Զինդատախազը վունդերկի՞նդ, թե՞ ստախոս

Զինդատախազը վունդերկի՞նդ, թե՞ ստախոս
Գեւորգ Կոստանյանի՝ զինդատախազ նշանակվելուց հետո համառ լուրեր էին շրջանառվում, թե նա չի ծառայել ՀՀ զինված ուժերում: «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեն եւս այդ կապակցությամբ երկու օր առաջ հաղորդագրություն էր տարածել:



Գեւորգ Կոստանյանի կենսագրության մեջ, ինչը զինդատախազ նշանակվելու օրը բոլոր լրատվամիջոցներին էր հղվել նախագահականից, ընդամենը նշված է, որ «ծառայել է ՀՀ զինված ուժերում», իսկ թե որ թվականին եւ որտեղ՝ ոչ մի խոսք: Նախօրեին մենք դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով ասել, թե որտեղ եւ երբ է ծառայել նորանշանակ զինդատախազը, ինչին նախ չպատասխանեցին, ապա պատասխանեցին մեկ տողով. «Գեւորգ Կոստանյանը 1999-2001թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում», սակայն թե որտեղ՝ կրկին անպատասխան մնաց:



Մենք դարձյալ ընթերցեցինք խնդրո առարկա կենսագրությունը եւ պարզեցինք, որ Կոստանյանը 1999 թ. ավարտել է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ «գերազանցությամբ»: 2002թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան եւ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի կոչում:



Հարց է առաջանում՝ եթե 1999-2001 թվականներին ծառայել է բանակում, ապա ինչպե՞ս է կարողացել միաժամանակ սովորել ասպիրանտուրայում եւ պաշտպանել գիտական թեզ: Բանակին համընթաց ուսումը պրակտիկորեն հնարավոր չէ: Բանակում թեկնածուական ատենախոսություն գրելը եւս անհնարինի ոլորտից է: Դատելով այս կենսագրությունից՝ զինդատախազն իսկական վունդերկինդ է, իր կնքահոր՝ Դավիթ Հարությունյանի նման:



Մինչ զինծառայության մեկնելը՝ 1995թ.-ից, 18 տարեկանում աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու: Իսկ 2001-ի հունիսին՝ դեռ բանակից չվերադարձած կամ նոր վերադարձած, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:



Ինչեւէ, մեզ անչափ հետաքրքրում էր, թե կոնկրետ որտեղ է ծառայել Կոստանյանը, սակայն դատախազությունում պատճառաբանեցին, թե չեն կարող զորամասի համարն ասել, թեեւ մենք ընդամենը զորամասի տեղն էինք ուզում իմանալ: Դատելով այս հարցականներից ու կիսապատասխաններից, բանակում ծառայելու փաստն ընդամենը բլեֆ է, որ հորինված է հասարակությանը հանգստացնելու համար: Իսկ սուտ ասելը, գիտեք, մեր պետական համակարգում ամենահարգի աշխատաոճն է: