Վարչապետ, դու էլ կարդա

Վարչապետ, դու էլ կարդա
Օրերս  մենք տպագրել էինք Գեղարքունիքի մարզից ստացված մի նամակ, որտեղ նամակագիրն ահազանգում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Մանվել Շահինյանի կոռումպացված լինելու մասին: Նամակում արծարծված հարցերի վերաբերյալ լսել էինք նաեւ Շահինյանի մեկնաբանությունը, ինչին արձագանքել է մեր ընթերցողներից մեկը:



«Հարգելի խմբագրություն, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ՝ իմ ուղարկած նամակը տպագրելու համար: Ես ուզում էի, որ այն կարդար ՀՀ վարչապետը: Բայց ուզում եմ Գեղարքունիքի ոստիկանապետ Մանվել Շահինյանի ասածներն ուղղել: Երբ նա ասում էր, որ «դաչա չկա», ուզում եմ ասել, որ այն կա: Մեկը ոստիկանապետի աղջկա անունով է, մյուսն իրենն է: Երկուսն էլ գտնվում են Ծովազարդ գյուղի ծովափին: Ուղարկում եմ նկարները: Ասում է՝ ավտովերանորոգման կետն անօրինական է: Ինչո՞ւ նրան չեք հարցնում, թե ավտովերանորոգման կետը ոնց կարող է լինել օրինական, երբ այն ապօրինի կառուցվել է գյուղի կանաչապատ տարածքում՝ հատելով ամբողջ ծառերը: Երկու տարի շարունակ Գեղարքունիքի մարզի վարչության պետ Մանվել Շահինյանը, իր դաչան կառուցելու համար, աշխատացնում էր ոստիկաններին, նույնիսկ չկերակրելով: Անցած ամռանը Ճամբարակի խեղճ  ոստիկանները վառելափայտ էին բերել Մանվելի եւ ՀՀ ոստիկանապետի խորոված ուտելու համար: Ուղիղ 3 օր նրանք ջարդեցին փայտը, նոր տուն գնացին, խեղճերը տնեցիներին էլ բան չէին ասել: Ցավալին այն է, որ նրանք իրենց հացը խնդրում էին գյուղի բնակիչներից: Իսկ այս տարի արդեն Մանվելը նոր շինարարություն է սկսել, որի պրարաբը, այսպես ասած՝ վարչության տնտեսագետ Լ. Բաղդասարյանն է: Իսկ շինարարության վրա աշխատող շարքային  ոստիկան Միսաքյանը՝ Գանձակ գյուղից,  ընկել է ու ոտքը կոտրել: Մի՞թե դա թրաֆիքինգ չի»: