Կառավարությունը գրագողությա՞մբ է զբաղված

Կառավարությունը գրագողությա՞մբ է զբաղված
Երբ ԱԺ պատգամավորները փորձում են պաշտպանել տեղական արտադրողին, հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու (ակցիզահարկի կամ այլ հարկատեսակների վերաբերյալ) միջոցով, կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ կան ավելի լավ գործիքներ, եւ այդ ճանապարհով գնալը ցանկալի չէ:



Երբ պատգամավորները ցանկանում են «Գնումների մասին» օրենքում կատարել փոփոխություն, որտեղ գրեն, որ տեղական արտադրողն ունի նախապատվություն 15 տոկոսի չափով՝ գնումների համակարգի միջոցով ապրանքներ եւ ծառայություններ մատուցելու համար, կառավարությունը նույնպես մերժում է՝ ասելով, որ կան ավելի լավ գործիքներ, քան այդ նախապատվություն տալը:



Երբ կառավարության ներկայացուցչին հարցնում ենք՝ որո՞նք են այդ գործիքները, նրանք նշում են, մասնավորապես, մաքսային օրենսգիրքը: Բոլորին հայտնի է, որ ԱՀԿ անդամակցության շրջանակներում մենք ունենք պարտավորություն մաքսատուրքերը 15 տոկոսից ավելի սահմանելու վերաբերյալ:



Այսօր գործում է 10 տոկոս եւ պատգամավորների մի խումբ (այդ թվում՝ Ա. Նռանյանը)՝ այն ապրանքների մասով, որտեղ ունենք տեղական արտադրություն, մրցակցային դաշտ եւ որտեղ ունենք հնարավորություն տեղական արտադրողին պաշտպանելու, 10 տոկոսն առաջարկում էինք դարձնել 15 տոկոս, այսինքն՝ օգտագործել այն գործիքները, որոնք կառավարությունը կարծես թե ընդունելի էր համարում:



Սակայն երեկ կառավարությունը մերժեց նաեւ այս առաջարկությունը, ինչը սպասելի էր, որովհետեւ իրականում կառավարությունը ոչ միայն չունի որեւէ գործիք՝ տեղական արտադրողին պաշտպանելու համար, այլեւ կառավարությունն ընդհանրապես ցանկություն չունի տեղական արտադրողին պաշտպանելու: Կառավարությունը նախագիծը չընդունեց, հիմնավորելով, որ գնաճի մեծացման վտանգն է մեծանում, իսկ հիմա, երբ էդ օրենքը չկա, գնաճն ինչի՞ համար է լինում... Ամենակարեւորը՝ կառավարությունը մշտապես տրամադրված է պատգամավորների կողմից ներկայացրած օրինագծերին բացասական եզրակացություն տալ:



Դրա ամենավառ օրինակը 2010-ի գարնանը մաքսային օրենսգրքում առաջարկած փոփոխությունն էր: Առաջարկվում էր հստակ սահմանել արգելք ժամկետանց սննդամթերքի՝ Հայաստան ներկրման համար եւ այլն: Սակայն վարչապետի ստորագրությամբ ստացանք բացասական եզրակացություն՝ հիմնավորմամբ, որ փոփոխությունը կատարելու կարիք չկա, հարցը վաղուց կարգավորված է օրենսդրությամբ, ինչն իրականությանը չէր համապատասխանում:



Դրանից մի քանի ամիս անց կառավարությունը, մի խումբ պատգամավորների օրինագիծն օգտագործելով, նմանատիպ նախաձեռնությամբ ներկայանում է ԱԺ «Սննդի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցով... Ակնհայտ է, որ նախկին տված եզրակացությունն իրականությանը չէր համապատասխանում: Վերջինի դեպքում կունենանք բացահայտ գրագողության օրինակ:



Արա ՆՌԱՆՅԱՆ



ԱԺ պատգամավոր, տնտեսագետ