Հայկական սերիալները` աֆղանական սինդրոմի լույսի ներքո

Հայկական սերիալները` աֆղանական սինդրոմի լույսի ներքո
Վերջին տարիների` մեր հեռուստաեթերը ողողած սերիալային բումն ինձ հիշեցնում է մոտ 10 տարի առաջ մեկնարկած այլ երեւույթ` լոտոների բումը: Այն ժամանակ էլ 1-2-ը սկսեցին այս բիզնեսը, գերշահույթներ ստացան, եւ նրանց օրինակին սկսեցին հետեւել տասնյակները, մինչեւ այդ գործընթացը դադարեց այդքան շահութաբեր լինել:



Գրեթե նույն մեխանիզմն այսօր կատարվում է սերիալների հետ, այն է` առանց առանձնապես ուղեղը լարելու, կարճ ժամանակում գերշահույթ ստանալը: Երբ ոչ պրոֆեսիոնալ դերասան-դերասանուհին խաղում է ոչ պրոֆեսիոնալ սցենարիստի կողմից գրված եւ ոչ պրոֆեսիոնալ ռեժիսորի կողմից նկարահանվող ֆիլմում (չգիտես՝ չակերտների մե՞ջ վերցնես այս վերջին բառը, թե՞ ոչ), դժվար չէ պատկերացնել, թե արդյունքն ինչ է լինելու: Իսկ թե ինչու մեր պատմության մեջ այդքան շատ կրկնվեց «ոչ պրոֆեսիոնալ» բառը, բացատրությունը շատ պարզ է` գերշահույթը նախեւառաջ պահանջում է ցածր ինքնարժեք, այսինքն` նախեւառաջ էժան աշխատուժ, ինչը կապահովվի միայն ոչ պրոֆեսիոնալ աշխատակազմով:



Իսկ գովազդային հոլովակները պատիկ անգամ կծածկեն այդ ծախսերը: Ահա եւ ձեզ սերիալ նկարահանելու պարզունակ բանալին: Սերիալների սցենարային խոհանոցը երբեմն ուղղակի զավեշտ է հիշեցնում: Այսպես, եթե որեւէ դերասան-դերասանուհի (նորից չկրկնենք «ոչ պրոֆեսիոնալ» բառը, արդեն պարզ է) այս կամ այն անձնական խնդիրներով չի կարող կամ չի ուզում նկարահանվել (պետք է մեկնի արտերկիր, լեզու չի գտել ղեկավարության հետ, «հանկարծ» հղիացել է, տեղափոխվում է այլ սերիալ եւ այլն), սցենարը կտրուկ փոխվում է ըստ իրադրության, նրա հերոսին կամ սպանում են, կամ նա առեղծվածային պայմաններում անհետանում է` նորից հայտնվելու ակնկալիքով: Եվ այս ողջ «շիլան» կախվում է այդ ամենին ակնապիշ հետեւող մեր ազգաբնակչության մի ստվար հատվածի ականջներին: Հասկանալի է, թե հասարակության այս «զոմբիացումն» ում եւ ինչու է ձեռնտու, եթե հատկապես հաշվի առնենք երկրում առկա սոցիալական ու քաղաքական ծայրահեղ եւ գնալով խորացող լարվածությունը...



Սակայն բանն այն է, որ սերիալների գոյությունը ոմանց համար «սոցիալական հակափաստարկի» լուրջ հիմք ունի: Չէ՞ որ դրանք մեծապես լուծում են մեր երկրի համար «աքիլեսյան գարշապար» դարձած զբաղվածության խնդիրը: Էլ ուրիշ ի՞նչ ոլորտում այդքան ոչ պրոֆեսիոնալ մարդիկ կարող են իրենց համար շատ թե քիչ հարմար վարձատրվող աշխատանք գտնել մի երկրում, որտեղ աշխատանքի շուկան ստրկատիրական մակարդակից շատ չի տարբերվում, գնաճը խորանում է օրեցօր, իսկ նվազագույն զամբյուղն էլ, ինչպես գիտենք, 32 հազար 500 դրամ է: Ստացվում է, որ միայն փառաբանել է պետք է մեր սերիալային «կնքահայրերին»:



Այս իրավիճակն ինձ մեկ այլ իրողություն է հիշեցնում` արդեն արտերկրյա օրինակից: Երբ Աֆղանստանում Օբամայի վարչակազմը սկսեց ծրագրված հակամիջոցներ կիրառել օփիումի մշակման ու արդյունահանման դեմ (իսկ իրականում գիտենք, որ դա ոչ այնքան պայքար էր, որքան՝ պայքարի իմիտացիա, սակայն դա մեր խնդրո առարկայի հետ կապ չունի), այս գործընթացն անմիջապես լուրջ հակազդեցության հանդիպեց. չէ՞ որ օփիումի արտադրությունը հնարավորություն է տալիս գոնե աֆղան ընտանիքներին կերակրվելու, իսկ դրա դեմ պայքարը նրանց կհասցնի ծայրահեղ աղքատության, ուրեմն եւ՝ սոցիալական աղետի: Այսինքն օփիումի արտադրությունը նույնպես լուծում է զբաղվածության խնդիր, եւ ուրեմն ինչ-որ իմաստով խրախուսելի է: Հասկանալի է, որ աֆղանական սինդրոմը երբեք լուծում չի ստանա, քանի որ օփիումը կերակրում է ոչ միայն աղքատ աֆղանցիներին, այլեւ գերշահույթներ բերում «վերեւներում»...



«Աֆղանական զուգահեռս» պատահական չէր, քանի որ հայկական սերիալներն էլ, լուծելով զբաղվածության, ուրեմն եւ` կերակրվելու խնդիրը, յուրովի օփիումի դեր են խաղում, մի ծանրակշիռ շտրիխ ավելացնելով մեր համընդհանուր հասարակական դեգրադացմանը (կարդա` վերը նշված «զոմբիացմանը»):



Վահե ՔՈՉԱՐ