Նախկին նախարարը դաստիարակության պակասի մասին

Նախկին նախարարը դաստիարակության պակասի մասին
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ դեկտեմբերին պաշտոնանկ արված արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին նոր պաշտոն է առաջարկվել՝ նրան նշանակում են Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական: Երեկ մեր հարցին, թե գնո՞ւմ եք նոր պաշտոնի, արդարադատության նախկին նախարարը պատասխանեց. «Ոչ: Ոչ մի բան էլ չկա: Կգա օրը, ամեն ինչ կիմանաք»: «Ասել է թե՝ դա սո՞ւտ է» մեր հստակեցմանը Գեւորգ Դանիելյանը հայտարարեց. «Ոչ մի բան չկա այս պահին»:



«Այլ պաշտոնների առաջարկներ եղե՞լ են» հարցին Դանիելյանը չպատասխանեց: Նախկին նախարարին խնդրեցինք գնահատել արդարադատության ներկայիս նախարարի գործունեությունը, մասնավորապես, որ քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանը չկարողացավ մասնակցել մոր թաղմանը: «Նախկին նախարարը ներկա նախարարին գնահատական է տալիս միայն այն դեպքում, երբ չունի նորմալ դաստիարակություն: Եթե ինչ-որ մեկն իմ հանդեպ նման բան թույլ տվել է, դա չի նշանակում, որ ես պետք է թույլ տամ ուրիշի նկատմամբ»,-հայտարարեց Գեւորգ Դանիելյանը՝ ակնարկելով, որ Դավիթ Հարությունյանը խանգարել է իր գործունեությանը եւ քննադատել իր հաջորդին: