Հեղափոխության ծրագիրը կհաստատվի ուրբաթ օրը

Հեղափոխության ծրագիրը կհաստատվի ուրբաթ օրը
Կարեն Կարապետյանի նշանակվելուց հետո հատկապես կենդանացել է քաղաքապետարանի կայքը, որը վերածվել է անձնական բլոգի:  Տպավորություն է ստեղծվում, թե բոլորը դռները փակել-գնացել են,  շենքում միայն Կարապետյանն ու իր «ռասկրուտկայով» զբաղվող հասարակայնության ու տեղեկատվության վարչությունն է, իսկ քրտնաջան աշխատանքի նպատակը՝ հնարավորինս արագ վերացնել Բեգլարյանի շունչը: Անկախ նրանից, թե այս աշխատանքի ադյունքում որքանով է մոռացվել Բեգլարյանը, քաղաքապետարանում շարունակում են համառ լուրեր շրջանառվել վերջինիս կերպարի հետ ասոցացվող  կադրերի մոտալուտ պաշտոնանկությունների մասին:



Ըստ խոսակցությունների՝ բավականին լուրջ վիճակում են հայտնվել հատկապես նրանք, որոնց կարիերայի սրընթաց աճը ուղիղ պայմանավորված է Բեգլարյանի  նվաճումներով: Ինչպես վերջինս թաղապետից հայտնվեց քաղաքապետի պաշտոնում, այնպես էլ մի շարք  դեմքեր  թաղապետարանի վարչության պետից  քաղաքապետարանի համապատասխան վարչություն տեղափոխվեցին: Մինչ անուններ թվարկելը,  նշենք, որ Կարապետյանը երեկվա նիստում  դարձյալ անդրադարձել է  նաեւ այն «սեւ դավթարին», որը կոչվում է կառուցվածքային փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների նախագիծ:



Ասել է թե՝  ուրբաթ օրը ներկայացնելու են ավագանու քննարկմանը: Ըստ խոսակցությունների՝ բացի կադրային փոփոխություններից, լինելու են նաեւ որոշ վարչությունների վերամիավորումներ, ինչի արդյունքում դուրս կմնան  պետեր ու տեղակալներ՝ իրենց ենթականերով: Շրջանառվող պաշտոնանկվողներից հատկապես միանշանակ հաստատվում է մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Էլեոնորա Թումանյանի անունը: Ասում են՝ միայն Բեգլարյանի կադր լինելու հանգամանքով չէ պայմանավորված, այլեւ  իր գործունեությամբ:



Անկախ գործունեության  ու աշխատանքի արդյունավետությունից,  «սեւ ցուցակում» են հայտնվել Կենտրոն  վարչական շրջանի նախկին  աշխատակիցներ, ներկայումս քաղաքապետարանի իրավական վարչության  պետ  Զավեն Առաքելյանը, ինչպես նաեւ  արտաքին ձեւավորման եւ գովազդի  վարչության պետ Արմեն Հարությունյանը: Թե կառուցվածքային փոփոխությունները ինչ  կտրվածքով տեղի կունենան եւ ինչ ազդեցություն կունենան քաղաքապետարանի հետագա  աշխատանքների  ու ընդհանրապես աշխատակազմի տրամադրության վրա, դեռ հայտնի չէ, սակայն կանխատեսում են քաղաքապետարանում նաեւ  հոգեւոր, մշակութային  կորուստ:



Ասում են՝  չի խնայվելու քաղաքապետարանի միակ աստղային կադրը՝ Գոռ Վարդանյանը: Հիշեցնենք, որ նրա արվեստի երկրպագու աշխատակիցները միայն Բեգլարյանի շնորհիվ հնարավորություն ունեցան իրական կյանքում  կինոդերասանի հետ շփվելու: Բեգլարյանը սպորտի եւ երիտասարդության հարցերում ապավինել էր նրա խորհուրդներին՝ նշանակելով իրեն խորհրդական:   Վերադառնալով երեկ տեղի ունեցած նիստին, նշենք, որ  բացի ավագանուն ներկայացվելիք խորհրդավոր հաստիքացուցակի  մասին հայտարարելուց, քաղաքապետն աննախադեպ  կարգադրություն է արել՝ մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեղադրել տեսախցիկներ:



«Սրտացավ» քաղաքապետը բավականին  պատասխանատու հայտարարություն է արել հատկապես կանաչ տարածքների վերաբերյալ: Չգիտես թե ում վստահեցրել է, որ կանաչ տարածքի հաշվին որեւէ շինարարություն չի լինելու: Այս հայտարարությունը միանշանակ ընդունելու համար  պետք է մի կարեւոր հարց պարզել՝ արդյոք կանաչ տարածքների վերաբերյալ հասարակության ու քաղաքապետի պատկերացումներն ու չափանիշները համընկնո՞ւմ են:  Թե չէ մինչ օրս սրճարանների վերածած կանաչ տարածքները, մինչ շինարարություն սկսելը, ձեւակերպվում էին որպես չորացած ու աղբանոցի վերածված այգի: