Արաբական աշխարհում անհանգիստ է

Արաբական աշխարհում անհանգիստ է
2011-ի սկիզբը նշանավորվեց արաբական աշխարհում տեղի ունեցած մի շարք քաղաքական իրադարձություններով: Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները կարծես թե վերջապես իրենց հանգուցալուծմանն են գալիս, եւ դրանց մասին արժե առանձին ու հիմնավոր խոսել, իսկ ահա 3 երկրներում կատարվածը տարբեր պատճառներով նույնպես մեզ անտարբեր թողնել չի կարող: Սուդանը մասնատվեց երկու մասի, Թունիսում իրականացվեց իսլամական աշխարհի համար աննախադեպ ժողովրդավարական հեղափոխություն, իսկ Լիբանանում հերթական կառավարական ճգնաժամ է:



Այսպիսով, մի դեպքում առկա է միջազգային հանրության կողմից նոր ձեւավորված պետության հանդեպ «բարյացակամ» դիրքորոշումը, եւ մենք նորից ու նորից հիշում ենք Ղարաբաղի դեռ լուծում չստացող հիմնախնդիրը, մյուս դեպքում համաժողովրդական ըմբոստությունը հանգեցրեց իշխանափոխության, ինչը ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել Հայաստանում, իսկ երրորդ «տաք կետը» մի երկիր է, որտեղ զգալի է հայկական համայնքի ներկայությունը, դրանով իսկ այն չի կարող մեզ անտարբեր թողնել:



Եվ այսպես Սուդան



Աֆրիկյան մայրցամաքի` տարածքով ամենամեծ այս կիսաարաբական երկրում, որը միայն ամենավառ երեւակայության դեպքում կարելի է բարեկեցիկ ու ժողովրդավարական համարել, հունվարի 9-15-ը անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` երկրի հարավային մասն անջատվելու վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցեց հարավային (անջատվող) մասի ազգաբնակչության՝ ընտրելու իրավունք ունեցողների մոտ 80 տոկոսը, եւ ձայների ճնշող մեծամասնությամբ (մոտ 88 տոկոս) Հարավային Սուդանն անկախություն ստացավ:



Պաշտոնապես աշխարհի նոր` 193-րդ պետությունը կարող է քարտեզի վրա հայտնվել 2011 թ. հուլիսի 9-ին: Երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ճանաչել քվեարկության ցանկացած արդյունք: Իշխանությունների նման հանդուրժողականության դրսեւորումը բացատրվում է պատմական իրողությամբ. բանն այն է, որ հանրաքվեի անցկացումը 2005-ին` գրեթե 20 տարի տեւած եւ մոտ 2 միլիոն կյանքեր խլած քաղաքացիական պատերազմից հետո հարավցի անջատողականների հետ կնքված համաձայնագրի կետերից մեկն է:



Իհարկե, ալ-Բաշիրի քայլերը միանգամայն բացատրելի են. նա քաջ գիտակցում է, որ Հարավն իր ձեռքում պահել այլեւս չի կարող եւ իր այս քայլով կվերականգնի Արեւմուտքի հետ իր խաթարված փոխհարաբերությունները. չէ որ միջազգային քրեական դատարանով նա մեղադրվել է իր երկրում ցեղասպանություն իրականացնելու մեջ, իսկ Վաշինգտոնն էլ մինչ օրս Սուդանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում: Այս հանրաքվեն անգամ դժվար է անջատողականության հիմնախնդրի խաղաղ լուծման տարբերակ համարել, քանի որ այն կենտրոնական կառավարության` քաղաքացիական պատերազմում իր փաստացի պարտության ընդունումն է:



Միջազգային հանրության կողմից Հարավային Սուդան պետության ստեղծման նկատմամբ նման «բարյացակամությունը», ի հակառակ, ասենք՝ Աբխազիայի, Օսիայի կամ Ղարաբաղի անկախության ճանաչման, պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ նոր ձեւավորված պետությանը պատրաստ է ճանաչել հիմնական Սուդանի կառավարությունը, այսինքն այն պետությունը, որից առաջինն անջատվում է (ինչը, բնականաբար, տեղի չի ունենում Վրաստանում կամ Ադրբեջանում): Այսպիսով ՄԱԿ-ի անդամ դառնալու գործընթացում կարծես թե որեւէ խոչընդոտ չի լինի:



Սուդանի հարցում կան ակնհայտ շահագրգիռ կողմեր` առաջին հերթին ԱՄՆ-ն եւ Չինաստանը. այս գերտերությունները ձգտում են տիրանալ Աֆրիկայի էներգետիկ ռեսուրսներին, իսկ Հարավային Սուդանում նավթի մեծ պաշարներ կան:



Ինչեւէ, Սուդանում տեղի ունեցած իրադարձություններն ավելի շատ տագնապ են առաջացնում, քան ոգեւորություն, քանի որ «սեւ մայրցամաքում» բազմաթիվ են դեպքերը, երբ անկախության ձեռքբերումը հանգեցրել է նոր արյունահեղությունների, ու աշխարհում եւս մեկ նոր չքավոր պետության ստեղծմանը: Կա նաեւ այն վախը, որ Հարավային Սուդանի ստեղծումը կառաջացնի անջատողականության պայթյուն ողջ աֆրիկյան մայրցամաքում:



Թունիս



Թունիսում տեղի ունեցած իրադարձությունները, երբ այս` աֆրիկյան չափանիշներով բավական բարեկեցիկ երկրի ժողովուրդը, սոցիալական ծանր պայմաններից դրդված, դիմեց ապստամբության եւ փախուստի մատնեց իշխանությանը, չեն դադարում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Երկրում ծագած ժողովրդական խռովությունների արդյունքում 23 տարի ղեկավարած, հինգ անգամ գրեթե հարյուր տոկոս քվեներով նախագահ ընտրված  Զին էլ-Աբիդին բեն Ալին ընտանիքի հետ փախավ Սաուդյան Արաբիա, իսկ երկրի իշխանությունն իր ձեռքը վերցրեց վարչապետ Մուհամեդ ալ-Հանուշին:



Սակայն ապստամբ ժողովուրդը դեմ էր «տապալված վարչակարգի նոր դրածոյին» երկրի ղեկին տեսնելուն: Թունիսի սահմանադրական խորհուրդը որոշեց կազմավորել ժամանակավոր կառավարություն, երկրի ղեկը հանձնելով խորհրդարանի խոսնակին: Սակայն այս քայլն էլ չմեղմեց իրավիճակը, քանի որ ընդդիմադիր ուժերը համաձայն չէին ժամանակավոր կառավարության կազմում ներկա այն մի շարք նախարարների առկայությանը, որոնք ներկայացնում էին նախկին նախագահի վարչակազմը: Այսպիսով, իրավիճակը երկրում դեռ շարունակում է չափազանց լարված մնալ:



Դեկտեմբերի կեսերից սկսած խժդժությունների արդյունքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, սպանվել է ավելի քան 100 մարդ, երկրի բյուջեն կրել է մոտ 1,6 մլրդ եվրոյի վնաս: Հունվարի երկրորդ կեսին նոր իշխանությունները ձերբակալեցին տապալված նախագահի 33 ազգականների, որոնք մեղսակից են «նախագահի հետ մեկտեղ երկիրը թալանելու եւ այլ հակաժողովրդական գործընթացներ» իրականացնելու մեջ, երկրում սկսվեց դատավարություն` նախկին նախագահի եւ նրա ընտանիքի ֆինանսական մեքենայությունների գործով: Միեւնույն ժամանակ Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել են Թունիսի գահընկեց եղած  երկրի նախագահի` շվեյցարական բանկերում պահվող ակտիվները: Իսկ պաշտոնական Փարիզն էլ այն կարծիքն է հայտնել, որ Թունիսը լքած նախագահը, ամենայն հավանականությամբ, երկրից դուրս է հանել 1,5 տոննա ոսկի: Հունվարի 21-ին շնորհված համաներման շնորհիվ ազատ արձակվեցին բոլոր այն ընդդիմադիրները, որոնք բախումների արդյունքում հայտնվել էին բանտերում:



Եթե Արեւմուտքը սատարում է Թունիսում իրականացվող իշխանափոխությանը (պատահական չէ, որ օրերս Ֆրանսիան, Գերմանիան ու ԵՄ-ն հայտնել են երկրում ժողովրդավարության հաստատմանը սատարելուն իրենց պատրաստակամության մասին, եւ Թունիսում շատերն են գտնում, որ հեղափոխությունը հրահրվել էր հենց Արեւմուտքի կողմից), ապա տարածաշրջանի որոշ ղեկավարներ միանգամայն այլ դիրքորոշում ունեն: Մասնավորապես, Լիբիայի բռնապետ Քադաֆին հայտարարել է, որ շարունակում է գահընկեց նախագահին համարել Թունիսի օրինական ղեկավար: Ինչեւէ, այսօր Թունիսում բոլորը պատրաստվում են առաջիկա նախագահական ընտրություններին:



Լիբանան



Այս երկրում ներկա լարվածությունը սկսվեց նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի դեմ 2005-ին իրականացված սպանության առնչությամբ միջազգային դատարանի որոշման հետ: Քաղաքական ճգնաժամը ծագեց, երբ պարզ  դարձավ, որ Հաագայի դատարանը պատրաստվում էր հրապարակել գործի հետաքննության արդյունքները` հիմնական մեղքը բարդելով երկրում վաղուց արդեն միակ իրական ուժը ներկայացնող «Հզբոլլահ»-ի վրա: «Հզբոլլահ»-ի այն անդամները, որոնք կանչվել էին վկայություն տալու, հրաժարվեցին ներկայանալ դատարան, փաստացի բոյկոտելով երկրում տարիներ սպասված գործընթացը: Նման քայլը քաղաքական մեծ աղմուկ բարձրացրեց, ինչը հանգեցրեց 11 նախարարների հրաժարականին, որոնց թվում էր, ի դեպ, հայազգի, ՀՅԴ անդամ  Աբրահամ Դեդեյանը, ով 2009 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր երկրի արդյունաբերության նախարարի պաշտոնը:



Ներկայումս դե յուրե գործող վարչապետ Սաադ Հարիրիին` սպանված Ռաֆիկ Հարիրիի որդին, փաստորեն, կառավարության հրաժարականից հետո դարձել է յուրատեսակ «գեներալ առանց բանակի», չունենալով ոչ մի փաստացի լծակ, փոխարենը որից իրական սպառնալիքներ կան:



Լիբանանում իրավիճակը սրվում է այն պարզ պատճառով, որ բազմաթիվ են երկրի ներքին գործերին միջամտող պետությունները, որոնք բոլորն էլ իրենց քաղաքական շահերն ունեն: Դրանք են Սիրիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Օգտվելով ներքաղաքական սուր տարաձայնություններից՝ նրանք գտնում են իրենց դաշնակից ուժին եւ այդկերպ իրենց քաղաքական կամքը թելադրում:



Այս առումով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետեւյալ կերպ է մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Այն, ինչ կատարվեց Լիբանանում, երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս գործող ուժերի ակնհայտ փորձն է` խաթարել երկրի առաջընթացն ու կայունությունը, խոչընդոտել արդարության հաստատմանը»:



Լիբանանում արդեն տասնամյակներ տեւող եւ փուլային բնույթ կրող քաղաքացիական պատերազմն ու դրա հետեւանքով երկրի հասարակական շերտերի, էթնիկ խավերի ու տարբեր կրոն դավանող հատվածների միջեւ վաղուց առկա մասնատվածությունը ջլատել են երկրի ուժերը, եւ այստեղ ամեն պահի կարող է «կրակը նորից բռնկվել»:



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ