմանք, եւ ոչինչ չեն նկատում: Հետեւաբար կարելի է նույնիսկ առասպելը իրականության տեղ անցկացնել` առանց վախենալու հետեւանքներից:



Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Արծրունի Աղաջանյանը հակաօրինական բան է արել, հենց սկզբից ասենք, որ ընդամենը ցանկացել է պատասխանել վերջին շրջանում մամուլում եւ մյուս ԶԼՄ-ներում ՕԵԿ-ի հասցեին բաներ գրած հեղինակներին: Եվ այսպես`



«- Պարոն Աղաջանյան, վերջին շրջանում քաղաքական շրջանակներում մեծացել է հետաքրքրությունը ՕԵԿ-ի նկատմամբ, ինչն էլ ժամանակ առ ժամանակ մամուլում արտացոլվում է կուսակցության մասին տարաբնույթ հրապարակումներով:



- Ակնհայտորեն նման հրապարակումները նախընտրական քարոզչության հնարքներ են, որոնք գործադրվում են ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու եւ քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու նպատակով: Համոզվելու համար բավարար է ուշադրություն դարձնել ու հասկանալ, որ նման անհիմն ու հնարովի կարծիքներ հրապարակում են միայն որոշակի քաղաքական հոսանքներին սպասարկող պարբերականները` իրենց երես թեքած համակիրներին դարձյալ խաբելու համար: Պատահական չէ, որ ոչ մի լուրջ քաղաքական վերլուծաբան այդպիսի կանխատեսումներ չի արել»:



Սա copy-past տարբերակով մեջբերված հատված է իմ կողմից հարգված լրագրի մի հրապարակումից: Ինչու եմ հարգում այդ լրագի՞րը: Խնդրեմ` կրկին ընթերցեք լրագրողի հարցը եւ կտեսնեք, թե որքան կոռեկտ է այն, առանց չարության ու ագրեսիայի նշույլի: Մարդը պարզապես բարի լույս է մաղթել Արծրունուն (Արծրունիի՞ն) եւ ասել, որ ՕԵԿ-ի շուրջ ակտիվություն է նկատվում: Իսկ ի՞նչ է անում դրանից հետո Արծրունի Աղաջանյանը: Նա անմիջապես «կռահում» է, թե խոսքը որ հրապարակումների մասին է, ու անցնում բացահայտ գրոհի` «նման հրապարակումներ», «նախընտրական քարոզչական հնարքներ», «քաղաքական մրցակցին վարկաբեկող հնարքներ», «անհիմն ու հանիրավի կարծիքներ» որակելով ՕԵԿ-ի շուրջ «հանկարծ» առաջացած ակտիվությունը: Դե իսկ նրա պատասխանի վերջը պարզապես աշխարհի վերջն է. «Պատահական չէ, որ ոչ մի լուրջ քաղաքական վերլուծաբան այդպիսի կանխատեսումներ չի արել»:



Մենք շատ կցանկանայինք անձամբ Արծրունի Աղաջանյանից տեղեկանալ, թե ինքը քանի՞ լուրջ քաղաքական վերլուծաբանի է ճանաչում Հայաստանում, ովքեր ՕԵԿ-ի համար տրամագծորեն հակառակ, այսինքն` լավ կանխատեսումներ են արել ու հրապարակավ հանդես եկել հայրենի լրատվամիջոցներում: Բնականաբար այդ շարքում չեն կարող լինել Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, ովքեր, ՕԵԿ-ի մասին խոսելիս, հասկանալի պատճառներով միայն դրական բաներ են ասում:



Ինչեւէ, 2011-ի իր անդրանիկ հարցազրույցում Արծրունի Աղաջանյանը եւս փորձել է դասվել ՕԵԿ-ի մասին լավ բան ասողների շարքը ու մի բան էլ սպառնալ նրանց, ովքեր, ՕԵԿ-ի ուժը գիտակցելով, չարությամբ են լցված այդ կուսակցության նկատմամբ:



Քավ լիցի, պարոն Աղաջանյան, մենք` լրագրողներս եւ քաղաքական մեկնաբաններս, Ձեզնից ավելի պակաս չենք ցանկանում մեր երկրում լավ բան տեսնել: Բայց ինչ կարող ես անել, որ եղածը սա է: Օրինակ ՕԵԿ-ը, որի գործունեությունը, ինչպիսի քաջություն, Դուք համարձակվում եք գնահատել երեք տարվա հեռավորությունից` մարտի 1-ից, ու գտնում, որ ՕԵԿ-ի նմանը չկա: Մենք պարզապես փորձում ենք այդ երեք տարվան նայել մի փոքր այլ տեսանկյունից:



Եվ նայելիս, ենթադրենք, այսպիսի հարց է ծնվում` եթե ՕԵԿ-ն այդքան հզոր կուսակցություն է, ապա ինչպես պատահեց, որ այդ երեք տարում նրա ներկայացրած երեք նախարարներից եւ ոչ ոք չկարողացավ պաշտոնավարել մինչեւ իր ժամկետի տրամաբանական ավարտը եւ փոխարինվեց նախագահի մարդկանցով: Հենց որ Արծրունի Աղաջանյանը կամ որեւէ մեկն ՕԵԿ-ից պատասխանի այս հարցին, վստահ ենք, որ մամուլում եւ մյուս լրատվամիջոցներում «լուրջ քաղաքական վերլուծաբանները» իրար հերթ չեն տա ՕԵԿ-ի մասին լավ-լավ բաներ գրելու համար:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ