Աշոտյանի ճակատագիրն ու ամենատեղյակ «պատվիրատուները»

Աշոտյանի ճակատագիրն ու ամենատեղյակ «պատվիրատուները»
Վերջերս Բժշկական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց նույն բուհի նախկին ուսանող, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ այս ընթացքում Հայաստանի պետական բուհերի խորհուրդների նախագահներ ընտրվել են իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ հիմնականում հանրապետականներ: Ներկայացնում ենք ԿԳ նախարարի հետ մեր զրույցը:



- Փաստորեն, Դուք ուսանող տարիներին եղել եք ուսխորհրդի նախագահ, հիմա դարձաք բուհի խորհրդի նախագահ: Չե՞ք կարծում, որ Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել ուսանողների համար` որ կարեւորը ոչ թե դաս սովորելն է, այլ լրացուցիչ ակտիվությունն ու իշխող կուսակցությանն անդամագրվելը, քանի որ հետո հնարավոր է դառնաս նախարար, բուհի խորհրդի նախագահ:



- Դուք մասամբ ասացիք հաջողության բանաձեւը: Հաջողության բանաձեւը յուրաքանչյուր մարդու համար, այն երիտասարդների համար, որոնք ցանկություն ունեն պետական ապարատում կամ քաղաքականության մեջ իրենց դրսեւորել, ոչ միայն ակտիվության մեջ է եւ ոչ այնքան ակտիվության մեջ է: Ակտիվությունը ոչինչ է, եթե համապատասխան կրթական ցենզը չի ներում ակտիվությունը դրսեւորել, զարգացնել, մրցունակ լինել թե քաղաքական, թե հասարակական դաշտում: Սա է պատճառը, որ ես նախեւառաջ ստացել եմ լավ կրթություն, որից հետո կարողացել եմ ինձ մասամբ դրսեւորել հասարակական-քաղաքական կյանքում:



- Ասել է թե՝ նախարարի պաշտոնը մասա՞մբ դրսեւորում եք համարում, ավելի մեծ հավակնություննե՞ր ունեք:



- Ես ոչ մի պաշտոնի համար երբեք ոչ մի հավակնություն չեմ ունեցել: Աշխատանք եւ ճակատագիր:



- Այսինքն՝ կրթության նախարար դառնալը Ձեր ճակատագի՞րն էր:



- Չէ, ճակատագիրը՝ ի նկատի ունեմ քաղաքական զարգացումների ընթացքը: Օրինակ. Դաշնակցության` կոալիցիայից դուրս գալը բերեց նրան, որ առաջացավ այս պաշտոնի հնարավորությունը:



- Վարչապետն ամիսներ առաջ քննադատել էր Ձեր ղեկավարած կրթության ոլորտը, այն հայտարարվեց ամենակոռումպացվածներից մեկը: Ի՞նչ եք արել այս ընթացքում, որ դրա դեմ պայքարեք:



- Եվս մեկ առիթ է ինձ համար՝ խոսելու կրթական համակարգի կոռուպցիայից, քննադատել այդ երեւույթը, ինքնաքննադատորեն մոտենալու՝ ասելով, որ բազում ռեսուրսներ կան, որ դեռ պետք է օգտագործվեն հակակոռուպցիոն պայքարի հաջողության համար, եւ ռեսուրսների հիմնական գաղափարական կուտակումն իրականացվել է 2012-2013 թթ. հակակոռուպցիոն ռազմավարական համալիր ծրագրում:



- Մինչ այժմ ինչ-որ կոնկրետ քայլեր արե՞լ եք:



- 2011 թ. հունվարից մեկնարկել է այդ ծրագրի իրականացումը՝ իր բոլոր ուղղություններով: Մանրամասնություններին կարող եք ծանոթանալ մեր ինտերնետ կայքից:



- Քաղաքացին ուզում է ոչ թե ինտերնետ մտնել, այլ կոնկրետ քայլի մասին լսել: Կոռուպցիայի դեմ անընդհատ պայքարում եք, բայց կոռուպցիան բարգավաճում է:



- Էս ի՜նչ ասեցիք, էս ի՜նչ ասեցիք:



- Կոնկրետ մի քանի քայլ կարո՞ղ եք ասել:



- Կոնկրետ իրավական համակարգի բարեփոխումներ, հակակոռուպցիոն տրամաբանություն: Մասնավորապես ուսանողական իրավունքներին վերաբերող նորմատիվ դաշտը պետք է ավելի հստակ լինի, որպեսզի ուսանողն իր իրավունքների պաշտպանության համար երկիմաստ օրենսդրական ձեւակերպումների պատճառով չտուժի, եւ պետք է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Պետք է ուժեղացվի կրթական տեսչական գործառույթը:



Նույնպես փաթեթը մշակվում է: Ընդունելության քննությունների բարեփոխումներ կան, մասնավորապես այս տարի ամբողջությամբ պետք է վերանա ընդունելության քննությունների համակարգը քոլեջներում եւ ուսումնարաններում: Այս տարի առաջին անգամ քոլեջներում եւ ուսումնարաններում կիրականացվի ընդունելություն առանց ընդունելության քննությունների: Զուգահեռաբար բարեփոխվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական համակարգը:



- Ասել է թե՝ դրանց ընդունելությո՞ւնն էլ հետագայում կլինի առանց ընդունելության քննությունների:



- Գործող համակարգը, իհարկե, ավելի արդյունավետ է, քան նախկինում գործող ոչ կենտրոնացված քննությունների համակարգը, բայց լիարժեք չի եւ էլի դժգոհությունների տեղ տալիս է: Այդ ուղղությամբ նույնպես մեկնարկել են հստակ գործողություններ:



- Դրանցով կոռուպցիան կվերանա՞:



- Կոռուպցիան չի կարող վերանալ, ցավոք եւ ոչ մի ոլորտում, եւ ոչ մի երկրում: Կոռուպցիան պետք է կտրուկ նվազի եւ չունենա համակարգային ազդեցություն:



- Պարբերաբար խոսվում է պաշտոնից Ձեր հեռանալու հավանականության մասին: Ասվում է նաեւ, որ Ձեր պաշտոնը սակարկության առարկա է, ԲՀԿ-ին է առաջարկվել: Դրա հետ կապված ի՞նչ կասեք:



- Բազմաթիվ հետաքրքիր մանրամասնություններ իմացա Ձեր շուրթերից կրթության նախարարի պաշտոնի մասին:



- Դա գրվել է թերթերում:



- Ես սովորություն չունեմ կարդալու լուրեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում:



- Առանց կարդալո՞ւ եք իմանում, որ իրականությանը չեն համապատասխանում:



- Ես գիտեմ ընդամենը մեկ բան` որ այդ հոդվածների, լուրերի ճնշող մեծամասնությունը ունեն հստակ պատվիրատուներ, եւ հարցրեք այդ պատվիրատուներին, թե արդյոք ինձ իրոք հանո՞ւմ են, թե՞ ոչ:



- Ուզում եք ասել՝  պատվիրատուներն ավելի՞ տեղյակ են ու իրե՞նք են որոշում՝ Ձեզ հանելու են, թե ոչ:



- Ես ինչ որ ուզում էի ասել, ասեցի: